The OPEN minute newsletter / Դեռահասների խորհրդատվության հիմունքները
Փետրվար 4, 2025

Դեռահասների խորհրդատվության հիմունքները

Մաս 1

Դեռահասային տարիքում մահացության հիմնական պատճառներն են ճանապարհատրանսպորտային պատահարները, միջանձնային բռնությունը, թմրանյութերի օգտագործումը։ Բոլոր այս պատճառները հնարավոր է կանխարգելել՝ դրսևորելով պատասխանատու վարքագիծ։ Շատ կարևոր է, որ մանկաբույժը, ընտանեկան բժիշկը դեռահասին զննելիս անցկացնի նաև հոգեբանասոցիալական գնահատում և խորհրդատվություն։

Խորհրդատվությունն աջակցություն ցուցաբերող մի գործընթաց է, երբ խորհրդատուն (բժիշկը) և այցելուն (դեռահասը) միասին ուսումնասիրում են խնդիրը, վերլուծում են, փորձում են հնարավոր ելքեր փնտրել, ի վերջո,  դեռահասը հստակեցնում է զգացմունքներն ու մտքերը, ինքնուրույն  ավելի ծանրակշիռ որոշումներ է կայացնում։

Շատ կարևոր է խորհրդատվության ոչ հրահանգային մոտեցումը, դեռահասի կարիքների հարցում փոխըմբռնման հասնելը, խորհրդատվության նպատակների համաձայնեցումը, այդ նպատակներին հասնելու հարցում դեռահասին օգնություն ցուցաբերելը և խորհրդատվության գործընթացի ավարտի փոխհամաձայնեցումը։

Խորհրդատվություն իրականցնող մասնագետը պետք է ցուցաբերի արդյունավետ հաղորդակցման ունակություններ:

Հաղորդակցման ունակություններից են ակտիվ հաղորդակցումը, բաց հարցերը, տեղեկատվության տրամադրումը:

Ակտիվ հաղորդակցումը ստեղծում է վստահելի և անվտանգ մթնոլորթ, ցույց է տալիս, որ բժիշկը ուշադիր լսում և հասկանում է դեռահասին, պատրաստ է աջակցություն ցուցաբերել: Բժիշկը չի քննադատում, չի հարցնում «ինչու», օգնում է դեռահասին հասկանալ իր զգացմունքները:

Ակտիվ լսելու ընթացքում բժիշկը նայում է դեռահասի աչքերին, մի փոքր թեքում է մարմինը դեռահասի ուղղությամբ, պարբերաբար ասում է «հասկանալի է», «շարունակեք», «այո»: Ակտիվ լսելու մաս է խրախուսումը, քաջալերանքը, զգացումների անդրադարձումը` ռեֆլեքսիան, հստակեցումը, պարզաբանումը, ամփոփումը:

Բաց հարցերը օգնում են բժշկին և դեռահասին իրար ճիշտ հասկանալ,  հնարավորություն են տալիս դեռահասին ինքնուրույն ձևավորել պատասխանը։ Հարցերը նպատակ ունեն սկսել կամ շարունակել զրույցը, տեղեկատվություն ստանալ դեռահասի մասին, հասկանալ դեռահասի զգացմունքները, օգնել դեռահասին հասկանալ իր սեփական զգացմունքները, խնդիրները, առաջարկել հարցի լուծման նոր մոտեցումներ:

Հարցերը կարող են լինել հետևյալը. «Որքա՞ն հաճախ է այն տեղի ունենում», «Ինչպե՞ս ես քեզ զգում այդ ժամանակ», «Երբևիցե քննարկե՞լ ես այդ խնդիրները ընկերների, ծնողների, դասարանցիների հետ», «Մտածե՞լ ես պատասխանի մասին» և այլն: Բաց հարցերը օգտագործում են խորհրդատվության սկզբում, ընթաքցքում` խրախուսելու և այցելուի ուշադրությունը և զգացմունքները կենտրոնացնելու նպատակով:

Տեղեկատվության տրամադրում․ դեռահասները ստույգ և վստահելի տեղեկատվության կարիք ունեն: Անհրաժեշտ է տրամադրել կարճ, բայց հասկանալի տեղեկատվություն՝ խուսափելով բժշկական կամ հոգեբանական տերմիններից, հնարավորության դեպքում օգտագործել նկարներ:

Երբեմն անհրաժեշտ է խնդրել դեռահասին, որ կրկնի Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը, վստահ լինել, որ ինքը հասկացել է Ձեզ:

«Պետք է» բառը անհրաժեշտ է փոխարինել այլ բառերով՝ «ցանկալի է», «լավ կլինի», «գերադասելի է» , «ավելի նպատակահարմար է», «իրավիճակը կփոխվի, եթե»։

 

Մաս 2 

Խորհդատվության փուլերը

Խորհրդատվությունն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել դեռահասի տարիքը, զարգացման աստիճանը, քրոնիկ հիվանդությունների/հաշմանդամության առկայությունը:

Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք այցելուն ինքնուրո՞ւյն է եկել, թե՞ ծնողների կամքին ենթարկվելով: Վերջինիս դեպքում հնարավոր են դժվարություններ: Խորհրդատվության նպատակն է խրախուսել հաղորդակցվել այն խնդիրների շուրջը, որոնք անհանգստացնում են դեռահասին, հաղորդակցման ընթացքում լիովինը հասկանալ դեռահասին, փոխանցել այն ուղղությունը, որ այցելուն ինքն է լուծում իր խնդիրը, ուղղություն տալ հետագա աշխատանքներին:

Խորհրդատվությունն ընթանում է մի քանի փուլերով: 

  • Առաջին փուլ. ծանոթացում այցելուի հետ, շփման հաստատում:
  • Երկրորդ փուլ. տեղեկատվության հավաքագրում, հարցադրումների միջոցով խորհրդատվական վարկածի ձևակերպում: Բացահայտվում են դեռահասի հիմնական խնդիրը և անհանգստացնող իրավիճակը:
  • Երրորդ փուլ. խնդրի հնարավոր լուծումների որոշում, գործողությունների համաձայնեցում: Բժիշկը և դեռահասը փոխըմբռման են գալիս, ապա տեղի է ունենում իրավիճակի ընդհանուր վերլուծություն:
  • Չորրորդ փուլ. Դեռահասի կողմից մշակված գործողությունների իրականացում, արդյունքների գնահատում: Բժշկի նպատակն է օգնել դեռահասին սահմանել իրավիճակի ցանկալի փոփոխություններ և կատարել իրազեկ ընտրություն: Ընտրության պատասխանատուն հենց ինքն է՝ դեռահասը: Բժիշկն օգնում է այցելուին վերանայել վերաբերմունքը խնդիրների հանդեպ գտնել ստեղծված իրավիճակից ելքը, վերլուծել հետևանքները:

 

Երբ ընտրությունը կատարված է, բժիշկը օգնում է դեռահասին ստեղծել իրականացման պլանը: Որոշակի ընդմիջումից հետո նորից հանդիպում են, այցելուն պատմում է իրականցրածի մասին, անհրաժեշտության դեպքում շտկվում է իրականացման ընթացքը:

Խորհրդատվությունը սովորաբար տևում է 30 -45 րոպեից մինչև 1.5 ժամ:

Դեռահասների  հետ աշխատանքի հիմնական սկզբունքները

Դեռահասների հետ աշխատանքի հիմնարար սկզբունքներն են գաղտնիությունը և արդյունավետ հաղորդակցումը:

Գաղտնիություն․ գաղտնիությունը դեռահասին բարյացակամ ծառայության տրամադրման հիմնաքարն է: Գոյություն ունեն գաղտնիության երկու մակարդակներ:

  • Առաջինը` դեռահասի, ինչպես նաև ցանկացած այլ հիվանդի վերաբերյալ տեղեկատվությունը և անձնական տվյալները հասու չեն կողմնակի անձանց:
  • Երկրորդը՝ խորհրդատվություն իրականացնելիս անհրաժեշտ է տեղեկացնել դեռահասին, որ տեղեկատվությունը կփոխանցվի այլ անձանց` ծնողներին, ուսուցիչներին, խնամակալներին միայն իր` դեռահասի թույլտվությամբ:  Անհրաժեշտ է հիմնվել նաև ազգային, օրենսդրական, մշակութային և այլ դրույթների վրա:

 

Գաղտնիությունն ունի իր սահմանափակումները.

  • ինքնասպանության կամ սպանության վտանգ,
  • սեռական չարաշահումներ, սեռական բռնություն, բռնության վտանգներ,
  • որոշ վտանգավոր նյութերի օգտագործում,
  • կյանքին սպառնացող վիճակներ, հոսպիտալացման անհրաժեշտություն,
  • դեռահասը ինքը բռնության զոհ է կամ ինքն է իրականացնում բռնություն այլ անձանց նկատմամբ
  •  դեռահասին, ինչպես նաև այլ անձանց վտանգ է սպառնում:

 

Գաղտնիության առկայությունը բարձրացնում է հետագա այցելությունների հավանականությունը:

Դեռահասի հետ շփվելիս անհրաժեշտ է խուսափել

  • Բժշկական տերմիններից
  • Գրառումներ կատարելուց խորհրդատվության ժամանակ
  • Տեղեկատվություն տրամադրել առանց դեռահասի համաձայնության
  • Ասել, թե դեռահասը ինչ պետք է անի
  • Փորձել  «ընկեր» լինել. դեռահասը մասնագետի կարիք ունի
  • Կենտրոնանալ նեգատիվ վարքագծի վրա
  • Ավելորդ, անձնական հարցեր տալ
  • Խորհուրդներ տալ:

 

Խորհրդատվությունն իրականացնում է հետևյալ ձևով.

  1. Դեռահասի հետ հանդիպումից մի ուշացրեք, մի սպասեցրեք դեռահասին: Սկսեք ժամանակին, տեղեկացրեք, թե մոտավորապես որքան ժամանակ  է տևելու խորհրդատվությունը:
  2. Ներկայացեք, բարևեք դեռահասին, հարցրեք իր անունը, իրեն դիմելու ձևը:
  3. Նախ բարևեք դեռահասին, հետո` ընտանիքի անդամներին, եթե այցելել են միասին:
  4. Առաջարկեք դեռահասին ընտրել նստելու տեղը: Շատ դեպքերում նստելու տեղի ընտրությունն ունի ախտորոշիչ նշանակություն` բազմոցի կենտրոնում, ծայրին:
  5. Հետևեք, որ Ձեր և դեռահասի միջև սեղան չլինի, իրար դեմ-դիմաց նստեք:
  6. Նստելուց ընտրեք հարմար դիրք:
  7. Տրամադրեք տեղեկատվություն գաղտնիության վերաբերյալ:
  8. Շնորհակալություն հայտնեք դեռահասին այցի համար:
  9. Փորձեք հարցեր տալով օգնել դեռահասին պատմել այցի նպատակը:
  10. Օգտագործեք բաց հարցեր:
  11. Հնարավորություն տվեք դեռահասին պատմել այն ամենը, ինչն անհանգստացնում է իրեն:
  12. Հետևեք դեռահասի վարքագծին և ոչ վերբալ նշաններին:
  13. Ցույց տվեք, որ հասկանում եք նրան, ցուցաբերեք աջակցություն, անհրաժեշտության դեպքում հանգստացրեք նրան:
  14. Ժամանակ առ ժամանակ ոչ շատ երկար լռություն պահպանեք:
  15. Հիշեք, որ դեռահասը կարող է թաքցնել իրականությունը, չպատասխանել Ձեր հարցին: Որոշ ժամանակ անց նույն հարցը տվեք՝ ձևափոխված:
  16. Քննարկեք  կամ քննադատեք ակտիվությունը, ոչ թե դեռահասին:
  17. Ակտիվ լսեք դեռահասին, ցուցաբերեք էմպաթիա, հետաքրքրվեք դեռահասի կարծիքով, հայացքներով:
  18. Ընդգծեք դրական միտումներ, խրարուսեք բառերով, ժեստերով:
  19. Ընդգծեք հաջողությունները՝ հատկապես դժվարություններ հաղթահարելու դեպքում:
  20. Ընդունեք դեռահասի վախերը, կասկածները:
  21. Համոզեք դեռահասին, որ ինքը՝ դեռահասը, որոշ չափով վերահսկում է իր կյանքը և կարող է իր սեփական որոշումները կայացնել, գործել դրանց համաձայն և վերլուծել դրանց հետևանքները:
  22. Ընդգրկեք դեռահասին որոշում կայացնելու գործընթացում:
  23. Հնարավորության դեպքում գրականություն տրամադրեք:
  24. Խնդրեք դեռահասին պատմել, ինչ է հասկացել Ձեր ասացիծ:
  25. Հարցրեք դեռահասին՝ ինչպես է իրան զգում:
  26. Խորհրդատվությունն ավարտելիս  պայմանավորվեք հաջորդ հանդիպման մասին:

 

Մաս 3

Ներկայումս աշխարհում ճանաչում ստացած HEEADSSS մոտեցումը առաջարկվել է 1972 թ. Harvey Berman-ի և լրացվել է Eric Cohen–ի կողմից: HEADSS–ը անգլերեն հապավում է, որն իր մեջ է ներառում հետևյալ կետերը.

  • H–home՝ տուն, ընտանիք,
  • E – eating behaviour՝ սննդային վարքագիծ,
  • E-education, employment՝ կրթություն, աշխատանք,
  • A–activities՝ ակտիվություններ,
  • D– drugs՝ թմրանյութեր, հոգեակտիվ նյութեր,
  • S–suicide՝ ինքնասպանություն,
  • S–sexuality՝  սեռականություն,
  • S–safety՝ ապահովություն:

 

Կախված պացիենտի գանգատներից և խնդիրներից՝ տեղեկատվությունը հավաքագրվում է ամբողջությամբ կամ օգտագործվում են հարցաշարի առանձին տարրեր: Դեռահասների հետ աշխատելիս նշված տվյալների հավաքագրումը նույնքան կարևոր է, որքան կլինիկական զննումը: Այն հնարավորություն է տալիս բացահայտել ներկայացված գանգատների խորքային պատճառները, վեր հանել թաքնված գանգատները, գնահատել առկա հոգեբանական խնդիրները,  առողջության հետ առնչվող միջավայրային գործոնները և ռիսկային վարքագիծը:

Հարցման սկզբում շոշափվում են ընդհանուր, քիչ զգայուն հարցեր, այնուհետ աստիճանաբար անցում է կատարվում առավել խոցելի  հարցերին: Հոգեբանասոցիալական գնահատումը կարող է տևել շուրջ 20 րոպե, նախընտրելի է այն կատարել, երբ դեռահասը հարաբերականորեն հանգիստ հոգեվիճակում է: Անհրաժեշտ է բացատրել, որ հարցերի պատասխանները օգնելու են ճիշտ գնահատել դեռահասի առողջությունը:

Գնահատումն իրականացնելիս պետք է խոսել պարզ, տալ բաց՝ ընդարձակ պատասխան ենթադրող հարցեր, խուսափել բժշկական տերմիններից, չընդհատել դեռահասին, ստեղծել վստահության մթնոլորտ: Ցանկալի է, որ դեռահասները զրուցեն բժշկի հետ ծնողներից առանձին:

Ըստ հարցաշարի՝ քննարկվում են հետևյալ հարցերը.

Տուն/ընտանիք

  • Որտե՞ղ եք ապրում: Ո՞ւմ հետ եք ապրում: Ունե՞ք սեփական սենյակ:
  • Ունե՞ք քույր / եղբայր:

 

Կրթություն/աշխատանք

  • Դպրոց հաճախո՞ւմ եք:
  • Ո՞ր դասարանում եք սովորում: Ի՞նչ առարկաներ եք սիրում: Ինչպե՞ս եք սովորում:
  • Սիրո՞ւմ եք դպրոցը:
  • Դպրոցում/դասարանում Ձեզ ի՞նչն է դուր գալիս, ինչը` ոչ:
  • Ի՞նչ եք ուզում ուսումնասիրել:
  • Վերջերս փոխվե՞լ է Ձեր առաջադիմությունը:
  • Ի՞նչ կարծիք ունեք համադասարանցիների մասին:
  • Դպրոցում ընկերների հետ կռվո՞ւմ եք, որքա՞ն հաճախ:

 

Սննդային վարքագիծ

  • Նախաճաշո՞ւմ եք:
  • Ի՞նչ եք կարծում սեփական մարմնի մասին:
  • Փորձե՞լ եք նիհարել վերջերս: Քանի՞ անգամ եք փորձել:
  • Ձեր կարծիքով ո՞ր սնունդն է համարվում առողջ:
  • Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Ձեր մարմնիդ մեջ, ինչը` ոչ:
  • Նիհարելու նպատակով որքա՞ն հաճախ եք զբաղվում ֆիզիկական վարժություններով:

 

Ակտիվություններ/ազատ ժամանց

  • Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:
  • Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակն ընտանիքի հետ:
  • Ինչպե՞ս եք անցկացնում ժամանակն ընկերներիդ հետ:
  • Որևէ սպորտաձևով զբաղվո՞ւմ եք: Ի՞նչ հաճախականությամբ:
  • Մասնակցո՞ւմ եք որևէ խմբակի:
  • Դասերից դուրս հանդիպո՞ւմ եք ընկերների հետ:
  • Շաբաթվա ընթացքում որքա՞ն հաճախ եք հեռուստացույց դիտում :
  • Որքա՞ն ժամանակ եք անցկացնում համակարգչի/ հեռախոսի առջև:
  • Գրանցվա՞ծ եք սոցիալական ցանցերում: Որքա՞ն ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում: Ի՞նչ նպատակով:

 

Վնասակար սովորույթներ` ծխախոտ, թմրամիջոցներ

  • Ձեր ընտանիքում որևէ մեկը ծխո՞ւմ է: Որքա՞ն հաճախ:
  • Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է ալկոհոլ օգտագործել միջոցառումների ժամանակ:
  • Երբևիցե եղե՞լ են խնդիրներ ընտանիքում ալկոհոլ կամ ծխախոտ օգտագործելու պատճառով:
  • Ընկերներից որևէ մեկը ծխո՞ւմ է:
  • Երբևիցե օգտագործե՞լ եք ծխախոտ, ալկոհոլ:
  • Երբևիցե պատահե՞լ է, որ ալկոհոլ օգտագործելուց մոռանաք, թե ինչ եք արել, որտեղ եք գտնվել:*

 

Սեռականություն

  • 14 տարեկանը չլրացած դեռահասին հարցրեք ֆիզիկական փոփոխությունների մասին, և թե ինչպես է վերաբերվում այդ փոփոխություններին:
  • Կայունացա՞ծ է Ձեր դաշտանային ցիկլը: Տեղյա՞կ  եք  հիգիենայի պահպանման կանոններին:

 

Սեռականության հարցերին անդրադառնալիս անհրաժեշտ է սկսել քիչ զգայուն հարցերից, օրինակ`

  • Ընկերներից որևէ մեկը սիրահարվա՞ծ է:
  • Ընկերդ կամ ընկերուհիդ ժամադրվում/ հանդիպո՞ւմ է որևէ մեկի հետ:
  • Երբևիցե սիրահարվե՞լ եք:
  • Ունե՞ք ընկեր/ընկերուհի: Տեղյա՞կ եք, թե ինչպես կարելի է պաշտպանվել անցանկալի հղիությունից և սեռավարակներից: Տեղյա՞կ եք պահպանակ օգտագործելու կանոններին:
  • Տեղյա՞կ եք սեռավարակների և սեռավարակների նշանների մասին:
  • Տեղյա՞կ եք հակաբեղմնավորիչ միջոցների մասին:
  • Զրուցե՞լ եք որևէ մեծահասակի հետ սեռական հարաբերությունների մասին:* 

 

Ապահովություն/ անվտանգություն

  • Հեծանիվ/մոտոցիկլետ վարելիս կրո՞ւմ եք սաղավարտ:
  • Մեքենայում գտնվելիս ամրակապվո՞ւմ եք:
  • Փորձե՞լ եք վեճերը լուծել առանց կռվելու:

 

Դեպրեսիա/ ինքնասպանություն

  • Վերջերս ավելի շա՞տ եք հուզվում, լաց լինում:
  • Վերջերս ավելի շա՞տ եք հոգնում, չե՞ք ուզում որևէ զբաղմունք գտնել:
  • Երբևիցե Ձեզ միայնակ զգացե՞լ եք:
  • Երբ Ձեզ տխուր կամ միայնակ եք զգում, ո՞ւմ եք դիմում: Ի՞նչ եք անում այդ ժամանակ:
  • Երբևիցե զգացե՞լ եք Ձեզ այնքան միայնակ, որ մտածեք ինքնասպանության մասին:

 

Հարգանքով՝

Բժ․ Մարինա Մելքումովա
Դեռահասների առողջության ծրագրի համակարգող
Արաբկիր ԲԿ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հիմնական հետազոտող HBSC Armenia
Հիմնական հետազոտող COSI Armenia

 

Հղումներ
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը