The OPEN minute newsletter / Դժվար երեխա
Օգոստոս 15, 2024

Դժվար երեխա

Ի՞նչ նկատի ունենք, երբ երեխային համարում ենք «նորմալ»

(ո՞րն է նորմալ երեխայի վարքագիծը)

Եթե ունենք իսկապես «դժվար» երեխա, կարող ենք զարմանալ, թե ինչպես նման վարքագիծ ցուցաբերող երեխան կարող է համարվել «նորմալ»:

Նորմալ կոչվելու համար երեխային բոլորովին էլ պարտադիր չէ լինել ինչ-որ միջին ցուցանիշների սահմաններում: Եվ չի կարելի համարել ոչ նորմալ միայն այն պատճառով, որ նա ցուցաբերում է դժվար (ծանր) վարքագիծ: Ոչ նորմալ կամ ախտաբանական վիճակը պարզորոշ ենթադրում է ախտորոշման ենթակա խանգարման առկայություն: Մարդիկ տարբեր են, և նրանց բնութագրող բազմազան հատկանիշներն ու վարքագծերը կարող են գտնվել նորմայի սահմաններում:

Վերցնենք, օրինակ, հավասար մտավոր կարողություններով և բացատրելի վարքագծով ութամյա երեք երեխաների, որոնք պետք է տնային աշխատանք կատարեն: Մեկն աշխատում է համահավասար և լավ կենտրոնանալով: Երկրորդը սկսում է դժվարությամբ, սակայն շարունակում է իր գործունեությունը մեծ համառությամբ և շատ դժվար է նրան դրանից կտրել: Երրորդն առանց վարանելու անմիջապես ձեռնամուխ է լինում գործին, սակայն հետագայում նրա ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, և երեխան աշխատում է ընդհատումներով: Վարքագծի այս 3 ձևերից որևէ մեկը չի կարող մյուսից ավելի «նորմալ» համարվել, նրանք պարզապես տարբեր են:

Անհնար է պատկերացնել, որ կան շատ ավելի դժվար երեխաներ: Նյու-Յորքում կատարված երեխաների համատարած երկարատև ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «նորմալ» երեխաների 10 տոկոսին կարելի է դժվար համարել: Բացի այդ, հեղինակների կողմից սահմանված «դժվար երեխա» խմբի մեջ չէին ներգրավվել այն երեխաները, որոնք ցուցաբերել էին վարքագծի հետևյալ դրսևորումները՝ բարձր ակտիվություն, ուշադրության շեղում, բացասական համառություն և ցածր զգայական շեմ (բարձր զգացողականություն): Ցուցաբերելով այս դրսևորումների հանդեպ պահպանողական (կոնսերվատիվ) մոտեցում՝ «դժվար» երեխաների 10 տոկոսին կավելանար երեխաների ևս 10 տոկոսը: Այսպիսով, կոպիտ գնահատման դեպքում մինչև 6 տարեկան բոլոր երեխաների 20 տոկոսին կարելի է համարել դժվար (ծանր) խառնվածք ունեցող և դժվար դաստիարակվող: Եթե մենք ներմուծենք նոր հասկացություն՝ «Որոշ դժվար հատկանիշներով կամ բնորոշ գծերով հանդերձ ընդհանուր առմամբ հեշտ երեխա», ապա խոսքը կգնա ավելի մեծ թվով երեխաների մասին:

 

Խառնվածքով դժվար երեխա 

Ընդհանուր առմամբ, ցանկացած երեխա կարող է գնահատվել յուրաքանչյուր ոլորտում հետևյալ կերպ.

Խառնվածքային   հատկություն Հեշտ Դժվար
Ակտիվության մակարդակ Ցածր Բարձր
Ուշադրության շեղում/ցրվածություն  Ցածր Բարձր
Ուժգնություն / ինտենսիվություն  Ցածր Բարձր
Կանոնիկություն Կանոնավոր Անկանոն
Բացասական համառություն  Ցածր Բարձր
Զգայական շեմ  Բարձր Ցածր
Մոտեցում/ հեռացում  Մոտեցում Հեռացում
Հարմարվողականություն Լավ Վատ
Տրամադրություն Դրական Բացասական

 

Կախված նրանից, թե խառնվածքի քանի ոլորտ է ընկնում սպեկտրի դժվարին հատվածում, և որքանով է ծնողի համար խնդրահարույց այդ վարքը, երեխաներին կարելի է բաժանել մի քանի խմբի.

  • Հիմնականում հեշտ, բայց որոշ դժվար հատկանիշներով՝ ծնողները կարող են հաղթահարել, բայց գուցե ստիպված լինեն սովորել կառավարման որոշ տեխնիկա և կարգապահություն:
  • Դժվար՝ երեխային մեծացնելը դժվար է, սթրես է ապրում ինչպես մայրը, այնպես էլ, որպես կանոն, ամբողջ ընտանիքը։
  • Շատ դժվար՝ և՛ երեխան, և՛ ընտանիքը դժվար, ծանր դրության մեջ են:«Անհնար» թվացող, «մոր հոգին հանող»՝ այս նկարագրական տերմինն ամեն ինչ ասում է:

 

Ո՞րն է դժվար խառնվածքի պատճառը

Ոչ ոք հաստատ չգիտի, թե ի՞նչն է դրա պատճառը: Այստեղ կարելի է որոշակիորեն հաստատել ժառանգական գործոնը՝ ինչպես աչքերի կամ մազերի գույնի փոխանցումը: Միշտ դժվար երեխաների ծնողներին առաջարկում ենք հարցնել իրենց ծնողներին. «Ինչպիսի՞ն եմ եղել ես երեխա ժամանակ»: Նրանք զարմանում են, երբ իրենց հայրերից ու մայրերից լսում են, որ մանկական հասակում ունեցել են ճիշտ նույն խառնվածքին բնորոշ գծերը, ինչպիսին ունեն իրենց սեփական ժառանգները: Սա կարող է հանգեցնել նրան, որ ժառանգականությանն այստեղ նույնպես վճռորոշ դեր տրվի: Չնայած այն հաստատվում է նույնանման երկվորյակների դիտարկումներով, այնուամենայնիվ չենք կարող ասել, որ ծնողից երեխային ամեն ինչն է փոխանցվում, նույնիսկ վարքագծի առանձին հատկանիշները:

Ներկայումս հայտնի է, որ անհատականությանը (անձին) շատ բնորոշ գծեր կենսաբանական բաղադրիչ ունեն: Մենք սկսում ենք գիտակցել, որ խառնվածքի կամ բնավորության ամեն մի մասնիկ երեխայի համար նույնքան կարևոր է, որքան նրա սնուցումը: Ժառանգական ներգործությունները, գլխուղեղի կենսաքիմիական և նյարդաբանական զարգացման առանձնահատկություններն են հիմնականում պայմանավորում մեր էությունը և երեխա ժամանակ, և չափահաս տարիքում: Օրինակ, կոնստիտուցիոնալ (կառուցվածքային) տեսակետից են դիտարկվում այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են արտահայտված տագնապի զգացումը կամ ամաչկոտությունը, առաջատար լինելու միտումը, համարձակությունը, հնազանդությունը հեղինակության հանդեպ:

Հղիության ընթացքում ազդող գործոնների դերը լրիվ պարզաբանված չէ: Ակտիվ, մասնավորապես «ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշով» երեխաների դեպքում որոշ հեղինակներ կարևոր նշանակություն են տալիս հղիության և ծննդաբերության բարդություններին: Նման երեխաների մեծ մասը տղաներ են: Դժվար վարքագծի մյուս դրսևորումների ժամանակ սեռային մեծ տարբերություններ չեն նկատվում:

Գոյություն չունի հարաբերակցություն (կորելյացիա) խառնվածքի և մտավոր կարողությունների, ընդունակությունների միջև: Դժվար երեխաների մտավոր կարողությունները կարող են լինել ցածր, միջին, փայլուն կամ բարձր: Չկա հարաբերակցություն նաև վարքագծի/խառնվածքի և ծնվելու հաջորդականության (առաջին, երկրորդ, վերջին երեխա) կամ որևէ սոցիալական դասին պատկանելու տեսանկյունից:

Հետաքրքիր կապ է հայտնաբերվել (չնայած գիտականորեն դեռ լրիվ չի ուսումնասիրվել) դժվար խառնվածքի և ալերգիաների, մասնավորապես՝ սննդային ալերգիայի միջև: Որոշակի թվով «դժվար» երեխաներ ունեն ալերգիա կաթի հանդեպ: Հետագայում նրանք հաճախ են ունենում ականջի և կոկորդի բորբոքումներ: Որոշ ծնողներ նշում են հարաբերակցություն (կորելյացիա) երեխայի վարքագծի առանձին բացասական դրսևորումների միջադեպի և որոշակի սննդի, մասնավորապես՝ մեծ քանակությամբ շաքար և արհեստական բաղադրամասեր պարունակող սննդատեսակների ընդունման միջև: Չնայած սննդի նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք գտնում են, որ բժշկական ոլորտի մասնագետները չափազանցնում են այդ հարցում սննդի նշանակությունը, շատ բժիշկներ վստահ են, որ սնուցման և վարքագծի միջև գոյություն ունի իրական կապ: Եվ, անշուշտ, ոչ մեկը չի կարող ժխտել, որ պետք է երեխաներին պաշտպանել քիմիական վնասակար նյութերից, պեստիցիդներից, ինչպես նաև նրանց ապահովել առողջ զարգացմանը նպաստող սննդով:

Նյարդային համակարգի անհամաչափ զարգացումը նույնպես կարող է որոշակի դեր խաղալ: Եթե առողջ երեխաների մեծ մասը հասունանում է այս կամ այն չափով համաչափ, ապա «դժվար» երեխաները սովորաբար զարգանում են անհամաչափ: Նրանք կարող են շատ խոշորամարմին լինել, նույնիսկ շատ զարգացած, սակայն որոշ իրավիճակներում իրենց պահել փոքրիկ երեխաների նման, որն էլ բերում է շրջապատի չափից մեծ արձագանքմանը (հակազդեցությանը): Մղումների նկատմամբ հսկողությունը, որը պայմանավորված է գլխուղեղի որոշակի հատվածների հասունացմամբ, շատ թույլ է արտահայտված հատկապես բարձր ակտիվությամբ «դժվար» երեխաների մոտ: Քնի անկանոն ռիթմը, միզապարկի նկատմամբ հսկողության ուշ ձևավորումը, խոսքի (լեզվի) և սովորելու հմտությունների անհավասարաչափ զարգացումն անսովոր երևույթներ չեն «դժվար» երեխաների մոտ: Այս երեխաներից շատերը թողնում են «խիստ լարված, պրկված և գրգռվածի», երբեմն էլ՝ «խրտնածի» տպավորություն: Կարծես ձիարշավի համար «լավ վարժեցրած ձիեր» լինեն: Եվ այդ տպավորությունն ստեղծվում է երեխայի վաղ տա- րիներից, նույնիսկ կրծքի տարիքից: Վերոհիշյալ բնորոշ գծերն անպայման իրենց կնիքը կթողնեն երեխայի նյարդային համակարգի վրա:

Բոլոր ծնողներին պետք է վճռականորեն խորհուրդ տալ, որ սևեռուն ձևով պատճառներ չփնտրեն: Ամենակարևորն այն է, որ չկա որևէ ապացույց, որ ծնողի/խնամողի դաստիարակության պատճառով է երեխայի մոտ ձևավորվել այդ դժվար խառնվածքը: Ինչպիսի նպաստող գործոններ էլ լինեն, բոլոր երեխաները, այդ թվում և «դժվարները», համարվում են անհատականություններ ոչ միայն իրենց ֆիզիկական առանձնահատկություններով և կարողություններով, այլև խառնվածքին բնորոշ գծերով:

 

Դուք գտնում եք, որ իմ երեխան դա դիտավորյալ չի՞ անում

Ճիշտ այդպես: Ձեր երեխան չի ուզում լինել «վատը», որպեսզի անպայման Ձեզ համբերությունից հանի: Դժբախտաբար, ծնողները հիմնականում հակված են շարժառիթները վերագրել իրենց երեխաներին հատկապես այն դեպքերում, երբ նրանք զարմացած և շվարած են երեխայի վարքից: 

Լուիզա անունով երիտասարդ մի մայր խիստ անհանգստություն և տագնապ էր ապրում ամեն գիշեր, երբ ճաշ  էր պատրաստում  իր  դուստր  Մարիի համար և չգիտեր, թե երբ նա կբարեհաճի ուտել կամ կուտի ընդհանրապես: Լուիզան սկսում էր  հավատալ, որ որքան ինքը ավելի մեծ դժվարություններ էր կրում ճաշ պատրաստելիս, այնքան  դուստրը մեծ համառությամբ և հապշտապ էր մերժում սնունդը, և կարծես դիտավորյալ, քանի որ տեսնում էր մոր չարչարանքները:  Մայրը երբևէ չէր նկատել, որ օրվա վերջում երեխան քաղցած է լինում տարբեր ժամերի. առաջին օրը՝ երեկոյան ժամը 7-ին, երկրորդ օրը՝  21-ին, իսկ հաջորդը՝  16:30-ին: Մարիի  անկանոն ախորժակը նրան թույլ չէր տալիս սոված լինել և ճաշի նստել միշտ երեկոյան նույն ժամին: Նա չէր էլ փորձում  հակաճառել մորը: Ուղղակի չէր ուզում ուտել  ամեն երեկո ժամը 6:00-ին և վերջ: Իհարկե, երբ  Լուիզա մեծ աղմուկ էր բարձրացնում  ճաշի ժամերին, Մարին ստիպված  նստում էր սեղանի շուրջը և ուտում  էր իր ճաշը:  

Սովորաբար այս իրավիճակներն ավարտվում էին Մարիին որևէ կաշառք տալով կամ մեծ կռվով: Մարին աստիճանաբար կռահում էր, որ չուտելը իր ուզածը պնդելու համար կարող է ծառայել որպես զորեղ միջոց: Երեխայի մոտ ձևավորվում էր այդ քայլին դիմելու շարժառիթների ամբողջությունը (մոտիվացիա):

 

Արատավոր Օղակ

Դժվար երեխաները ձգտում են պարփակվել վարքագծային որոշակի կաղապարներում, որոնք հրահրում են հենց ծնողները՝ ի պատասխան նրանց «դժվար» վարքագծի դրսևորումների: Նման երկկողմանի բացասական փոխազդեցությունների կրկնվելու հետևանքով երեխայի բնավորության բացասական գծերը դառնում են ավելի ցայտուն և ընդգրկուն:

Վերցնենք մեկ այլ օրինակ: Կարենը փոքրիկ տղա է, որին շատ են հետաքրքրում անվաչմուշկները: Նա շատ է ուզում ձեռք բերել դրանցից մեկ զույգ և սովորել սահել: Հայրը, շատ ցանկանալով հաճույք պատճառել ոչնչով չուրախացող և չոգևորվող իր որդուն, «կաշվից դուրս է գալիս» և վերջապես խանութներում շատ պտտվելուց հետո գնում է ամենաթանկ և ամենից աչքի զարնող չմուշկները: Երբ նա նվերը տուն է բերում և հանձնում Կարենին, որդին վերցնում է այն և, ոչ մի բառ չարտաբերելով, գնում է իր սենյակը: Հայրը կատաղությունից մոլեգնում է. «Ինչպե՞ս դու կարող ես ինձ հետ այդպես վարվել: Ես շրջել եմ չորս խանութ և քեզ համար գնել քաղաքի ամենալավ անվավոր չմուշկները»: Ի պատասխան հոր պոռթկումների՝ որդին չմուշկները նետում է հատակին և սկսում աղաղակել ու հեկեկալ: Հայրը հակված է ենթադրելու, որ երեխայի նման վերաբերմունքը բացասական տրամադրվածության հետևանք է, և նրա աննշան ուրախության փոխարեն մեկ այլ երեխա կհիանար, կհրճվեր, շնորհակալություն կասեր: Բայց Կարենը դիտավորյալ այդպես չի վարվում, որպեսզի ավելի մեծ անհանգստություն պատճառի հորը, նա պարզապես այդպիսին է: Բայց եթե հայրը շարունակի ցույց տալ իր բարկությունը, Կարենի բացասական տրամադրությունն ի վերջո բռնկվելու է հոր վերաբերմունքից:

Դժվար երեխաներն իրենց վարքագծով «ալեկոծում են» շրջապատը: Ինչպես լճակի մեջ նետված քարը, երեխայի ազդեցությունը տարածվում է անընդհատ լայնացող օղակների ձևով՝ առաջին հերթին ներգործելով մոր, հետո ամբողջ ընտանիքի, իսկ վերջում՝ շրջապատող միջավայրի վրա: Վերջինս ներառում է մյուս հարազատներին, հարևաններին, հասակակիցներին և դպրոցը: Ազդեցությունը թուլանում է ներգործության շառավղի աճին զուգահեռ:

Ինչևիցե, ոչ միայն դժվար երեխաներն են ներազդում իրենց շրջապատի վրա, այլև իրենք էլ իրենց հերթին ենթարկվում են շրջապատի մարդկանց զգալի մասի պատասխան ռեակցիային կամ հակազդմանը: Չհասկանալով/չըմբռնելով իրենց «դժվար» երեխայի վարքագիծը, ծնողները չեն կարող դիմել երեխայի խնամքի և կարգապահության հայտնի մեթոդների օգնությանը: Մայրերը միշտ զայրացած են, բորբոքված և ունեն մեղավորության զգացում: Ծնողները կորցնում են իրենց հեղինակությունը: Անարդյունավետ կարգապահությունն ավելի է շեշտում երեխայի «դժվար» վարքագիծը՝ իր հերթին ուժեղացնելով նրա պայքարը: Վերջին հաշվով արատավոր օղակի մեջ են ներգրավվում ողջ ընտանիքն ու այն մարդիկ, որոնք փոխհարաբերությունների մեջ են գտնվում «դժվար» երեխայի հետ:

 

Ընտանեկան Անախորժություններ

Այստեղ նպատակահարմար է/տեղին է «ընտանեկան անախորժություն կամ գզվռտոց» հասկացության կիրառումը: Անընդհատ շարունակվող բախումների հետևանքով երեխայի մոտ կարող են զարգանալ երկրորդային խնդիրներ: Դժվար երեխան կարող է դառնալ կպչուն և վախկոտ: Հաճախ կարող է ունենալ գիշերային վախեր կամ և իր պահվածքով այնքան խոցելի դառնալ, որ հեշտությամբ նրան կարող են վիրավորել: Նա կարող է գործել զայրացած կամ հաճախ իրեն պահել «երես առած» երեխայի նման:

Անհանգստացնում է այն, թե ինչպես են այս երեխաները վերաբերվում իրենց սեփական անձին: Նրանք կարծես ատում են իրենց և հաճախ են կրկնում. «Ես վատն եմ»: Վատ ինքնաճանաչումը կարող է արտահայտվել նաև այլ ձևերով: Որոշ երեխաներ ջանքերը կենտրոնացնում են հաղթանակի վրա կամ ցանկանում են լինել ամենաառաջինը, նրանք հաճախ խարդախություններ են անում խաղերի ժամանակ: Միշտ ձգտում են կատարելության և շատ շուտ են հուսահատվում: Աննշան սխալների պատճառով շատ են տխրում, իսկ փոքրիկ անհաջողություններից մեծ հիասթափություն են ապրում: Տարօրինակ է, որ տանն իրեն փոքրիկ բռնակալի նման պահող «երես առած» երեխան սովորաբար ունենում է սեփական արժանապատվության թույլ զգացում:

Նման  վարքագիծը  պայմանավորված  չէ  խառնվածքով,  սակայն  հաճախ  է  հանդիպում «դժվար» երեխաների մոտ: Երբ ծնողներն այս կամ այն չափով մեղմում են երեխայի վարքագծի դրսևորումները և ընտանեկան լարվածությունը թուլանում է, «գզվռտոցային» վարքը նույնպես կարգավորվում է: Այլ կերպ, այս լավացումն արատավոր օղակի հետ փոխազդման արդյունք է և բնորոշ չէ ծանր զգացմունքային խանգարումներին:

Եթե արատավոր օղակը շարունակվում է, երեխան վերջին հաշվով ավելի ծանր ազդեցության է ենթարկվում. նրա մոտ զարգանում են ուշ շրջանի զգացմունքային և վարքագծային խանգարումներ, որոնք պետք է կանխարգելել: Ապագա խնդիրների առաջնային կանխարգելումը, որն անհրաժեշտ է թե՛ երեխաների և թե՛ ընտանիքի մյուս անդամների համար, համարվում է հիմնական նպատակ:

Հարգանքով՝

Գայանե Զաքարյան
Վերականգնողական ծառայության ղեկավար
«ԱրԲեՍ» ԱԿ

Հղումներ
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը