Փոդքասթ - Անկյունային դեֆորմացիաներ

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`

  • Հասկանալ երեխաների մոտ անկյունային դեֆորմացիաների բնականոն զարգացումը, ներառյալ genu varum-ը (աղեղնաձև ոտքեր) և genu valgum-ը (X-աձև ոտքեր), և իմանալ դրանց վերականգնման ակնկալվող ժամանակացույցը 
  • Բացահայտել անկյունային դեֆորմացիաների վտանգի ազդանշանները, ինչպիսիք են ասիմետրիան, կաղությունը, ցավը և ոչ բնականոն աճը, որոնք կարող են վկայել հիմքում ընկած հետագա գնահատում պահանջող ախտաբանության մասին
  • Ախտորոշել և բուժել անկյունային դեֆորմացիաների հետ կապված վիճակները, ներառյալ ռախիտը, հիպոֆոսֆատեմիկ ռախիտը, Բլաունտի հիվանդությունը և սրունքի սուսերաձև դեֆորմացիան, և հասկանալ դրանց հատուկ կլինիկական նշանները և ախտորոշիչ չափանիշները
  • Ուսումնասիրել անկյունային դեֆորմացիաների ժամանակակից բուժման տարբերակները, ներառյալ հեմիէպիֆիզիոդեզը և այլ նվազագույն ինվազիվ մեթոդները, ինչպես նաև հասկանալ, թե երբ կարող են պահանջվել ավելի ինվազիվ միջամտություններ, ինչպիսին է օստեոտոմիան
  • Սովորել երեխաների մոտ Կոնքազդրային հոդի զարգացող դիսպլազիայի (DDH) սքրինինգի և վաղ հայտնաբերման կարևորությունը, ինչպես նաև սովորել ինչպես իրականացնել առանցքային ախտորոշիչ մանևրները, ինչպիսիք են Բարլոուի և Օրթոլանիի թեստերը
  • Գնահատել DDH-ի ուշ ախտանիշները, ինչպիսին է Գալեացցիի նշանը, և հասկանալ, թե ինչպես են այս նշանները ուղղորդում հետագա ախտորոշիչ պատկերավորումը և օրթոպեդիկ բուժումը

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և օրթոպեդ-վնասվաածքաբանների համար։

Դասընթացի նկարագրություն

Այս թողարկման մեջ բժիշկ Էյալ Բեն-Այսեքը և բժիշկ Ալեքսանդր Վան Սպեյբրուկը կքննարկեն մանկական պրակտիկայում հանդիպող անկյունային դեֆորմացիաները՝ կենտրոնանալով genu varum-ի (աղեղնաձև ոտքեր) և genu valgum-ի (X-աձև ոտքեր) վրա։ Նրանք կխոսեն այս վիճակների բնականոն զարգացման, դրանց վերականգնման ժամանակացույցի և ախտորոշման հիմնական չափանիշների մասին։ Թողարկման մեջ կլուսաբանվեն հիմնական «կարմիր դրոշակները», ինչպիսիք են ասիմետրիան, կաղությունը և ցավը, և անդրադարձ կկատարվի բուժման ժամանակակից այնպիսի մեթոդներին, ինչպիսին է, օրինակ, հեմիէպիֆիզիոդեզը։ Բացի այդ, քննարկումն կընդգրկի հարակից այնպիսի վիճակների բուժումը, ինչպիսիք են ռախիտը, հիպոֆոսֆատեմիկ ռախիտը, Բլաունտի հիվանդությունը և սրունքի սուսերաձև դեֆորմացիան։ Թողարկման մեջ անդրադարձ կկատարվի նաև Կոնքազդրային հոդի զարգացող դիսպլազիային (DDH)՝ ներառյալ սկրինինգի մեթոդներին, ռիսկի գործոններին և ախտորոշման մոտեցումներին՝ կենտրոնանալով օբյեկտիվ զննման միջոցով վաղ հայտնաբերման վրա՝ օգտագործելով Բարլոուի և Օրթոլանիի մանևրները, և ուշ ախտանիշների ճանաչումը, ինչպիսին է Գալեացցիի նշանը։ Այս թողարկման նպատակն է տալ բժիշկներին հիմնական գիտելիքներ անկյունային դեֆորմացիաների վաղ ճանաչման, ախտորոշման և բուժման վերաբերյալ, ինչը կբերի ավելի լավ բուժական արդյունքների պացիենտների մոտ։ 

Թողարկման երկրորդ հատվածում Թամար Մինասյանը եւ բժիշկ Վահե Յավրյանը կներկայացնեն բնածին ծուռթաթության և կոնքազդրային հոդի դիսպլազիայի արդի ախտորոշման մեթոդները, բուժման մոտեցումները, ՀՀում կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգի ներդրումը և մոտակա արդյունքների քննարկումը, առկա վիճակը և մարտահրավերները։ Անդրադարձ կկատարվի նաև ԱՄՆ-ում եւ Հայաստանում ախտորոշման և բուժման նմանություններին և տարբերություններին։ 

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ. Ալեքսանդր Վան Սպեյբրուկ

Բժ. Ալեքսանդր Վան Սպեյբրուկ

Բժիշկ Ալեքսանդր Վան Սպեյբրուկը, MD/MPH, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Ընդհանուր մանկաբուժության բաժանմունքի մանկաբույժ է, որտեղ նա աշխատում է որպես Spina Bifida ծրագրի բժշկական տնօրեն և Գլոբալ առողջապահության IMPACT Track ռեզիդենտուրայի ծրագրի համատնօրեն։ Նա նաև հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Կեկի անվան բժշկական դպրոցի մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է։ Մանկաբուժության ոլորտում հավաստագրում ստացած բժիշկ Վան Սպեյբրուկը մասնագիտացած է Լոս Անջելեսի Շրայների մանկական հիվանդանոցում Spina Bifida, մկանային դիստրոֆիա և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների խնամքի ոլորտում։ Նրա փորձը առողջապահական ոլորտում ներառում է բժշկական առաքելություններ Մեքսիկայում, Էկվադորում, Էլ Սալվադորում, Նիկարագուայում, Մոնղոլիայում, Վիետնամում և Գվատեմալայում։ Նա ակտիվորեն ներգրավված է Spina Bifida ունեցող երեխաների խնամքի մեջ և ծառայել է որպես անդամ, դասախոս և հետազոտող Spina Bifida ասոցիացիայում և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոններում։ Նա ստացել է իր բժշկական կրթությունը Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցից և հանրային առողջապահության դպրոցից և ավարտել է իր ինտերնատուրան և ռեզիդենտուրան Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում։ Բժիշկ Վան Սպեյբրուկը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ներառյալ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Հումանիզմի մրցանակի թեկնածու և Շրայների մանկական հիվանդանոցի 10-ամյա ծառայության մրցանակը։ 

Բժ․ Վահե Յավրյան

Բժ․ Վահե Յավրյան

Բժ․ Վահե Յավրյանը բարձրակարգ մանկական օրթոպեդ վիրաբույժ է՝ ավելի քան երկու տասնամյակ փորձով, ով ներկայումս զբաղեցնում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ ԱՆ խորհրդատուն մանկալան օրթոպեդիայի գծով: Նա մանկաբուժության դիպլոմը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և անցել է մանկական օրթոպեդիայի մասնագիտական լայնածավալ վերապատրաստում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Դոկտոր Յավրյանը մի շարք մասնագիտական կազմակերպությունների ակտիվ անդամ է և բազմիցս ներկայացրել է իր գիտական աշխատանքները և կլինիկական փորձը՝ տեղական և միջազգային համաժողովներում։ Նրա մասնագիտական փորձը ներառում է մանկական նեյրոօրթոպեդիկ հիվանդությունների բուժումը։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նյութեր
Դասընթացի սահիկաշար
Գիտելիքի ստուգում
ՇՄԶ թեստ՝ Անկյունային դեֆորմացիաներ