Անորեքսիան մի վիճակ է, որն ունի իր հստակ կենսաբանական, հոգեբանական, սոցիալ–մշակութային հիմքերը և ախտորոշիչ սահմանումները DSM 5 և ICD10 (շուտով ICD 11) հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ: Դրսևորվում է հիմնականում դեռահասության տարիքում եւ առավելապես աղջիկների մոտ:
Ախտորոշիչ չափանիշները
Մարմնի քաշը ցածր է տարիքին, հասակին, սեռին եւ սոմատիկ զարգացմանը համապատասխան նորմերից:
Արտահայտված վախ կա քաշի ավելացման կամ գիրանալու նկատմամբ, կամ կայուն վարքագիծ է դրսևորվում’ ուղղված քաշի իջեցմանը’ մինչև ցածր քաշ:
Խանգարումը բերում է նրան, որ ավելորդ քաշը և մարմնի կառուցվածքը ազդումեն ինքնագնահատականի ձևավորման վրա կամ բերում են քաշի կորստի վտանգների կայուն անտեսմանը:
Քանի որ անորեքսիա ունեցող երեխաները սկսում են սնվելուց խուսափել «չգիրանալու» նպատակով, հրաժարվում են ուտելուց, ուտելուց հետո առաջացնում են փսխում, օգտագործում են լուծողական միջոցներ, միզամուղներ, ախորժակը ճնշող միջոցներ, չափից ավելի են զբաղվում մարմնամարզությամբ, ունենոււմ են քաշի կորուստ, ուստի ծնողներն առաջնահերթ դիմում են մանկաբույժի: Ցավոք, երբեմն բավականին ուշ, երբ արդեն տեսանելի են սոմատիկ նշանները:
Կարծում ենք, սոմատիկ նշանների թվարկումը կօգնի ճիշտ կողմնորոշվել, թե՛ առաջնային օղակի, և թե՛ ստացիոնարի մանկաբույժներին մինչ հոգեբույժի զննումը:
I. Սոմատիկ նշանններ՝
- քաշի կորուստ
- ամենորեա, այն դեպքում, երբ չկա մենստրուալ ցիկլի խանգարում (սոմատիկ պատճառներից՝ անօվուլացիոն)
- գերակտիվություն (մտավոր և մոտոր)
- վարքի խանգարում, դյուրագրգռություն, մեկուսացում, քնի խանգարում
- լսողական կամ տեսողական գերզգայունություն
- կարող է լինել դեպրեսիվ տրամադրություն, գործնեության էֆեկտիվության պակասի զգացում, ցածր ինքնագնահատական
II. Սոմատիկ նշաններ՝
- կախեքսիա, հյուծվածություն, ջրազրկում, շոկի նշաններ
- գաղտնի ընթացող ինֆեկցիոն պրոցես (օրինակ թոքաբորբ կամ սեպսիս)
- մաշկի փոփոխություններ (չորություն, դեղնավուն ափեր եւ ոտնաթաթեր, «կեղտոտ» մաշկ)
- մազաթափություն, փխրուն մազեր, մարմնի մազերի հիպերպիգմենտացիա
- հիպոթերմիա
- բրադիպնեա
- բրադիկարդիա (պուլսը 60 ցածր)
- ցածր զարկերակային ճնշում՝ 70/50-ից ցածր
- սրտի աղմուկ
- ստորին վերջույթների այտուց
- Էստրոգենի պակասի նշաններ (մաշկի չորություն, օստեոպորոզ, փոքր արգանդ, հեշտոցի չորություն և այլն)
- անդրոգեների քանակի իջեցում՝ մաշկը ճարպոտ չէ, չկան պզուկներ:
Հուսով եմ` նյութն օգտակար էր:
Հարգանքով՝
Կարինե Լյուլեջյան, մանկական հոգեբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ