The OPEN minute newsletter / Երեխաների քայլվածք ոտքի մատների վրա 
Սեպտեմբեր 4, 2024

Երեխաների քայլվածք ոտքի մատների վրա 

Source: Child-Toe-Walking1 by Walkezstore.com Custom Orthotics 
Source: little-baby-legs-go-on-track by Shutterstock 

Ոտքի մատների վրա քայլվածքը բնութագրվում է որպես հենման ֆազայում հատակին կրունկի հպման բացակայություն քայլվածքի ցիկլի ընթացքում, ինչը հանգեցնում է ոտնամատների վրա երկկողմանի քայլվածքին, այլ կերպ ասած` քայլելու մի ձև է, երբ երեխան կրունկը գետնին չի դնում (ոտնամատ-ոտնամատ):

Նախապատմություն 

Ոտքի մատների վրա քայլելը բավականին տարածված է այն երեխաների շրջանում, որոնք նոր են սովորում քայլել, բայց մեծամասնությունը տարիքի հետ ազատվում է այդ սովորությունից: Երեխաները, ովքեր մեծանալով շարունակում են քայլել մատների վրա, հաճախ դա անում են ըստ սովորության:

Սա ինքնին սովորաբար այն բանը չէ, ինչի մասին պետք է անհանգստանալ, քանի դեռ երեխան նորմալ զարգանում և աճում է, բայց 3 տարեկանից հետո ոտքի մատների վրա քայլելը /իդիոպաթիկ մատների վրա քայլվածք/, կարող է նորմալ չլինել և ուսումնասիրության կարիք ունենալ:

Սոբելի և ուրիշների կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատների վրա իդիոպաթիկ քայլքով երեխաների մեծամասնությունը նորմալ քաշով է ծնվել, ժամանակին քայլել է, սկսել է անմիջապես քայլել մատների վրա սկզբնական  շրջանում և հիմնականում կանգնել ամբողջ ոտնաթաթի վրա (հարթ ոտնաթաթ), կարողացել է ցույց տալ կրունկ-թաթ քայլվածք, երբ հրահագվել է, և միայն մատների վրա քայլել է ընդհատումներով:

Ենթադրվում է, որ ԻՄՔ-ն (իդիոպաթիկ մատների վրա քայլվածք) կարող է լինել ավելի գլոբալ նյարդա-զարգացման խանգարման մի տարր, քանի որ այս երեխաներից շատերը միաժամանակ ունենում են այլ ախտորոշումներ: Շատ երեխաներ մատների վրա քայլելու հակում են ցուցաբերում, երբ նոր են սկսում քայլել, ինչը չի համարվում անոմալիա: Այնուամենայնիվ, եթե այս օրինաչափությունը պահպանվում է 2-3 տարեկանից հետո, որևէ այլ պաթոլոգիայի բացակայության դեպքում այն պետք է դիտարկվի որպես ԻՄՔ: Բարեբախտաբար, այս դեպքերի ավելի քան 90%-ը կարելի է բուժել պահպանողական բուժման տարբերակներով, և վիրահատություն չի պահանջվում:

Լե Կրասի և ուրիշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արական սեռի մոտ ԻՄՔ ավելի հաճախ է գրանցվել, քան իգականի, և հաճախ առկա է  ԻՄՔ-ի ընտանեկան պատմություն:

Ի՞նչ է իդիոպաթիկ մատների վրա քայլվածքը

Իդիոպաթիկ մատների վրա քայլվածքը (ԻՄՔ), ինչպես հուշում է անունը, վերաբերում է առանց հիմքում ընկած պաթոլոգիական պատճառի քայլվածքին: Սա բացառման սկզբունքով ախտորոշում է, որի դեպքում էկվինուսային քայլվածք առաջացնող այլ պայմանները բացակայում են։

ԻՄՔ է համարվում, երբ երեք և ավելի բարձր տարիքի երեխան շարունակում է քայլել մատների վրա՝ առանց նյարդաբանական, օրթոպեդիկ կամ հոգեկան հիվանդության նշանների: Ըստ Ազգային Առողջապահության Ինստիտւտի Բժշկության ազգային  գրադարանի, ԻՄՔ-ն դիտվում է երեխաների 7-ից 24 տոկոսի մոտ:

Երբ երեխան երկար ժամանակ քայլում է մատների վրա, ծնկների, կոնքերի և մեջքի ստորին հատվածի ոսկորներն ու կապանները ենթարկվում են անբնական սթրեսի: Մեծանալուն զուգահեռ ԻՄՔ-ն կարող է հանգեցնել ոսկրերի ոչ նորմալ աճի և/կամ կապանների գերձգման՝ երեխաներին դնելով վնասվածքների և հոդերի խախտման վտանգի տակ:

Իդիոպաթիկ մատների վրա քայլքի որոշ առանձնահատկություններ են. 

  • երկկողմանի քայլք ոտքի մատների վրա
  • անընդմեջ հավասարակշռության պահպանում ոտքի մատների վրա
  • ուղիղ ծնկներով քայլ
  • պահանջի դեպքում գետնին հարթ ոտնաթաթերով կանգնելու կամ քայլելու կարողություն
  • ոտքի մատների վրա քայլելու ընտանեկան անամնեզ
  • արտահատված մատների վրա քայլք ոտաբոբիկ վիճակում և բարելավված քայլք կոշիկներ կրելիս
  • արտահայտիչ մատների վրա քայլք այնպիսի մակերեսների վրա, որոնք ավելացնում են զգայական ազդեցությունը, ինչպիսիք են գորգը, սառը սալիկները և խոտը:

Թեև իդիոպաթիկ մատների վրա քայլքի պատճառն անհայտ է, կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են նպաստել այս քայլքի զարգացմանը: Դրանք են.

  • փոխված պրոպրիցսեպիայի մշակում՝ տարածության մեջ մարմնի դիրքը զգալու խնդիրներ
  • շոշափման ազդակների մշակման հետ կապված խնդիրներ՝ հաճախ հպման զգացողության  նկատմամբ չափազանց արտահայտված պատասխան
  • վեստիբուլյար ազդակների մշակման հետ կապված խնդիրներ՝ հավասարակշռության պահպանման խնդիրներ
  • ընդհանուր մարմնի ուժ
  • ընտանեկան անամնեզ՝ ոտքի մատների վրա քայլելը ավելի տարածված է այն երեխաների մոտ, որոնց ծնողները կամ քույրերն ու եղբայրները նույնպես ունեն  նման խնդիր
  • հոդերի գերշարժունակություն
  • ոտքի և ոտնաթաթի մկանների ճկունություն՝ մատների վրա իդիոպաթիկ քայլք ունեցողների մոտ հաճախ առկա է ոչ միայն սրունքի մկանների ձգվածություն, այլ նաև կ/ազդրային հոդերի շարժումների սահմանափակում և իլիոտիբիալ գոտու ձգվածություն, ինչը փոխում է նրանց քայլվածքի ձևը:

Source: ec373edf-2c2b-450f-8576-4ab7d06efae5 by Boston Children’s Hospital

Ոտքի մատների վրա քայլքի ախտորոշում

Երեխայի ոտքերի վրա քայլքի ախտորոշման համար կարևոր է երեխայի բժշկական պատմության մանրազնին հավաքագրումը և ֆիզիկական  զննում իրականացնելը: Առաջնային խորհրդատվության ժամանակ հետևյալ հարցերը տվեք.

  • Որքա՞ն ժամանակ է երեխան քայլում:
  • Ե՞րբ է երեխան սկսել քայլել մատների վրա:
  • Արդյո՞ք ոտքի մատների վրա քայլելը նոր է զարգացել:
  • Կարո՞ղ է երեխան քայլել կրունկների վրա:
  • Ընտանիքում որևէ մեկը քայլո՞ւմ է ոտքի մատների վրա:
  • Երեխան առողջական խնդիրներ ունի՞:
  • Երեխան վաղաժամ է ծնվե՞լ:

էլեկտրամիոգրաֆիայի (ԷՄԳ) թեստը կարող է անհրաժեշտ լինել՝ ախտահարված մկանների վիճակը գնահատելու համար: Ի վերջո, եթե կասկածում եք այնպիսի վիճակներ, ինչպիսիք են աուտիզմը կամ ուղեղային կաթվածը, դիտարկեք երեխային լրացուցիչ հետազոտման համար նյարդաբանի խորհրդատվության ուղղորդելու անհրաժեշտությունը:

Դիֆերենցիալ ախտորոշում  

Դիֆերենցիալ ախտորոշումը քննարկելիս կարևոր է հաշվի առնել ցանկացած հնարավոր նյարդամկանային կամ հենաշարժական հիվանդություն: Ոտքի մատների վրա քայլելը կարող է պայմանավորված լինել ուղեղային կաթվածով, աքիլեսյան ջլի բնածին կարճացումով կամ մկանային հիվանդությունների հետևանքով, ինչպես Դյուշենի մկանային դիստրոֆիան: Իդիոպաթիկ մատների վրա  քայլքը կարող է կապված լինել զարգացման խանգարումների հետ, ինչպիսիք են աուտիզմը կամ այլ միոպաթիկ կամ նեյրոպաթիկ խանգարումները:

Խանգարումների մեծամասնությունը, որոնք առաջացնում են ոտքի մատների վրա քայլք, կարելի է բացառել` հիմնվելով անամնեզի և ֆիզիկական զննման վրա, ինչի արդյունքում ախտորոշվում է իդիոպաթիկ ոտքի մատների վրա քայլքը:

ԻՄՔ ախտորոշմամբ  ​​երեխայի մոտ նյարդաբանական զննման արդյունքները  մկանային տոնուսի, ռեֆլեքսների, զգացողության և ուժի վերաբերյալ կլինեն նորմալ: Երեխան կարող է ունենալ կամ չունենալ սրունք/թաթային հոդում թիկնային ծալման /dorsiflexion/ պասիվ սահմանափակում: Իդիոպաթիկ ոտնաթաթի մատների վրա քայլքը միշտ լինում է երկկողմանի և սիմետրիկ, ի տարբերություն որոշ այլ նյարդաբանական վիճակների, որոնք կարող են առաջացնել միակողմանի կամ ասիմետրիկ ոտքի մատների վրա քայլք:

Զգայական կապ  

Իդիոպաթիկ ոտքի մատների վրա քայլքը կարող է կապված լինել հիպեր- կամ հիպոզգայունության հետ: Որոշ երեխաների համար կարող է տհաճ լինել բոբիկ ոտքերով տարբեր մակերեսներին հպվելը, ինչը նրանց ստիպում է կանգնել մատների վրա ամբողջ ոտնաթաթը հատակին դնելուց խուսափելու համար:

Ոտնամատերի վրա` կայուն քայլքի դիֆերենցիալ ախտորոշում

Ախտորոշում Կլինիկական նշաններ 
Մանկական ուղեղային կատված /ՄՈւԿ/ Ծննդյան պատմության, զարգացման հապաղման, վերին վերջույթների ներգրավվածության, ասիմետրիա, վերին շարժողական  նեյրոնի նշաններ, +/- ֆիքսված կոնտրակտուրներ
Պերիֆերիկ/ծայրամասային նեյրոպաթիա Ընտանեկան անամնեզ, զգայական գանգատներ (թմրածություն և այլն) և/կամ զգայական դեֆիցիտներ զննման ժամանակ ստորին շարժողական նեյրոնի նշաններ (ԽՋՌ-ի բացակայություն, ատրոֆիա), քարանձավանման, դեպի ներս թեքված ոտնաթաթեր (cavovarus feet) կամ մուրճաձև մատներ
Աուտիզմի սպեկտրի խանգարում (ԱՍԽ) Խոսքի հապաղում (նորմալ լսողության դեպքում), սոցիալական հաղորդակցության խանգարում, ստերեոտիպ վարքագիծ, վատ աչքի կոնտակտշ, մտավոր հետամնացություն կամ նորմալ ինտելեկտ, գերզգայունություն
Ժառանգական սպաստիկ պարապլեգիա (ԺՍՊ) Նման է ՄՈւԿ-ի, բայց նեյրոպատկերումը նորմալ է և հաճախ առկա է ընտանեկան անամնեզ: Կլինիկորեն ունի սպաստիկություն + թուլություն
Ուշադրության պակաս հիպերակտիվության խանգարում (ՈւՊՀԽ) Ընդհատվող ոտնամատների վրա քայլք (կոնտրակտուրաների ավելի քիչ հավանականություն): Հիպերակտիվություն, իմպուլսիվություն և/կամ անուշադրություն, ինչը հանգեցնում է երկու կամ ավելի միջավայրերում (օրինակ՝ դպրոց և տանը) գործունեության խանգարման: 
Համախտանիշ Դիսմորֆիկ առանձնահատկություններ, գլոբալ հապաղումներ, հիպոտոնիա, ցնցումներ, ընտանեկան անամնեզում նմանատիպ խնդիրների առկայություն
Ողնուղեղի հիվանդություն / խանգարում Աղիների և միզապարկի ֆունկցիայի խանգարում, վերին և/կամ ստորին շարժողական նեյրոնի ախտանիշներ, ստորին վերջույթների ցավ/թուլություն/թմրածություն, ողնաշարի դիսրաֆիզմ (զանգված, փոսիկ, մազածածկույթ), ոտնաթաթերի զարգացող դեֆորմացիա։ 
Իդիոպաթիկ  Կայուն ​​մատների վրա քայլք, որը կարող է ունենալ կամ չունենալ ֆիքսված ս/թաթային հոդերի կոնտրակտուրաներ, հաճախ կոնքի առաջ թեքում, առանց վերը թվարկած այլ նշանների:

Երեխաների համար, ովքեր ավելի շատ զգայական ազդակ են փնտրում, ոտքի մատների վրա քայլքը մեծացնում է քայլելու ընթացքում հարվածային ուժի զգացումը, քանի որ հատակի հակադարձ ուժը բաշխվում է մետատարսալ ոսկրերի գլխիկների փոքր մակերեսներով:

Զննում/Գնահատում   

Բուժման լավագույն արձանագրությունը որոշելու համար անհրաժեշտ է համապարփակ պատմություն/անամնեզ վերցնել: Երեխաները, ովքեր ավելի ուշ են տեղաշարժվում կամ բաց են թողնում զարգացման կարևորագույն նշաձողերը, որի արդյունքն է մարմնի քաշի կրման սահմանափակումը, հետագայում հաճախ ունենում են ԻՄՔ:

  • Արդյո՞ք երեխան քայլում է մատների վրա կոշիկներ կրելիս:
  • Նկատու՞մ եք, որ տարբեր մակերեսների վրա ոտաբոբիկ քայլելիս քիչ թե շատ մատների վրա քայլք է ցուցաբերում: Օրինակ՝ լողափի ավազ, այգու խոտ, կոշտ փայտյա հատակ, գորգ:
  • Արդյո՞ք երեխան կարողանում է հասնել ս/թաթային հոդում շարժման ամբողջ ծավալին և պահպանել այն:
  • Գնահատեք երկփորոկային, ձկնամկանի և ենթածնկային մկանների պասիվ և ակտիվ շարժման ծավալը:
  • Գնահատեք երեխայի ստորին վերջույթների ընդհանուր բիոմեխանիկան՝ հիմնվելով կոնքի, ծնկների և ոտնաթաթերի դիրքի վրա:
  • Գնահատեք երեխայի ոտնաթաթի կամարի ստատիկ և դինամիկ դիրքը: Հաճախ ԻՄՔ-ով երեխաներն ունեն թույլ խորանիստ ներբանային մկաններ և օգտագործում են ոտքի մատների վրա քայլքը թուլությունը փոխհատուցելու համար:

Ոտքի մատների վրա քայլքի բուժումը

Երեխաները, ովքեր պարզապես ոտքի մատների վրա քայլում են սովորությանը համաձայն, բուժման կարիք չունեն: Նրանք ի վերջո հաղթահարում են այդ  սովորությունը: Այնուամենայնիվ, եթե մանկական օրթոպեդը որոշի, որ մատների վրա քայլելը պայմանավորված է ֆիզիկական խնդրով, բուժումը կարող է ներառել հետևյալը.

  • Ֆիզիկական թերապիայի վարժություններ ոտքերի և ոտնաթաթերի մկաններն   ուժեղացնելու և ձգելու համար:

Source: clubfootDF by Dinosaur Physical Therapy
Source: Assisted_stretch_for_young_child by The Royal Children’s Hospital Melbourne

  • Ոտքերի օրթեզներ, գիշերային սպլինտեր՝ քայլվածքը շտկելու համար
  • Անհատական օրթոպեդիկ ներդիրներ
  • Իրար հաջորդող գիպսային վիրակապեր՝ ծնկից ներքև, որպեսզի ապահովվի ճիշտ դիրքը
  • Բոտոքսի ներարկում
  • Վիրահատություն
  • Կոշիկի ճիշտ ընտրություն:

 

Հարգանքով՝

Գայանե Զաքարյան
Վերականգնողական ծառայության ղեկավար
«ԱրԲեՍ» ԱԿ

Հղումներ
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը