The OPEN minute newsletter / Սննդի ընդունման խանգարում. բուլիմիա
Օգոստոս 2, 2022

Սննդի ընդունման խանգարում. բուլիմիա

Բուլիմիան՝ անորեքսիայի պես, սննդի ընդունման խանգարում է և ունի կենսաբանական, հոգեբանական ու սոցիոմշակութային հիմքեր: Սակայն հանդիպում է անորեքսիայից ավելի հազվադեպ:

Դրական ելքի հնարավորությունը, այլ գործոններից բացի, կախված է նաև վաղ հայտնաբերումից և վաղ միջամտությունից:

Բուլիմիան սահմանվում է որպես հիվանդագին քաղց՝ հիմնականում սկսելով շատակերության կամ հնարավորինս կարճ ժամանակում մեծ քանակի սննդի արագ կլանման էպիզոդով:

Բուլիմիան մի սինդրոմ է, որի ժամանակ աճող ախորժակը և շատակերությունն ինքնին կապված չեն սովի զգացումի  ավելացման հետ:
Բացառություն է, երբ հիվանդը նաև երկարատև ծոմ է պահում և սահմանափակում կալորիականությունը:

Ախտորոշիչ չափանիշները
 
1. Շատակերության էպիզոդը բնութագրվում է հետևյալով

  •  Ուտում են հաճախ (օրինակ՝ 2 ժամը մեկ), ուտելիքի քանակը միանշանակ ավելի շատ է, քան անձը կկարողանար ուտել նույնժամանակում և նմանատիպ հանգամանքներում
  •  Էպիզոդի ժամանակ առկա է շատակերությունը կառավարել չկաևողանալու զգացողություն (օրինակ՝ զգում են, որ չեն կարող ընդհատել ուտելը կամ չեն կառավարում ինչ և որքան ուտել):

 
2. Կրկնվող անհամապատասխան վարք քաշի ավելացումը կանխելու նպատակով (փսխման առաջացում, լուծողականների, միզամուղների կամ այլ դեղորայքի օգտագործում, ծոմապահություն, տանջալից վարժություններ):
 
I. Սոմատիկ  նշանններ՝

  • Քաշը կարող է լինել նորմալ, նորմալից բարձր կամ նորմալից ցածր
  • Փքվածության, փորլուծության, այտուծվածության գանգատներ
  • Գերակտիվություն (մտավոր և/կամ մոտոր)
  • Մշտական կամ ծայրահեղ ծարավ ու հաճախամիզություն (հիպոկալեմիկ  նեֆրոպաթիա-հիպովոլեմիա)
  • Կարող են լինել դեպրեսիա, տագնապ, հուսահատություն և ինքնասպանության մտքեր:

 
 II. Սոմատիկ նշաններ՝

  • Սովորաբար լավ խնամված են ու մաքուր, որոշ բացառությամբ՝ հիմնականում բնավորության ծանր խանգարում կամ քրոնիկ կախվածություն ունեցող պացիենտների մոտ
  • Սովորաբար նորմալ քաշ կամ թեթև կամ չափավոր գիրություն (բացառությամբ սնունդը սահմանափակող կամ անորեքսիայով պացիենտների՝ կապված բուլիմիա-փսխում-մաքրում վիճակի հետ)
  • Տարածուն կամ լոկալ այտուցներ
  • Քաշի ծայրահեղ կորստի նշաններ (ինքնասովածություն, սովամահություն)
  • Ատամների էմալի դիսպլազիա և գունաթափում ստամոքսահյութի պատճառով (փսխումներ)
  • Քիմքի և ըմպանի կապտուկներ և վնասվածքներ, եղունգների, մատների ու դաստակի դրսային մակերեսի  վնասում  (փսխում առաջացնելու ընթացքում)
  • Լնդերի թարախակալում և այլ վնասումներ
  • Ռեֆլեքսների իջեցում, մկանների թուլություն, պառալիզ, հազվադեպ՝ պերիֆերալ նեյրոպաթիա
  • Մկանների ջղաձգություն
  • Հիպոկալեմիայի նշաններ՝ սրտի ռիթմի խանգարում, ցածր արյան ճնշում, թույլ պուլս, որովայնի մեծացում, աղիների անանցելիություն, ստամոքսի սուր լայնացում, անկանոն շնչառություն:

 
Սոմատիկ նշաններից և լաբորատոր քննություններից բացի կարևոր է նաև որոշել ծանրության աստիճանը:

Թեթև աստիճան՝ անհամապատասխան կոմպենսատոր վարքի՝ միջինում 1-3 էպիզոդ մեկ շաբաթում:

Չափավոր աստիճան՝ անհամապատասխան կոմպենսատոր վարքի՝ միջինում 4-7 էպիզոդ մեկ շաբաթում:

Ծանր աստիճան՝ անհամապատասխան կոմպենսատոր վարքի՝ միջինում 8-13 էպիզոդ մեկ շաբաթում:

Ծայրահեղ ծանր աստիճան՝ անհամապատասխան կոմպենսատոր վարքի՝ միջինում 14-ից շատ էպիզոդ մեկ շաբաթում:

Թեթև, նույնիսկ չափավոր աստիճանի բուլիմիայի ժամանակ ծնողները սկզբնական շրջանում չեն դիմում բժշկի, քանի որ երեխան չի ունենում քաշի կորուստ, և փսխելը վերագրում են մրսածությանը կամ ստամոքսի խանգարմանը:
Սնուցման վարքագծի խանգարում (անորեքսիա և բուլիմիա) ունեցող անձանց 70% բուժման ընթացքում կարող են ցուցաբերել կարճատև լավացում, բայց երկարատև կանխատեսումը (պրոգնոզը) անորոշ է:
 
 
 
Հուսով եմ` նյութն օգտակար էր:
 
 
Հարգանքով՝
 
Կարինե  Լյուլեջյան, մանկական հոգեբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ

Հղումներ
  • Comerci GD. Eating disorders: anorexia and bulimia. In: Levine MD, Carey WB, Crocker AC, eds. Developmental-Behavioral Pediatrics. 2nd ed. W.B. Saunders Company: Philadelphia, PA; 1992: 364-369.
  • Duncan MK, Martini DR, Lake M. Anorexia. In: Concise Guide to Child and Adolescent Psychiatry. 3rd ed. American Psychiatric Publishing: Washington, DC; 2003: 103-112.
  • Anorexia nervosa. In: Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM-5. 5th ed. American Psychiatric Association: Washington, DC; 2013, 338-345.
  • Image Source: Medium shot blurry woman with disorder by freepik is licensed under Freepik License.
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը