Այսօր ես կցանկանայի անդրադառնալ Ցելիակիա հիվանդությանը (ՑՀ), որն աշխարհում ախտահարում է մոտավորապես 100-ից 1 մարդու։
ՑՀ-ն կարևոր գործոն է ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող երեխաների շրջանում, երբ նրանք ներկայանում են բազմաթիվ ոչ հատուկ գանգատներով, ֆիզիկական քննության կամ լաբորատոր հետազոտման արդյունքում հայտնաբերված տարբեր շեղումներով:
«Ժամանակակից մանկաբուժություն» հանդեսի 2020 թվականի դեկտեմբերի համարում Ջ. Սիլվեսթեր Ջ.-ի` «Ցելիակիա հիվանդության նոր ախտորոշիչ հարացույց» վերնագրով վերջերս լույս տեսած հոդվածն ուշագրավ անդրադարձ է կատարում Ցելիակիա հիվանդությանը:
Ռիսկի գործոններ
Ցելիակիա հիվանդությունն (ՑՀ) առավել տարածված է հետևյալ ռիսկի գործոններն ունեցող երեխաների շրջանում՝
- ՑՀ կամ հերպետիֆորմ դերմատիտ ունեցող ընտանիքի անդամ
- Տիպ 1 շաքարային դիաբետ
- Դաունի համախտանիշ կամ Տերների համախտանիշ
- Վահանագեղձի աուտոիմուն հիվանդություն:
Երեխաների շրջանում Ցելիակիա հիվանդության տարածված նշանները/ախտանիշները ներառում են՝
- Քրոնիկ կամ ընդմիջվող լուծ
- Քրոնիկ փորկապություն, որը չի ենթարկվում սովորական բուժման
- Որովայնի քրոնիկ ցավ
- Որովայնի փքվածություն
- Կրկնվող սրտխառնոց կամ փսխում
- Քաշի կորուստ կամ ֆիզիկական զարգացման հապաղում
- Կարճահասակություն կամ աճի խանգարումներ
- Ուշացած սեռական հասունացում
- Երկաթ պակասորդային սակավարյունություն
- Վարքագծային խնդիրներ և գրգռվածություն
- Գլխացավ
- Արթրիտ/արթրալգիա
- Ատամների էմալի արատներ
- Կրկնվող աֆտոզ ստոմատիտ
- Շիճուկային տրանսամինազների բարձր մակարդակ:
ՑՀ վաղ ախտորոշումը և սննդի օպտիմալացումը հատկապես կարևոր են մանկական տարիքում՝ կանխելու անդառնալի բարդությունները, ինչպիսիք են կարճ հասակը, օստեոպորոզը, աուտոիմուն խանգարումների առաջացումը:
Սքրինինգ
Ցելիակիա հիվանդության հայտնաբերման համար կլինիկական առավել մեծ նշանակություն ունեցող և ծախսարդյունավետ հետազոտման մեթոդ է շիճուկում հյուսվածքային տրանսգլյուտամինազի IgA հակամարմինների թեստը (IgA, tTG)` ի լրումն ընդհանուր իմունոգլոբուլին Ա-ի (IgA) թեստի, երբ երեխան շարունակում է օգտագործել սնձան (gluten) պարունակող հացահատիկային սննդամթերք: Երկու-երեք տարեկանից փոքր պացիենտները կարող են կայուն IgA-ի պակաս ունենալ, ինչը tTG IgA թեստը ավելի քիչ արդյունավետ է դարձնում: Նման դեպքում պետք է դիտարկել tTG IgG թեստը և/կամ դեամիդացված գլիադինի պեպտիդի նկատմամբ IgG դասի հակամարմինների թեստի հնարավորությունը (anti-DPG IgG):
Վարում
Ներկայումս Ցելիակիա հիվանդության վարման միակ միջոց է համարվում գլյուտենազերծ սննդակարգը: Այս սննդակարգին հստակ հետևելը էական նշանակություն ունի: Սակայն նախքան Ցելիակիա հիվանդության ախտորոշումը խորհուրդ չի տրվում սահմանափակել (կրճատել կամ խուսափել) գլյուտեն պարունակող սննդի օգտագործումից, քանի որ դա կարող է նպաստել կեղծ բացասական պատասխան ստանալուն` նվազեցնելով ինչպես շճաբանական/սերոլոգիական, այնպես էլ բիոպսիայի թեստերի զգայունությունը:
Գլյուտենազերծ սննդակարգի պահպանումը միակ միջոցն է Ցելիակիա հիվանդություն ունեցող հիվանդների բարակ աղու ախտահարված լորձաթաղանթը բուժելու համար: Սա նշանակում է, որ պետք է խուսափել ոչ միայն ցորեն, այլ նաև տարեկան, աշորա և գարի օգտագործելուց:
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես