The OPEN minute newsletter / Աճման ցավեր
Մայիս 31, 2023

Աճման ցավեր

Աճման ցավերի համընդհանուր ընդունված սահմանում գոյություն չունի։ Ոսկրամկանային էպիզոդիկ ցավերի աﬔնահաճախ հանդիպող ձևն է մանկական տարիքում, որը սովորաբար անհետանում է ուշ մանկական հասակում։ Սակայն հաճախակի էպիզոդները նշանակալի ազդեցություն են ունենում երեխայի առօրյայի վրա` ներառելով դպրոցից բացակայությունները և ֆիզիկական ակտիվության նվազեցումը։ Հիվանդությունը ախտորոշվում է բացառման սկզբունքով։

Համաճարակաբանություն

Ախտաբանության տարածվածությունը պոպուլյացիայում կազմում է 3-37 %: Առավել հաճախ հանդիպում է աղջիկների շրջանում։ Սովորաբար սկսվում է 3-12 տարեկան հասակում։

Կլինիկա

Ցավը 2/3 դեպքերում տեղակայված է լինում սրունքների առաջային և հետին մակերեսների, ազդրերի, ծնկափոսերի շրջանում։ Հաճախ լինում է ոչ հոդային, երկկողմանի և առաջանում է օրվա վերջում կամ գիշերը, որը արթնացնում է հիվանդին։ Ցավը կարող է տևել ﬕ քանի րոպեից ﬕնչև ﬕ քանի ժամ, իսկ ուժգնությունը կարող է լինել ﬕջինից ﬕնչև ծանր։ Առավոտյան ցավեր չի ունենում և ծնողները հաճախ կարող են կանխագուշակել հաջորդ էպիզոդը՝ ելնելով երեխայի հիպերակտիվությունից։ Ցավը նվազում է ﬔրսուﬕց, տաքացնող ﬕջոցներով և հոդերի հետ կապ չունի։ էպիզոդից առաջ և հետո կլինիկական զննմամբ որևէ շեղում նորմայից չի դիտվում։ Լաբորատոր հետազոտությունները զգայուն և սպեցիֆիկ չեն։ Եթե երեխան գանգատվում է ցավից օրվա ընթացքում կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ, կամ ցավը պահպանվում է, կամ ուժգնանում, ապա ﬔծ հավանականությամբ աճման ցավերին բնորոշ չեն։

Բուժում

Բուժումը սովորաբար սիմպտոմատիկ է և պետք է ներառի հիվանդների կրթումը։ Կարևոր է հիվանդին և նրա ընտանիքին բացատրել հիվանդության բարորակ ընթացքը։ Ցավի էպիզոդների ժամանակ տեղային ﬔրսում է օգտագործվում։ Որոշ երեխաներ կարիք են ունենում երկարաժամկետ օգտագործել դեղորայքներ, առավելապես Ացետաﬕնոֆեն կամ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք (ՈՍՀԲԴ)։ Պետք է հիշել, որ ՈՍՀԲԴ-ի ոչ ճիշտ օգտագործումը կարող է բերել անցանկալի հետևանքների: Մկանների ձգման վարժությունները կարող են օգնել խրոնիկ ցավի նվազեցմանը (ծնկան ծալիչներ, քառագլուխ մկան):
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Դավիթ Սեկոյան, մանկական օրթոպեդ, «Վիգմոր» Բժշկական կենտրոն

Հղումներ
  1. Li, S.C. (2023, November 28). Growing pains. UpToDate. Retrieved May 27, 2023, from: https://www.uptodate.com/contents/growing-pains

  2. Uziel, Y., & Hashkes, P. J. (2007). Growing pains in children. Pediatric rheumatology online journal, 5, 5. https://doi.org/10.1186/1546-0096-5-5

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" indicates required fields