Այսօր ես կցանկանայի Ձեզ ներկայացնել փոքր կլինիկական խորհուրդ Ձեր հիվանդների և հարազատների համար, որը կօգնի բացահայտել և կանխարգելել սրտի նոպայի առաջացման հավանականությունը երեխաների և երիտասարդների մոտ:
Էրիկսոնի և գործընկերների կողմից գրված Հանկարծամահությունը երիտասարդների մոտ. տեղեկություն ընտանեկան բժիշկների համար (Մանկաբուժություն 2021) հոդվածում քննարկվում է, թե ինչպես բացահայտել սպորտով զբաղվող երեխաների և դեռահասների մոտ մարզումների ժամանակ սրտի նոպայի, սրտի ռիթմի ծանր խանգարումների կամ սրտային հանկարծամահության ռիսկի հավանականությունը: Տվյալ հոդվածը ընտանեկան բժիշկների համար ներկայացնում է ռազմավարություն՝ երիտասարդ տարիքում սրտի նոպայի և սրտային հանկարծամահության վտանգի սքրինինգի, գնահատման և կառավարման վերաբերյալ:
Սրտային հանկարծամահության վտանգի կամ սրտի նոպայի խնդրի բացահայտման և կանխարգելման նպատակով Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան առաջարկում է սքրինինգի ժամանակ օգտագործել փոփոխված այս 4 հարցադրումները, որոնք 2-3 տարին մեկ անգամ անհրաժեշտ է ուղղել երեխաներին՝ անկախ իրենց սպորտով զբաղվելու փաստից:
Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան առաջարկում է հետևյալ հարցերը.
- Դուք երբևէ ուշաթափվե՞լ եք, կորցրե՞լ եք գիտակցությունը կամ ունեցե՞լ եք անսպասելի նոպաներ՝ առանց որևէ նախանշանի, հատկապես ֆիզիկական վարժություններ կատարելիս, կամ ի պատասխան հանկարծակի բարձր աղմուկի, ինչպիսին է դռան զանգը, զարթուցիչը և հեռախոսազանգը։
- Զգացել եք, արդյո՞ք, մարզանքով կամ ֆիզիկական ակտիվությամբ պայմանավորված ուժեղ ցավ կրծքավանդակում կամ հևոց։
- Զեր անմիջական ընտանիքի անդամներից (ծնողներ, տատիկ-պապիկ, քույր-եղբայր) կամ ավելի հեռավոր բարեկամներից որևէ մեկը (հորաքույր, մորաքույր, զարմիկ) մահացե՞լ են սրտի խնդիրներից կամ հանկարծամահ եղե՞լ են մինչ 50 տարեկան։ Այն կներառի հանկարծակի խորտակումներ, անբացատրելի ավտովթարներ, երբ հարազատն է վարել մեքենան, կամ երեխաների հանկարծամահության համախտանիշի (SIDS) դեպքեր։
- Դուք բարեկամական կապի մե՞ջ եք որևէ անձի հետ, ով տառապում է կարդիոմիոպաթիայով կամ հիպերտրոֆիկ օբստրուկտիվ կարդիոմիոպաթիայով, Մարֆանի համախտանիշով, կամ աջ փորոքի առիթմոգեն կարդիոմիոպաթիայով, երկար QT ինտերվալի համախտանիշով, կարճ QT համախտանիշով, Բրուգադա համախտանիշով, կատեխոլամիներգիկ պոլիմորֆիկ փորոքային հաճախասրտությամբ, կամ 50 տարեկանից երիտասարդ անձի հետ, ով սրտի ռիթմավար կամ դեֆիբրիլյատոր է կրում:
Վերոնշյալ 4 հարցերից մեկին դրական պատասխանները կամ ոչ նորմալ ԷՍԳ-ն պետք է դրդի ընտանեկան բժշկին հետագա ուսումնասիրությունը կատարել, որը պետք է ներառի երեխայի ուղեգրումը մանկական սրտաբանի կամ մանկական էլեկտրոֆիզիոլոգի մոտ։ Խորհուրդ է տրվում հարցերին դրական պատասխանելու դեպքում ձեռնպահ մնալ երեխայի՝ սպորտով զբաղվելուց մինչև սրտանոթային համակարգի գնահատման ավարտը:
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես