Փոդքասթ – Էկզեմա
Կրթական նպատակներ
Էպիզոդի վերջում մասնակիցները պետք է կարողանան․
- Բացատրել, թե տարիների ընթացքում ինչ ուղղությամբ են զարգացել Հավելյալ սննդի ներմուծման ցուցումները մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում և թե ինչու են այդ փոփոխությունները տեղի ունեցել
- Ճանաչել սննդային ալերգիայի ռիսկի գործոնները կրծքի հասակի երեխաների շրջանում՝ հատուկ ուշադրություն սևեռելով էկզեմային և ընտանեկան պատմությանը, հասկանալ այս գորշոնների ազդեցությունը հավելյալ սննդի ներմուծման ժամանակի վրա
- Բացատրել համատեղ որոշման կայացման կոնցեպտը, երբ խոսքը վերաբերում է սննդային ալերգիաների թեստավորմանը և բարձր ռիսկայնության սննդի աստիճանական ներմուծման մոտեցումը մինչև մեկ տարեկան երեխաների սննդակարգ
- Բացատրել ատոպիկ դերմատիտի տարածվածության և ծանրության աստիճանի տարբերությունները Հայաստանում և ԱՄՆ-ում
- Բացտրել ատոպիկ դերմատիտի վարման հիմնաքրերը
- Իմանալ ատոպիկ դերմատիտով հանրային առողջապահական ծանրաբեռնվածության նվազեցման ուղիները
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների, ալերգոլոգների, մաշկաբանների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս էպիզոդում Բժիշկ Մելինդա Բրասքեթը պատմում է IgE-ի միջնորդավորված սննդային ալերգիայի ազդեցության և մեխանիզմների, պինդ ուտելիքները վաղ տարիքում ներմուծելու ապացույցների մասին, ինչպես նաև ներկայացնում, թե ինչ ուղղվածությամբ է զարգանում սննդային ալերգիայի ոլորտը: Էպիզոդը սկսվում է խնդրի սահմանմամբ. «Նկարագրել IgE-ի միջնորդավորված սննդային ալերգիայի ազդեցությունը և մեխանիզմները»։ Հաջորդիվ ներկայացվում է պինդ սննդի վաղ ներմուծման վերաբերյալ ապացույցները, մասնավորապես տարբեր մշակույթների առանձնահատկությունները։ Քննարկվում է նաև, թե ինչպես կարելի է թեստավորման նպատակով նոր պրակտիկ ուղեցույցներ ստեղծել, ինչպես կարելի է գետնանուշը ներմուծել բարձր և ցածր ռիսկայնություն ունեցող երեխաների սննդակարգ։ Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական և մշակութային գործոններին՝ ընդծելով վաղ ներմուծման սահմանափակումները (ապացուցված չէ բոլոր ալերգենները սննդակարգ վաղ ներմուծելու արդյունավետությունը)։ Էպիզոդի վերջում բժիշկ Բրասքեթը ներկայացնում է, թե ինչ ուղղվածությամբ է զարգանում սննդային ալերգիայի ոլորտը, ինչպես նաև համառոտ ներկայացնում է նոր ու զարգացող թերապիաները, մասնավորապես բերանի օռալ իմունաթերապիան: Փոդքասթի երկրորդ մասում բժիշկ Աստղիկ Բաղդասարյանը նկարագրում է էկզեման որպես մաշկային վիճակ, որը լայն տարածում ունի բնակչության մեջ ինչպես մանկահասակ երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Բժիշկ Բաղդասարյանը պատմում է այս հիվանդության ախտանիշների մասին, որոնք կարող են անհանգստացնել և ազդել պացիենտների կյանքի որակի վրա։ Քննարկման ընթացքում խոսվում է նաև բժիշկների հրատապ գործողությունների մասին, որը կարող է կանխել պացիենտի տառապանքները, բարդությունները և առողջապահական ծառայությունների անհարկի օգտագործումը:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ. Մելինդա Բրասքեթ
Բժիշկ Մելինդա Բրասքեթը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Գորեսի ընտանեկան ալերգոլոգիայի կենտրոնի բժշկական գծով տնօրենի տեղակալն է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ: Նա սերտիֆիկացված ալերգոլոգ է, կլինիկական իմունոլոգ և սերտիֆիկացված մանկաբույժ։ Բժիշկ Բրասքեթը գերազանցությամբ ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջը: Նա Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում անցել է իր պրակտիկան և ավարտել օրդինատուրան, իսկ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի մասնագիտությամբ իր կրթաթոշակային ծրագիրը անցել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA)-ի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջում։ Մինչ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում աշխատանքի անցնելը (2016 թվականի փետրվար) բժիշկ Բրասքեթը եղել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ, որտեղ նա մասնագիտացել է բարձր ռիսկայնություն ունեցող սննդային և դեղորայքային ալերգիայի ոլորտում՝ հանդիսանալով ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի Սննդային և դեղորայքային ալերգիայի խնամքի կենտրոնի բժշկական գծով տնօրենը: Ավելի քան 10 տարի աշխատելով որպես ալերգոլոգ և մասնակցելով բազմաթիվ կլինիկական հետազոտությունների և դեղագործական փորձարկումների՝ նա մեծ փորձ է ձեռք բերել սննդային ալերգիայի կլինիկական ոլորտում։ Բժիշկ Բրասքեթը շատ հետաքրքրված է սննդային ալերգիայի ոլորտով և լիահույս է, որ նոր զարգացումները հնարավորություն կտան գետնանուշն անվտանգ կերպով ներմուծել ռիսկային խմբի երեխաների սննդակարգ և կանխել սննդային ալերգիայի կլինիկական դրսևորումները:
Բժ. Աստղիկ Բաղդասարյան
Աստղիկ Բաղդասարյանը հանդիսանում է «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայության ղեկավարը։ Իր բժշկական կրթությունը նա ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում և ավարտել է կլինիկական օրդինատուրան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր մանկաբուժություն, մանկական թոքաբանություն և մանկական ալերգոլոգիա մասնագիտությամբ: Բժիշկ Բաղդասարյանը 3 տարի աշխատել է ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնում, այժմ աշխատում է ԵՊԲՀ ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնում։ Բժիշկ Բաղդասարյանը ERS հետազոտական երկարաժամկետ կրթաթոշակ է ստացել 2016թ. և դրա շրջանակներում 1 տարի աշխատել Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում։ Նա ունի շուրջ 20 հրապարակումներ միջազգային և տեղական ամսագրերում։