The OPEN minute newsletter / Ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզ կամ մուկովիսցիդոզ նորագույն դեղամիջոցներ
Յունիս 21, 2023

Ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզ կամ մուկովիսցիդոզ նորագույն դեղամիջոցներ

Ներկա համարում ներկայացվում է մուկովիսցիդոզի գենի աշխատանքը նոր, «հեղափոխական» կարգավորող դեղամիջոցների կիրառումը։

Կրճատումներ՝

ԱԱԾ1 արտաշնչման առավելագույն ծավալը մեկ վայրկյանում
ՄԶԻ` մարմնի զանգվածի ինդեքս
ՄՄՀԿ` մուկովիսցիդոզի միջթաղանթային հաղորդականությունը կարգավորող (ՄՄՀԿ)

Ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզը կամ մուկովսցիդոզը կյանքին վտանգ սպառնացող գենետիկ հիվանդություն է՝ պայմանավորված ՄՄՀԿ գենի մուտացիայով։ Վերջինս իրենից ներկայացնում է քլորիդային փոխադրիչ պրոտեին, որը կարգավորում է ջրի և քլորիդների պատշաճ հոսքը շնչառական համակարգի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, աղիների, մաշկի արտազատական բջիջների թաղանթներով:

Թերի սպիտակուցը կամ դրա ոչ լիարժեք ֆունկցիան բերում են նշված օրգաններում մածուցիկ արտազատուկի արտադրմանը  և, արդյունքում, քրոնիկ շնչառական ծանր վարակների, թոքերի վնասման, ենթաստամոքսային գեղձի արտաքին սեկրետոր անբավարարության ու սննդանյութերի մարսման խանգարման, լյարդի ծանր ախտահարման, աղիների խնդիրների։

Ըստ մուկովիսցիդոզի գենի մուտացիաների տվյալների տարբեր աղբյուրների, հայտնի են CFTR գենի ավելի քան 804 մուտացիաներ, դրանցից 719 նկարագրված են որպես հիվանդություն առաջացնող կամ ախտածին։ Բացի հիվանդություն առաջացնող մուտացիաներից կան նաև փոփոխական և անհայտ կլինիկական նշանակության մուտացիաներ։ F508del աշխարհում առավել հաճախ գրանցվող մուտացիան է:

Երկար տարիներ մուկովիսցիդոզով պացիենտների հիմնական բուժումը սահմանափակված էր ախտանիշների մեղմացումով և հիվանդության հարաճումը կասեցնելով։ Մուկովսիցիդոզի գենի ստեղծման ժամանակաշրջանից զգալի ներուժ է ներդրվել գենի ֆունկցիան կարգավորող բուժում ստեղծելու համար, և փոքր մոլեկուլային CFTR մոդուլյատոր դեղորայքի ստեղծումը հայտարարեց մուկովիսցիդոզի բուժման նոր դարաշրջան։ Այս մոդուլյատոր դեղերը բարելավում, նույնիսկ վերականգնում են թերի գենի ֆունկցիան։

Ինչպես արդեն նշվել է, ՄՄՀԿ գենը պատասխանատու է ՄՄՀԿ սպիտակուցի սինթեզի համար։ ՄՄՀԿ սպիտակուցն ունի թունելի  տեսք, որն ունի «դարպաս»։ ՄՄՀԿ գենի մուտացիաների դեպքում ՄՄՀԿ սպիտակուցն ունի ոչ ճիշտ կառուցվածք, արտադրվում է քիչ քանակով կամ խանգարված է «դարպասի աշխատանքը»։ Առկա ՄՄՀԿ մոդուլյատորները կայունացնում են ՄՄՀԿ սպիտակուցը, շտկում դրա կառուցվածքը (շտկողներ) և կարգավորում ՄՄՀԿ սպիտակուցի «դարպասի» բացումն ու, հետևաբար, քլորիդների փոխադրումը (կարգավորողներ)։ Շտկող և կարգավորող մոդուլյատորները առավել լավ են աշխատում, երբ կոմբինացվում են։

Ներկայումս շուկայում առկա են Ամերիկայի «Սննդամթերքի և դեղերի գործակալության» (FDA) կողմից հաստատագրված չորս գեն-մոդուլյատորներ։  Կալիդեկոն  (իվակաֆտոր) FDA կողմից 2012թ.  հաստատագրված  առաջին բարձր արդյունավետ մոդուլյատորն էր մուկովիսցիդոզով պացիենտների 4%  համար, որոնք կրում են գենի հատուկ, «բաց թողնող» մուտացիաներ։ 97 մուտացիա զգայուն են կալիդեկոյի նկատմամբ։ Օրկամբին (լումակաֆտոր, իվակաֆտոր), Սիմդեկոն (տեզակաֆտոր, իվակաֆտոր և իվակաֆտոր) և Տրիկաֆտան (էլեքսկաֆտոր, տեզակաֆտոր, իվակաֆտոր) հաջորդեցին Կալիդեկոյին՝ ավելացնելով մոդուլյատոր ստացող մուկովսիցիդոզով պացիենտների քանակը: Կլինիկական հետազոտությունների և համակարգային վերլուծությունների տվյալները փաստում են, որ CFTR մոդուլյատորները առաջացնում են թոքերի ֆունկցիայի (ԱԱԾ1 բարձրացում կամ կայունացում) և սնուցման վիճակի (ՄԶԻ ավելացում) նշանակալի բարելավում։

Օրկամբին՝ ցուցված է մուկովիսցիդոզով 1տ և բարձր պացիենտների համար, ովքեր կրում են F508del մուտացիայի երկու ալել։
Սիմդեկոն նախատեսված է մուկովիսցիդոզով 6տ և բարձր պացիենտների համար, ովքեր կրում են F508del մուտացիայի երկու ալել կամ դեղորայքի նկատմամբ զգայուն  154 մուտացիաներից գոնե մեկ ալել։ Սիմդեկոյի ընդունման ժամանակ ավելի քիչ են գրանցվում այնպիսի  կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են կրծքավանդակում ծանրությունը և դեղորայքային փոխազդեցությունները։ Վերջին մոդուլյատորը Տրիկաֆտան էր։ Այս մոդուլյատորը հաստատվել է որպես կյանքը փոխող դեղամիջոց՝ գրանցելով մոդուլյատորների նշանակալի  արդյունքներ: «Կլինիկական և էկոնոմիկ վերլուծության» ինստիտուտը Տրիկաֆտային շնորհել է կլինիկական արդյունավետության բարձր A աստիճան  և հատուկ շեշտել առողջության վրա դրա էական դրական ազդեցությունը։

Տրիկաֆտան թույլատրված է 2տ և բարձր տարիքի պացիենտներին, ովքեր կրում են դեղորայքի նկատմամբ զգայուն  177 մուտացիաներից որևէ մեկը կամ մեկ F508del մուտացիա։ Ըստ «Մուկովսիցիդոզի ֆոնդի» հիվանդների ռեգիստրի տվյալների Տրիկաֆտայի հավաստագրումից հետո գրանցվել է թոքային սրացումների հաճախականության նշանակալի նվազում։ Դեղորայքի օգտագործման ժամանակ հատուկ զգուշություն պետք է ցուցաբերել լյարդի ախտահարումով պացիենտների շրջանում (լյարդի ցիռոզ, պորտալ հիպերտենզիա, ասցիտ, հեպատիկ էնցեֆալոպաթիա) գնահատել ռիսկերը և առողջության վրա դրական ազդեցությունները, օգտագործման ժամանակ իրականացնել լյարդի ֆունկցիայի մշտական մոնիտորինգ:

Գեն մոդուլյատորների ազդեցությունը տևում է այնքան, որքան  ժամանակ պացիենտն ընդունում է դրանք։ Միակ հարցերը, որոնք խնդրահարույց են ծնողների և պացիենտների համար, գեն մոդուլյատորների ազդեցությունն է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի վրա և ֆերմենտների հետագա ընդունման անհրաժեշտությունը։ 28 երեխաների մասնակցությամբ մանկաբուժական հետազոտությունը ցույց է տվել ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների դեղաչափի էական կրճատում իվակաֆտորի օգտագործումից մեկ տարի անց, չնայած տվյալները դեռ բավարար չեն:

Գեն մոդուլյատորների օգտագործման ֆոնին կարող են զարգանալ կողմնակի երևույթներ, և պացիենտները պետք է տեղեկացնեն մուկովսիցիդոզի թիմին՝

  • որևէ հնարավոր կողմնակի ազդեցության մասին,
  • կողմնակի երևույթների տևողության և կյանքի որակի վրա  ազդեցության մասին,
  • հնարավոր դեղորայքային փոխազդեցությունների մասին:

Մոդուլյատորների կողմնակի ազդեցությունները տարբեր են, սակայն առավել հաճախ բոլոր թերապիաների ժամանակ գրանցվում են սրտխառնոց և սինուսիտ։ Պացիենտների համար տեղեկատվությունը կարելի է գտնել մոդուլյատորների մասին կայքերում։

CFTR մոդուլյատորների կիրառումը հույսի շող է մուկովիսցիդոզով պացիենտների համար, սակայն ամբողջ աշխարհում դրանց հասանելիությունը դեռ մեծ խնդիր է։
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Հարությունյան Սաթենիկ, ԵՊԲՀ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոն Մուրացան,
ՀՀ Մուկովիսցիդոզի կենտրոն

Հղումներ
  1. Emery, J., Mullane, D., & Chroinin, M. N. (2019). GP284 The effects of ivacaftor on pancreatic function in paediatric patients with cystic fibrosis gating mutations. Archives of Disease in Childhood, 104(Suppl 3): A149-A150.

  2. Lopes-Pacheco M. (2020). CFTR Modulators: The Changing Face of Cystic Fibrosis in the Era of Precision Medicine. Frontiers in pharmacology, 10, 1662. https://doi.org/10.3389/fphar.2019.01662

  3. CFTR Modulator Types. (n.d.). United States Cystic Fibrosis Foundation. https://www.cff.org/cftr-modulator-types

  4. United States Cystic Fibrosis Foundation,  Johns Hopkins University, & The Hospital for Sick Children. (2023, April 7). CFTR2: Clinical and Functional Translation of CFTR. https://cftr2.org/

  5. United States National Institutes of Health and National Library of Medicine. (2023, May 5). Kalydeco: drug label information. DailyMed. https://dailymed.nlm.nih.gov/dailymed/drugInfo.cfm?setid=0ab0c9f8-3eee-4e0f-9f3f-c1e16aaffe25

  6. United States National Institutes of Health and National Library of Medicine. (2023, May 5). Kalydeco: drug label information. DailyMed. https://dailymed.nlm.nih.gov/dailymed/drugInfo.cfm?setid=0ab0c9f8-3eee-4e0f-9f3f-c1e16aaffe25

  7. United States National Institutes of Health and National Library of Medicine. (2023, March 7). Orkambi: drug label information. DailyMed. https://dailymed.nlm.nih.gov/dailymed/drugInfo.cfm?setid=3fc1c40e-cfac-47a1-9e1a-61ead3570600

  8. United States National Institutes of Health and National Library of Medicine. (2022, December 5). Symdeko: drug label information. DailyMed. https://dailymed.nlm.nih.gov/dailymed/drugInfo.cfm?setid=302ae804-37db-44fd-ac2f-3dbdeda9aa4b

  9. United States National Institutes of Health and National Library of Medicine. (2023, April 28). Trikafta: drug label information. DailyMed. https://dailymed.nlm.nih.gov/dailymed/drugInfo.cfm?setid=f354423a-85c2-41c3-a9db-0f3aee135d8d

  10. Vertex Pharmaceuticals. (August 2023). Patient information kalydeco (package insert). Kalydeco (ivacaftor). https://www.kalydeco.com/

  11. Vertex Pharmaceuticals. (August 2023). Patient information orkambi (package insert). Orkambi. https://www.orkambi.com/

  12. Vertex Pharmaceuticals. (August 2023). Patient information symdeko (package insert). Symdeko. https://www.symdeko.com/

  13. Vertex Pharmaceuticals. (August 2023). Patient information trikafta (package insert). Trikafta. https://www.trikafta.com/

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" indicates required fields