Source: Child-Toe-Walking1 by Walkezstore.com Custom Orthotics
Source: little-baby-legs-go-on-track by Shutterstock
Ոտքի մատների վրա քայլվածքը բնութագրվում է որպես հենման ֆազայում հատակին կրունկի հպման բացակայություն քայլվածքի ցիկլի ընթացքում, ինչը հանգեցնում է ոտնամատների վրա երկկողմանի քայլվածքին, այլ կերպ ասած` քայլելու մի ձև է, երբ երեխան կրունկը գետնին չի դնում (ոտնամատ-ոտնամատ):
Նախապատմություն
Ոտքի մատների վրա քայլելը բավականին տարածված է այն երեխաների շրջանում, որոնք նոր են սովորում քայլել, բայց մեծամասնությունը տարիքի հետ ազատվում է այդ սովորությունից: Երեխաները, ովքեր մեծանալով շարունակում են քայլել մատների վրա, հաճախ դա անում են ըստ սովորության:
Սա ինքնին սովորաբար այն բանը չէ, ինչի մասին պետք է անհանգստանալ, քանի դեռ երեխան նորմալ զարգանում և աճում է, բայց 3 տարեկանից հետո ոտքի մատների վրա քայլելը /իդիոպաթիկ մատների վրա քայլվածք/, կարող է նորմալ չլինել և ուսումնասիրության կարիք ունենալ:
Սոբելի և ուրիշների կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատների վրա իդիոպաթիկ քայլքով երեխաների մեծամասնությունը նորմալ քաշով է ծնվել, ժամանակին քայլել է, սկսել է անմիջապես քայլել մատների վրա սկզբնական շրջանում և հիմնականում կանգնել ամբողջ ոտնաթաթի վրա (հարթ ոտնաթաթ), կարողացել է ցույց տալ կրունկ-թաթ քայլվածք, երբ հրահագվել է, և միայն մատների վրա քայլել է ընդհատումներով:
Ենթադրվում է, որ ԻՄՔ-ն (իդիոպաթիկ մատների վրա քայլվածք) կարող է լինել ավելի գլոբալ նյարդա-զարգացման խանգարման մի տարր, քանի որ այս երեխաներից շատերը միաժամանակ ունենում են այլ ախտորոշումներ: Շատ երեխաներ մատների վրա քայլելու հակում են ցուցաբերում, երբ նոր են սկսում քայլել, ինչը չի համարվում անոմալիա: Այնուամենայնիվ, եթե այս օրինաչափությունը պահպանվում է 2-3 տարեկանից հետո, որևէ այլ պաթոլոգիայի բացակայության դեպքում այն պետք է դիտարկվի որպես ԻՄՔ: Բարեբախտաբար, այս դեպքերի ավելի քան 90%-ը կարելի է բուժել պահպանողական բուժման տարբերակներով, և վիրահատություն չի պահանջվում:
Լե Կրասի և ուրիշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արական սեռի մոտ ԻՄՔ ավելի հաճախ է գրանցվել, քան իգականի, և հաճախ առկա է ԻՄՔ-ի ընտանեկան պատմություն:
Ի՞նչ է իդիոպաթիկ մատների վրա քայլվածքը
Իդիոպաթիկ մատների վրա քայլվածքը (ԻՄՔ), ինչպես հուշում է անունը, վերաբերում է առանց հիմքում ընկած պաթոլոգիական պատճառի քայլվածքին: Սա բացառման սկզբունքով ախտորոշում է, որի դեպքում էկվինուսային քայլվածք առաջացնող այլ պայմանները բացակայում են։
ԻՄՔ է համարվում, երբ երեք և ավելի բարձր տարիքի երեխան շարունակում է քայլել մատների վրա՝ առանց նյարդաբանական, օրթոպեդիկ կամ հոգեկան հիվանդության նշանների: Ըստ Ազգային Առողջապահության Ինստիտւտի Բժշկության ազգային գրադարանի, ԻՄՔ-ն դիտվում է երեխաների 7-ից 24 տոկոսի մոտ:
Երբ երեխան երկար ժամանակ քայլում է մատների վրա, ծնկների, կոնքերի և մեջքի ստորին հատվածի ոսկորներն ու կապանները ենթարկվում են անբնական սթրեսի: Մեծանալուն զուգահեռ ԻՄՔ-ն կարող է հանգեցնել ոսկրերի ոչ նորմալ աճի և/կամ կապանների գերձգման՝ երեխաներին դնելով վնասվածքների և հոդերի խախտման վտանգի տակ:
Իդիոպաթիկ մատների վրա քայլքի որոշ առանձնահատկություններ են.
- երկկողմանի քայլք ոտքի մատների վրա
- անընդմեջ հավասարակշռության պահպանում ոտքի մատների վրա
- ուղիղ ծնկներով քայլ
- պահանջի դեպքում գետնին հարթ ոտնաթաթերով կանգնելու կամ քայլելու կարողություն
- ոտքի մատների վրա քայլելու ընտանեկան անամնեզ
- արտահատված մատների վրա քայլք ոտաբոբիկ վիճակում և բարելավված քայլք կոշիկներ կրելիս
- արտահայտիչ մատների վրա քայլք այնպիսի մակերեսների վրա, որոնք ավելացնում են զգայական ազդեցությունը, ինչպիսիք են գորգը, սառը սալիկները և խոտը:
Թեև իդիոպաթիկ մատների վրա քայլքի պատճառն անհայտ է, կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են նպաստել այս քայլքի զարգացմանը: Դրանք են.
- փոխված պրոպրիցսեպիայի մշակում՝ տարածության մեջ մարմնի դիրքը զգալու խնդիրներ
- շոշափման ազդակների մշակման հետ կապված խնդիրներ՝ հաճախ հպման զգացողության նկատմամբ չափազանց արտահայտված պատասխան
- վեստիբուլյար ազդակների մշակման հետ կապված խնդիրներ՝ հավասարակշռության պահպանման խնդիրներ
- ընդհանուր մարմնի ուժ
- ընտանեկան անամնեզ՝ ոտքի մատների վրա քայլելը ավելի տարածված է այն երեխաների մոտ, որոնց ծնողները կամ քույրերն ու եղբայրները նույնպես ունեն նման խնդիր
- հոդերի գերշարժունակություն
- ոտքի և ոտնաթաթի մկանների ճկունություն՝ մատների վրա իդիոպաթիկ քայլք ունեցողների մոտ հաճախ առկա է ոչ միայն սրունքի մկանների ձգվածություն, այլ նաև կ/ազդրային հոդերի շարժումների սահմանափակում և իլիոտիբիալ գոտու ձգվածություն, ինչը փոխում է նրանց քայլվածքի ձևը:
Source: ec373edf-2c2b-450f-8576-4ab7d06efae5 by Boston Children’s Hospital
Ոտքի մատների վրա քայլքի ախտորոշում
Երեխայի ոտքերի վրա քայլքի ախտորոշման համար կարևոր է երեխայի բժշկական պատմության մանրազնին հավաքագրումը և ֆիզիկական զննում իրականացնելը: Առաջնային խորհրդատվության ժամանակ հետևյալ հարցերը տվեք.
- Որքա՞ն ժամանակ է երեխան քայլում:
- Ե՞րբ է երեխան սկսել քայլել մատների վրա:
- Արդյո՞ք ոտքի մատների վրա քայլելը նոր է զարգացել:
- Կարո՞ղ է երեխան քայլել կրունկների վրա:
- Ընտանիքում որևէ մեկը քայլո՞ւմ է ոտքի մատների վրա:
- Երեխան առողջական խնդիրներ ունի՞:
- Երեխան վաղաժամ է ծնվե՞լ:
էլեկտրամիոգրաֆիայի (ԷՄԳ) թեստը կարող է անհրաժեշտ լինել՝ ախտահարված մկանների վիճակը գնահատելու համար: Ի վերջո, եթե կասկածում եք այնպիսի վիճակներ, ինչպիսիք են աուտիզմը կամ ուղեղային կաթվածը, դիտարկեք երեխային լրացուցիչ հետազոտման համար նյարդաբանի խորհրդատվության ուղղորդելու անհրաժեշտությունը:
Դիֆերենցիալ ախտորոշում
Դիֆերենցիալ ախտորոշումը քննարկելիս կարևոր է հաշվի առնել ցանկացած հնարավոր նյարդամկանային կամ հենաշարժական հիվանդություն: Ոտքի մատների վրա քայլելը կարող է պայմանավորված լինել ուղեղային կաթվածով, աքիլեսյան ջլի բնածին կարճացումով կամ մկանային հիվանդությունների հետևանքով, ինչպես Դյուշենի մկանային դիստրոֆիան: Իդիոպաթիկ մատների վրա քայլքը կարող է կապված լինել զարգացման խանգարումների հետ, ինչպիսիք են աուտիզմը կամ այլ միոպաթիկ կամ նեյրոպաթիկ խանգարումները:
Խանգարումների մեծամասնությունը, որոնք առաջացնում են ոտքի մատների վրա քայլք, կարելի է բացառել` հիմնվելով անամնեզի և ֆիզիկական զննման վրա, ինչի արդյունքում ախտորոշվում է իդիոպաթիկ ոտքի մատների վրա քայլքը:
ԻՄՔ ախտորոշմամբ երեխայի մոտ նյարդաբանական զննման արդյունքները մկանային տոնուսի, ռեֆլեքսների, զգացողության և ուժի վերաբերյալ կլինեն նորմալ: Երեխան կարող է ունենալ կամ չունենալ սրունք/թաթային հոդում թիկնային ծալման /dorsiflexion/ պասիվ սահմանափակում: Իդիոպաթիկ ոտնաթաթի մատների վրա քայլքը միշտ լինում է երկկողմանի և սիմետրիկ, ի տարբերություն որոշ այլ նյարդաբանական վիճակների, որոնք կարող են առաջացնել միակողմանի կամ ասիմետրիկ ոտքի մատների վրա քայլք:
Զգայական կապ
Իդիոպաթիկ ոտքի մատների վրա քայլքը կարող է կապված լինել հիպեր- կամ հիպոզգայունության հետ: Որոշ երեխաների համար կարող է տհաճ լինել բոբիկ ոտքերով տարբեր մակերեսներին հպվելը, ինչը նրանց ստիպում է կանգնել մատների վրա ամբողջ ոտնաթաթը հատակին դնելուց խուսափելու համար:
Ոտնամատերի վրա` կայուն քայլքի դիֆերենցիալ ախտորոշում
Ախտորոշում | Կլինիկական նշաններ |
Մանկական ուղեղային կատված /ՄՈւԿ/ | Ծննդյան պատմության, զարգացման հապաղման, վերին վերջույթների ներգրավվածության, ասիմետրիա, վերին շարժողական նեյրոնի նշաններ, +/- ֆիքսված կոնտրակտուրներ |
Պերիֆերիկ/ծայրամասային նեյրոպաթիա | Ընտանեկան անամնեզ, զգայական գանգատներ (թմրածություն և այլն) և/կամ զգայական դեֆիցիտներ զննման ժամանակ ստորին շարժողական նեյրոնի նշաններ (ԽՋՌ-ի բացակայություն, ատրոֆիա), քարանձավանման, դեպի ներս թեքված ոտնաթաթեր (cavovarus feet) կամ մուրճաձև մատներ |
Աուտիզմի սպեկտրի խանգարում (ԱՍԽ) | Խոսքի հապաղում (նորմալ լսողության դեպքում), սոցիալական հաղորդակցության խանգարում, ստերեոտիպ վարքագիծ, վատ աչքի կոնտակտշ, մտավոր հետամնացություն կամ նորմալ ինտելեկտ, գերզգայունություն |
Ժառանգական սպաստիկ պարապլեգիա (ԺՍՊ) | Նման է ՄՈւԿ-ի, բայց նեյրոպատկերումը նորմալ է և հաճախ առկա է ընտանեկան անամնեզ: Կլինիկորեն ունի սպաստիկություն + թուլություն |
Ուշադրության պակաս հիպերակտիվության խանգարում (ՈւՊՀԽ) | Ընդհատվող ոտնամատների վրա քայլք (կոնտրակտուրաների ավելի քիչ հավանականություն): Հիպերակտիվություն, իմպուլսիվություն և/կամ անուշադրություն, ինչը հանգեցնում է երկու կամ ավելի միջավայրերում (օրինակ՝ դպրոց և տանը) գործունեության խանգարման: |
Համախտանիշ | Դիսմորֆիկ առանձնահատկություններ, գլոբալ հապաղումներ, հիպոտոնիա, ցնցումներ, ընտանեկան անամնեզում նմանատիպ խնդիրների առկայություն |
Ողնուղեղի հիվանդություն / խանգարում | Աղիների և միզապարկի ֆունկցիայի խանգարում, վերին և/կամ ստորին շարժողական նեյրոնի ախտանիշներ, ստորին վերջույթների ցավ/թուլություն/թմրածություն, ողնաշարի դիսրաֆիզմ (զանգված, փոսիկ, մազածածկույթ), ոտնաթաթերի զարգացող դեֆորմացիա։ |
Իդիոպաթիկ | Կայուն մատների վրա քայլք, որը կարող է ունենալ կամ չունենալ ֆիքսված ս/թաթային հոդերի կոնտրակտուրաներ, հաճախ կոնքի առաջ թեքում, առանց վերը թվարկած այլ նշանների: |
Երեխաների համար, ովքեր ավելի շատ զգայական ազդակ են փնտրում, ոտքի մատների վրա քայլքը մեծացնում է քայլելու ընթացքում հարվածային ուժի զգացումը, քանի որ հատակի հակադարձ ուժը բաշխվում է մետատարսալ ոսկրերի գլխիկների փոքր մակերեսներով:
Զննում/Գնահատում
Բուժման լավագույն արձանագրությունը որոշելու համար անհրաժեշտ է համապարփակ պատմություն/անամնեզ վերցնել: Երեխաները, ովքեր ավելի ուշ են տեղաշարժվում կամ բաց են թողնում զարգացման կարևորագույն նշաձողերը, որի արդյունքն է մարմնի քաշի կրման սահմանափակումը, հետագայում հաճախ ունենում են ԻՄՔ:
- Արդյո՞ք երեխան քայլում է մատների վրա կոշիկներ կրելիս:
- Նկատու՞մ եք, որ տարբեր մակերեսների վրա ոտաբոբիկ քայլելիս քիչ թե շատ մատների վրա քայլք է ցուցաբերում: Օրինակ՝ լողափի ավազ, այգու խոտ, կոշտ փայտյա հատակ, գորգ:
- Արդյո՞ք երեխան կարողանում է հասնել ս/թաթային հոդում շարժման ամբողջ ծավալին և պահպանել այն:
- Գնահատեք երկփորոկային, ձկնամկանի և ենթածնկային մկանների պասիվ և ակտիվ շարժման ծավալը:
- Գնահատեք երեխայի ստորին վերջույթների ընդհանուր բիոմեխանիկան՝ հիմնվելով կոնքի, ծնկների և ոտնաթաթերի դիրքի վրա:
- Գնահատեք երեխայի ոտնաթաթի կամարի ստատիկ և դինամիկ դիրքը: Հաճախ ԻՄՔ-ով երեխաներն ունեն թույլ խորանիստ ներբանային մկաններ և օգտագործում են ոտքի մատների վրա քայլքը թուլությունը փոխհատուցելու համար:
Ոտքի մատների վրա քայլքի բուժումը
Երեխաները, ովքեր պարզապես ոտքի մատների վրա քայլում են սովորությանը համաձայն, բուժման կարիք չունեն: Նրանք ի վերջո հաղթահարում են այդ սովորությունը: Այնուամենայնիվ, եթե մանկական օրթոպեդը որոշի, որ մատների վրա քայլելը պայմանավորված է ֆիզիկական խնդրով, բուժումը կարող է ներառել հետևյալը.
- Ֆիզիկական թերապիայի վարժություններ ոտքերի և ոտնաթաթերի մկաններն ուժեղացնելու և ձգելու համար:
Source: clubfootDF by Dinosaur Physical Therapy
Source: Assisted_stretch_for_young_child by The Royal Children’s Hospital Melbourne
- Ոտքերի օրթեզներ, գիշերային սպլինտեր՝ քայլվածքը շտկելու համար
- Անհատական օրթոպեդիկ ներդիրներ
- Իրար հաջորդող գիպսային վիրակապեր՝ ծնկից ներքև, որպեսզի ապահովվի ճիշտ դիրքը
- Բոտոքսի ներարկում
- Վիրահատություն
- Կոշիկի ճիշտ ընտրություն:
Հարգանքով՝
Գայանե Զաքարյան
Վերականգնողական ծառայության ղեկավար
«ԱրԲեՍ» ԱԿ