The OPEN minute newsletter / Օտար մարմիններ
Ապրիլ 5, 2023

Օտար մարմիններ

Օտար մարմինները հաճախ են հանդիպում կրծքի հասակի և ավելի մեծ տարիքի երեխաների մոտ։ Ընդհանուր քանակը մնում է անհայտ, քանի որ շատ դեպքեր մնում են չհաղորդված։ 2010 թվականի American Association of Poison Control Centers հայտնել է ավելի քան 116000 օտար մարմնի դեպքերի մասին։ Այդ դեպքերի մեծ մասը՝ 86000-ը, տեղի է ունեցել 5 տարեկանից փոքր երեխաների մոտ։ Օտար մարմինների դեպքերի ճնշող մեծամասնությունը պատահականություն են։ Շատ դեպքերում դեպքի հետ կապված դիմում են, երբ ականատես են լինում կամ հայտնաբերում են որևէ իրի բացակայություն։ Երբեմն ծնողի մոտ կասկած է առաջանում նաև երեխայի նկարագրության արդյունքում։

Կերակրափողի օտար մարմինների մեծ մասի մոտ դրսևորումը կարող է լինել սկսած ախտանիշների բացակայությունից մինչև թքահոսություն, պարանոցի և կոկորդի ցավ, դիսֆագիա, ռեսպիրատոր խանգարումներ, խզզոցներ, որովայնի ցավ կամ փքվածություն։ Կերակրափողը ՍԱՏ-ի ամենանեղ հատվածն է, այդ պատճառով հաճախ հանդիսանում է օտար մարմինների տեղակայման վայր։ Մասնավորապես, առկա են կերակրափողի երեք բնական նեղացումներ, որտեղ կարող են կանգնել օտար մարմինները, դրանք են’ կերակրափողի վերին փականը, աորտայի աղեղի հատվածը և ստորին կերակրափողային փականը։

Ռենտգեն պոզիտիվ օտար մարմինները կարող են հայտնաբերվել առաջահետին (տես ձախ պատկերը) կամ կողմնային, պարանոցի կամ կրծքավանդակի ռենտգեն հետազոտության օգնությամբ, իսկ ռենտգեն նեգատիվների դեպքում կարող է պահանջվել հավելյալ կոնտրաստ նյութով հետազոտություն կամ էզոֆագոսկոպիա:

Ամենահաճախ հանդիպող օտար մարմիններից է մետաղադրամը։ Դրանց մեծ մասը հայտնաբերվում է կերակրափողում առաջահետին դիրքով, և կողքից կողմնային ռենտգենոգրաֆիայի ժամանակ (տես աջ պատկերը)։ Երբեմն հանդիպում են կերակրափողում մեկից ավելի մետաղադրամների դեպքեր։

Օտար մարմնի տեղակայումը մեծ նշանակություն ունի բուժական տակտիկայի ընտրության համար։ Մոտավորապես, 60-70% դեպքերում օտար մարմինը տեղակայված է լինում կերակրափողի պրոքսիմալ հատվածներում, իսկ վերին կամ միջին հատվածներում լինելու դեպքում օտար մարմինները պահանջում են հեռացում, քանի որ առաջ շարժվելու հավանականությունը փոքր է։ Հեռացման տարբերակներն են կոշտ կամ ճկուն էնդոսկոպիան և Ֆոլեյի կաթետրի միջոցով հեռացումը ռենտգեն հսկողության պայմաններում։ Կերակրափողի ստորին երրորդում գտնվող օտար մարմինների մեծ մասը կարող է ինքնուրույն տեղաշարժվել դեպի ստամոքս։ Այդ պատճառով նման դեպքերի պարագայում կարելի է սահմանել հսկողություն և անարդյունավետ լինելու դեպքում տեղաշարժել օտար մարմինը ստամոքս բուժի կամ նազոգաստրալ խողովակի միջոցով’ առանց ընդհանուր անզգայացում կիրառելու։

Մարտկոցների դեպքերը պահանջում են հատուկ ուշադրություն, քանի որ կարող են առաջացնել հյուսվածքների խորը վնասվածքներ’ կապված մեխանիկական ճնշման, էլեկտրական վնասման և քիմիական նյութի արտածորելու հետ, ինչը կարող է հանգեցնել հյուսվածքների նեկրոզի։ Այսպիսով, ցանկացած մարտկոցի առկայություն կերակրափողում ցուցում է այդ օտար մարմի հեռացման։ Մարտկոցների կուլ տալու վաղ և ուշ բարդությունները ներառում են կերկրափողի թափածակումը, կերակրափող-շնչափողային խուղակը, սպիական նեղացումները և մահը։

Այն օտար մարմինները, որոնք հայտնաբերվում են կերակրափողից ավելի ստորադիր հատվածներում, սովորաբար անախտանիշ են։ Բոլոր այն դեպքերում, երբ պացիենտի մոտ առկա է որովայնի ցավ, սրտխառնոց, փսխում, պետք է պարտադիր մտածել աղիքային անանցանելիության կամ թափածակման մասին։ Դեպի ստամոքս անցած օտար մարմինների մեծամասնությունը ավելի ստորադիր հատվածներով անցնում է առանց որևէ բարդության։ Այս պացիենտների համար կարելի է սահմանել արտահիվանդանոցային հսկողություն։ Որևէ ապացուցված փաստ պրոկինետիկ դեղորայքի կամ տարատեսակ սննդի կիրառման դեպքում, օտար մարմնի ավելի հեշտ դուրս գալուն նպաստելու մասին գոյություն չունի։ Շատ դեպքերում ծնողներին խորհուրդ է տրվում հետևել երեխայի կեղտին’ օտար մարմինը հայտնաբերելու նպատակով, սակայն մինչև 50% դեպքերում այն չի հայտնաբերվում նույնիսկ դուրս գալու պարագայում։ Այն դեպքերում, երբ երեխան չունի որևէ ախտանիշ, սակայն օտար մարմինը դուրս չի եկել, ռենտգեն հետազոտությունը կարելի է անել 2-3 շաբաթ անց։

Մագնիսները օտար մարմինների մյուս տեսակն են, որ կարող են առաջացնել լուրջ ախտահարումներ, երբ առկա են մեկից ավելի քանակով, կամ առկա է մեկ մագնիս և այլ մետաղական իր, որը երեխան կուլ է տվել միասին կամ կարճ ժամանակի ընթացքում միմյանցից հետո։ Այս երեխաները նույնպես կարող են լինել անախտանիշ, որոշ դեպքերում օտար մարմինները կարող են հայտնաբերվել պատահական, այլ պատճառներով կատարված ռենտգենոգրաֆիայի արդյունքում։ Ռենտգնեն հետազոտությունները միշտ պետք է մեկնաբանել զգուշությամբ, քանի որ թվացյալ աղիքի լուսանցքում գտնվող մագնիսները կարող են իրար միացած լինել աղիքի պատի միջով և ժամանակի ընթացքում առաջացնել թափածակում’ իրենից բխող բոլոր բարդություններով։

Այս պատճառով ցանկացած դեպքում, երբ հայտնաբերվել է նմանատիպ օտար մարմին, անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել’ բարդությունները կանխելու նպատակով։ Եթե մագնիսները հայտնաբերվել են կերակրափողում կամ ստամոքսում, դրանք հարկավոր է հեռացնել’ հետագայում բարդություններ չունենալու նկատառումներով։ Այն դեպքերում, երբ օտար մարմիններն անցել են ստամոքսից ավելի ցած, դրանք, միանալով իրար, կարող են առաջացնել աղիքային անանցանելիություն, թափածակում կամ խուղակների ձևավորում, այդ պատճառով նման պացիենտներին հարկավոր է հսկել ստացիոնար պայմաններում’ կատարելով հերթական ռենտգեն հետազոտություններ, և երեխայի մոտ ախտանիշների զարգանալու դեպքում կամ մագնիսական օտար մարմնի 24 ժամից ավելի նույն տեղում ֆիկսված լինելու դեպքում կատարել վիրաբուժական միջամտություն։

Սուր օտար մարմինների 15-35%-ը կարող է առաջացնել տարատեսակ խնդիրներ։ Հաճախակի հանդիպող օտար մարմինների շարքից են ասեղները, պտուտակները, ատամի չոփիկները, անգլիական ասեղները և ոսկրերը։ Թափածակումները կարող են տեղի ունենալ ՍԱՏ–ի նեղացող հատվածներում, մասնավորապես իլեոցեկալ փականի հատվածում։ Սրածայր, բայց չափսերով փոքր օտար մարմինների դեպքում թափածակման ռիսկը ավելի փոքր է, այդ պատճառով դրանք կարելի է վարել կոնսերվատիվ։

Շնչուղիների օտար մարմինների մեծ մասի ասպիրացիան տեղի է ունենում խաղալու ընթացքում։ Միջին տարիքը, երբ տեղի է ունենում օտար մարմինների ասպիրացիա, 1,5 տարեկանն է, իսկ բոլոր դեպքերի մոտ 75% տեղի է ունենում մինչև 4 տարեկան երեխաների մոտ։ Տարեկան ԱՄՆ-ում շնչուղիների օտար մարմինների պատճառով մահանում է 350-2000 մարդ։ Ասպիրացված օտար մարմինների մեծ մասը օրգանական բնույթի են (ընդեղեն, բանջարեղեն, լոբազգիներ և այլն):

Հաճախ հանդիպող ախտանշաններն են շնչառական խանգարումները, ստրիդորը, խզզոցները, լինում է նաև ձայնի փոփոխություն։ Չնայած դրան, շատ երեխաներ կարող են լինել անախտանիշ։ Բազմաթիվ դեպքեր չեն նկատվում ծնողների կողմից։ Կոկորդի օտար մարմինների դեպքում գերակշռում է ինսպիրատոր ստրիդոռը, իսկ շնչափողի դեպքում’ էքսպիրատորը։ Հազվագյուտ դեպքերում, երբ օտար մարմինը ամբողջությամբ փակում է կոկորդը կամ շնչափողը, երեխան կարող է հանկարծամահ լինել։ Խրոնիկ օտար մարմինները շատ անգամ ներկայանում են ռեսպիրատոր վարակների, երկարատև հազի, կրկնվող թոքաբորբերի ձևով։ Ավելի ուշ բարդություններից են բրոնխների սպիական նեղացումները ու թափակածակումները, բրոնխոէկտատիկ հիվանդությունը, խուղակների ձևավորումը և այլն։

Անամնեզի մանրակրկիտ հավաքումից հետո սովորաբար կատարվում է պարանոցի և կրծքավանդակի առաջահետին և կողմնային պրոեկցիաներով ռենտգեն հետազոտություն։ Դեպքերի մեծամասնությունում կարելի է հայտնաբերել գերօդակրություն, քանի որ օտար մարմինները աշխատում են իբրև միակողմանի փական’ բերելով օբստրուկտիվ էմֆիզեմայի առաջացման։

Զարմանալի է, բայց շնչուղիների օտար մարմիններով երեխաների մինչև 56% կարող է ունենալ նորմալ կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա դեպքից 24 ժամ անց։ Ռենտգեն պոզիտիվ օտար մարմինները հեշտ է հայտնաբերել, սակայն ռենտգեն նեգատիվները պետք է հայտնաբերվեն որոշակի ախտանիշների հիման վրա, որոնցից է, օրինակ, թոքի գերփքվածքությունը։ Ասպիրացիայի էպիզոդի նախապատմություն ունեցող երեխայի մոտ ռենտգեն հետազոտությունը որոշիչ նշանակություն կարող է ունենալ, սակայն վերջնական ախտորոշումը պահանջում է բրոնխոսկոպիայի կատարումը։

Շնչուղիների օտար մարմինների անհետաձգելի բուժօգնությունը կարող է շատ դժվար և վտանգավոր լինել։ Հստակ անամնեզը միշտ կարևոր է, սակայն որոշ դեպքերում բավականին դժվար է փոքր երեխաների պարագայում։ Ճկուն էնդոսկոպի կիրառումը ախտորոշման համար և հետագայում կոշտ էնդոսկոպիայի կիրառումը հեռացման համար շատ է կիրառվում մանկական վիրաբուժության մեջ։ Վիրահատարանում կիրառվող ընդհանուր անզգայացումը սեփական շնչառության պայմաններում կամ մկանային ռելաքսանտների կիրառմամբ լավագույն միջոցն է օտար մարմինների անվտանգ հեռացման համար։
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունք

Հղումներ
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" indicates required fields