The OPEN minute newsletter / Քաղցկեղից բուժված բուժառուների էնդոկրին պաթոլոգիաների տեսակները, հանդիպման հաճախությունը
Նոյեմբեր 16, 2022

Քաղցկեղից բուժված բուժառուների էնդոկրին պաթոլոգիաների տեսակները, հանդիպման հաճախությունը

Վերջին տասնամյակում նկատելիորեն զարգացել է քաղցկեղի բուժումը երեխաների և դեռահասների շրջանում, ըստ այդմ շատացել է բուժվածների քանակը, ովքեր ստացել են բուժում և ունեն ≥5 տարի ապրելիություն: Ներկայումս քաղցկեղի բուժումից հետո ԱՄՆ-ում ապրում են ավելի քան 400.000 երեխաներ, իսկ Եվրոպական երկրներում` 300.000-500.000:  Այս համատեքստում վերջին տարիներին նկատելիորեն աճել է էնդոկրին պաթոլոգիաների հանդիպման հաճախականությունը այդ բուժառուների գրեթե 50%-ի մոտ, ընդ որում էնդոկրինոլոգիական խանգարումները կարող են ի հայտ գալ ինչպես բուժումից անմիջապես հետո, այնպես էլ տարիներ անց` որպես բուժման ուշ և խրոնիկական բարդություններ:

Քաղցկեղի բուժումից հետո առաջացող էնդոկրին ախտահարումներն են վահանագեղձի, հարվահանագեղձերի, մակերիկամների, գոնադների և հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի պաթոլոգիաները, ինչպես նաև ոսկրային և նյութափոխանակային խանգարումները: Ամենահաճախ հանդիպող խանգարումները վերաբերում են հիպոթալամուս-հիպոֆիզար առանցքին և վահանագեղձին:

Էնդոկրին խանգարումների հանդիպման հաճախականությունն ուղիղ կապ ունի օնկոլոգիական բուժման տեսակի հետ, այսպես՝ ռադիոթերապիան բարձրացնում է էնդոկրին խանգարումների առաջացման, ինչպես նաև նեոպլազիաների զարգացման ռիսկը հենց այն գեղձում, որը ենթարկվել է ճառագայթման, ընդ որում իգական սեռի մոտ նեոպլազիաների հավանականությունը, ըստ որոշ տվյալների, ավելի բարձր է:

Ճառագայթային և քիմիաթերապիաներն ունեն տարբեր ազդեցություններ էնդոկրին խանգարումների առաջացման տեսանկյունից և տարբեր հաճախականությամբ են առաջացնում էնդոկրինոպաթիաներ: Այսպես օրինակ, ճառագայթային բուժման համար կիրառվող I131 յոդային իզոտոպն ունի տրոպիզմ վահանագեղձի նկատմամբ: Հատկապես բարձր է վահանագեղձի վնասումը, եթե ճառագայթվել են գլուխ-պարանոց և սուպրակլավիկուլյար-վերին կրծքավանդակային հատվածները: Իոնացված ռադիոթերապիան առաջացնում է ԴՆԹ-ի վնասում՝ բերելով գենոմային անկայունության և քրոմոսոմային փոփոխությունների, ինչը կարող է հանգեցնել այլ էնդոկրին գեղձերի ախտահարմանն ու էնդոկրին նեոպլազիաների առաջացմանը ևս: Ընդ որում, ապացուցված է, որ երեխաները ճառագայթային թերապիայի նկատմամբ ավելի զգայուն են, քան մեծահասակները:

Ըստ վերջին տվյալների, գլխուղեղի ճառագայթային թերապիայից հետո երեխաների մոտ 12%-ի շրջանում զարգացել է վաղաժամ սեռական հասունացում, ինչը վկայում է այն մասին, որ ճառագայթային բուժումից հիպոթալամո-հիպոֆիզար առանցքը ոչ միայն ընկճվում է, այլ կարող է նաև  ակտիվանալ: Այն կախված է գլխուղեղի քաղցկեղի տեղակայումից և հիդրոցեֆալիայի առկայությունից: Կենտրոնական հիպոգոնադիզմը կարող է զարգանալ գլխուղեղի ճառագայթումից տասնամյակներ հետո: Հիպոֆիզի` աճի հորմոն արտադրող բջիջները ամենազգայունն են գլխուղեղի ճառագայթման հանդեպ, և երեխաների 50-100%-ի շրջանում հետագայում առաջանում է աճի հորմոնի անբավարարություն:

Քիմիաթերապիան կարող է հանգեցնել բջիջների ԴՆԹ-ի վնասմանը, սակայն վերջին տարիներին կիրառվող դեղորայքները հիմնականում թիրախային քիմիաթերապիա են, և կողմնակի ազդեցությունները համեմատաբար քիչ են: Քիմիաթերապիայից հետո վահանագեղձի պաթոլոգիաները համեմատաբար ավելի քիչ են հանդիպում:

Ռադիո-թերապիայից և քիմիա-թերապիայից առաջացող էնդոկրին գեղձերի ախտահարման հաճախականությունը պատկերված է նկարում, որտեղ որքան մուգ է գունավորումը, այնքան ավելի բարձր է տվյալ գեղձի ախտահարման ռիսկը:

Գլխուղեղում տեղակայված ուռուցքները, եթե մոտ են տեղակայված հիպոթալամուս-հիպոֆիզար առանցքին, կարող են առաջացնել այդ առանցքի ընկճում` ուռուցքի զանգվածով և հարաճմամբ պայմանավորված, ինչպես նաև վիրահատական միջամտությունից հետո՝ բերելով հիպոպիոտուիտարիզմի զարգացմանը և ոչ շաքարային դիաբետի առաջացմանը:

Հորմոնային պրեպարատներով բուժման դեպքում, բնականաբար, սպասելի է հորմոնային խանգարումների առաջացումը, օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի բուժումը արոմատազայի ինհիբիտորներով և սելեկտիվ էստրոգեն-պատասխանող մոդուլյատորներով, կամ շագանակագեղձի քաղցկեղի բուժումը հակա-անդրոգենային դեղամիջոցներով:
Քաղցկեղի բուժումից հետո համեմատաբար ավելի հազվադեպ են ախտահարվում հարվահանագեղձերը, մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը: Իսկ, օրինակ, գոնադների պաթոլոգիաները (ձվարաններ և ամորձիներ) ավելի հաճախ են հանդիպում` ինչպես առաջնային գոնադների ախտահարման հետևանքով, այնպես էլ երկրորդային` հիպոթալամո-հիպոֆիզար առանցքի ախտահարմամբ: Որպես հետևանք դեռահասների մոտ դիտվում է սեռական հասունացման ուշացում կամ բացակայություն, իսկ երբեմն այն առաջանում է որպես քաղցկեղի բուժման ուշ բարդություն` բերելով ֆերտիլության խանգարման և ոսկրերի հանքային ցածր խտության:

Որպես քաղցկեղի բուժման երկարաժամկետ նյութափոխանակային բարդություն` կարող է զարգանալ ճարպակալում (հատկապես գլխուղեղի ճառագայթումից հետո), մետաբոլիկ համախտանիշ, շաքարային դիաբետ և սիրտ-անոթային բարձր ռիսկ: Ընդ որում ապացուցված է քաղցկեղի բուժումից հետո պացիենտների մահացության բարձր հաճախականություն հենց սիրտ-անոթային պատահարներից:

 

Նկար 1. Ռադիո և քիմիա-թերապիայից հետո էնդոկրին ախտահարումների հաճախականությունը:
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Լուսինե Վ. Նավասարդյան, բ.գ.թ., դոց., ԵՊԲՀ էնդկրինոլոգիայի ամբիոն, «Արաբկիր» ԲԿ–ԵԴԱԻ, մանկական էնդոկրինոլոգ

Հղումներ
  • Armenian, S. H., Xu, L., Ky, B., Sun, C., Farol, L. T., Pal, S. K., Douglas, P. S., Bhatia, S., & Chao, C. (2016). Cardiovascular Disease Among Survivors of Adult-Onset Cancer: A Community-Based Retrospective Cohort Study. Journal of clinical oncology : official journal of the American Society of Clinical Oncology, 34(10), 1122–1130. https://doi.org/10.1200/JCO.2015.64.0409
  • Gebauer, J., Higham, C., Langer, T., Denzer, C., & Brabant, G. (2019). Long-Term Endocrine and Metabolic Consequences of Cancer Treatment: A Systematic Review. Endocrine reviews, 40(3), 711–767. https://doi.org/10.1210/er.2018-00092
  • Rose, S. R., Schreiber, R. E., Kearney, N. S., Lustig, R. H., Danish, R. K., Burghen, G. A., & Hudson, M. M. (2004). Hypothalamic dysfunction after chemotherapy. Journal of pediatric endocrinology & metabolism : JPEM, 17(1), 55–66. https://doi.org/10.1515/jpem.2004.17.1.55
  • Velentza, L., Tolia, M., Christakou, C., Nikolaou, M., Zerdes, I., Tsoukalas, N., Hajiioannou, J., Tsanadis, K., Rigas, G., Mitsis, M., Theodorou, K., Pistevou-Gombaki, K., Tsekeris, P., & Kyrgias, G. (2017). Addressing the post-irradiation hypothalamic-pituitary endocrine abnormalities of brain tumors in pediatric patients. Journal of B.U.ON. : official journal of the Balkan Union of Oncology, 22(5), 1240–1245.

 

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը