Աուտիզմի սպեկտրի խանգարումների ճանաչումը և նյարդաբազմազանությունը

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան.

  • Սահմանել աուտիզմի սպեկտրի խանգարումը (ԱՍԽ )
  • Ախտորոշել աուտիզմի սպեկտրի խանգարումը
  • Ճանաչել ախտանշանները
  • Տարբերակել այլ ախտորոշումներից
  • Մեղմել ԱՍԽ-ի ախտանշանները
  • Հասկանալ նյարդաբազմազանությունը

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս համապարփակ առցանց դասընթացը խորությամբ բացահայտում է աուտիզմի սպեկտրի խանգարումը (ԱՍԽ)՝ անդրադառնալով դրա սահմանմանը, ախտորոշմանը, ախտանշաններին և բուժման տարբերակներին։ Մասնակիցները կսովորեն տարբերակել ԱՍԽ-ն ճշգրիտ ախտորոշման միջոցով և ճանաչել դրա ախտանշանները՝ տարբերելով դրանք այլ հիվանդությունների ախտանշաններից։ Դասընթացում մանրամասն քննարկվում են տարատեսակ թերապևտիկ միջամտություններ, որոնց նպատակն է ԱՍԽ-ի ախտանշանների մեղմումը՝ սկսած վարքային տեխնիկաներից մինչև դեղորայքային մոտեցումներ։ Բացի դրանից, խոսվում է նյարդաբազմազանությունը հասկանալու և ընդունելու կարևորության մասին, ինչը ներառական միջավայր կապահովի ԱՍԽ և այլ նյարդատարբերվող անհատների համար։ Այս դասընթացի միջոցով մասնակիցները կզինվեն անհրաժեշտ գիտելիքներով և կարեկցանքով, ինչը կարևոր նախապայման է աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող անհատներին լավագույնս աջակցելու համար։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Թամար Նազիրյան-Չորբաջյան

Բժ․ Թամար Նազիրյան-Չորբաջյան

Դոկտոր Թամար Նազիրյան-Չորբաջյանը կլինիկական դոցենտ է Կայզեր Պերմանենտեի Բերնարդ Ջ. Թայսոնի անվ. բժշկական քոլեջի Կլինիկական բժշկության ամբիոնում, Բարձր ռիսկի խմբի նորածինների կլինիկայի (High Risk Infant Follow-up Clinic) տնօրենը և զարգացման ու վարքի գծով մանկաբույժ Բոլդուին Փարք քաղաքի Կայզեր Պերմանենտե կլինիկայում։ Նա որակավորված է որպես զարգացման-վարքի մանկաբուժության և ընդհանուր մանկաբուժության մասնագետ։
Դոկտոր Չորբաջյանը ախտորոշում և բուժում է նյարդային զարգացման տարատեսակ խանգարումներ՝ աուտիզմ, ՈՒՊՀՀ (ADHD), ուսուցման հետ կապված խանգարումներ և զարգացման ու վարքի այլ առանձնահատկություններ՝ օգնելով ընտանիքներին խնամքի տարբեր համակարգերից ընտրել լավագույնը։ Նախքան բժշկական կրթությունը դոկտոր Չորբաջյանը բակալավրի կոչում է ստացել ֆիզիոլոգիական գիտությունների ոլորտում՝ ավարտելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Պետական քաղաքականություն և հանրային առողջապահություն բաժինը, և հանրային առողջապահության ոլորտի մագիստրոսի կոչում ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Բժշկական կրթություն ստացել է Առողջապահական գիտությունների արևմտյան համալսարանում (Օստեոպաթիկ բժշկության խաղաղօվկիանոսյան քոլեջ), իսկ օրդինատուրան անցել Կալիֆոռնիա Իրվայն համալսարանում (CHOC մանկաբուժության օրդինատուրայի ծրագիր) Նյու Մեքսիկոյի համալսարանում պրակտիկան ավարտելուց հետո։ Զարգացման-վարքի մանկաբուժության ոլորտում կրթաթոշակային վերապատրաստում է անցել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում՝ միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Զարգացման խանգարումների գերազանցության համալսարանական կենտրոնում անցնելով Մոր և մանկան առողջության բյուրոյի LEND առաջնորդության դասընթացը։ Ավելի ուշ նույն կենտրոնում նա դարձավ դասընթացավար։
Դոկտոր Չորբաջյանը հատկապես կարևորում է երեխաների շրջանում տարբեր նյարդաբանական հիվանդությունների և վարքային խնդիրների վաղ ախտորոշումը և միջամտությունը։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է առողջապահական խտրականությունները հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ, մեդիայի օգտագործման ազդեցությունը երեխաների զարգացման և վարքի վրա, ինչպես նաև աղքատության ազդեցությունը երեխաների առողջության վրա, ինչի մասին նա դասագրքի մի ամբողջ գլուխ է գրել։ Նա նաև սիրող ու նվիրված մայր է և զբաղվում է բոլոր ծնողների ու ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ։ Դոկտոր Չորբաջյանը ջանք չի խնայում՝ պայքարելով զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար՝ ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։