Տիպ 1 շաքարային դիաբետը (ՇԴ) ինսուլինի բացարձակ անբավարարությամբ պայմանավորված հիվանդություն է, որը հանդիպում է մեծամասամբ երեխաների և դեռահասների շրջանում: Այն ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսյան կղզյակների բետա-բջիջների աուտոիմունային քայքայումն է, որն անդառնալիորեն հանգեցնում է ինսուլինի անբավարարության և պահանջում է փոխարինող բուժում ինսուլինով ամբողջ կյանքի ընթացքում: Կիրառվում են տարբեր տեսակի ինսուլիններ, որոնցից նախընտրելին ազդեցության տևողությամբ և էնդոգեն ինսուլինի սեկրեցիային նմանությամբ ինսուլինային սինթետիկ անալոգներն են` ուլտրակարճ և երկար ազդեցությամբ: Ուլտրակարճ ազդեցության ինսուլինները (հումալոգ, նովոլոգ, ապիդրա) ներարկվում են ե/մ ամեն ուտելուց առաջ օրվա մեջ մի քանի անգամ, իսկ երկարատև կամ միջին ազդեցության ինսուլինային անալոգները (գլարգին, տրեսիբա) ներարկվում են օրը մեկ անգամ` ապահովելով նորմալ գլյուկոզայի մակարդակ ուտելու միջակայքում և քնած ժամանակ:
Զարգացած երկրներում կիրառվող արդիական սարքավորումների` ինսուլինային պոմպերի միջոցով հնարավոր է կատարել ինսուլինի ներմուծումը օրգանիզմ ե/մ շարունակական ինֆուզիայի մեխանիզմով` ապահովելով օրգանիզմը ինսուլինի պահանջված քանակով 24-ժամյա անընդհատ ռեժիմով Պոմպերը կիրառվում են դիաբետի բոլոր տեսակների դեպքում նորածնային հասակից սկսած, որոնք պահանջում են ինսուլինաթերապիա:
Նորագույն սերնդի ինսուլինային պոմպերը հագեցած են հատուկ ալգորիթմներով, որոնք, սենսորների հետ միասին աշխատելով, հաշվարկում են գլյուկոզայի հնարավոր տատանումները մոտակա րոպեների ընթացքում և որոշում են ներմուծվող ինսուլինի անհրաժեշտ քանակությունը, ինչպես նաև կատարում են լրացուցիչ կորեկցիոն դոզաների հաշվարկ և ներմուծում: Նաև ունեն հնարավորություն ինքնուրույն դադարեցնելու ինսուլինի ներարկումը, եթե ալգորիթմը գնահատել է հիպոգլիկեմիայի բարձր ռիսկ: Նմանատիպ ալգորիթմով աշխատող ինսուլինային պոմպի վերջին սերնդի ներկայացուցիչ են Մեդտրոնիկ 770G և 780G պոմպերը:
Տիպ 1 ՇԴ-ի հսկման կարևորագույն բաղադրիչներից է գլյուկոզայի մակարդակի ինքնահսկումը, ինչը կարելի է կատարել գլյուկոմետրով` մատից մազանոթային արյան մեջ գլյուկոզան որոշելով, ամեն ուտելուց առաջ և գիշերը: Ինքնահսկումը կարելի է կատարել նաև ժամանակակից սարքավորումների (սենսորների) միջոցով` 24-ժամյա ռեժիմով շարունակական գլյուկոզայի որոշում ենթամաշկային ճարպաբջջանքում: Նմանատիպ սարքավորումների միջոցով բուժառուն անընդհատ կարող է հետևել գլյուկոզայի տատանումներին, ինչպես նաև առաջիկա մի քանի րոպեների ընթացքում գլյուկոզայի փոփոխության հնարավոր միտումներին, քանի որ սարքավորումը սլաքների միջոցով ցույց է տալիս՝ արդյոք մոտակա րոպեների ընթացքում գլյուկոզայի մակարդակը իջնելու կամ բարձրանալու է, թե՞ կայուն մնալու է այդ մակարդակի վրա: Ավելին, ինսուլինային նորագույն պոմպերը աշխատում են նաև այդ սենսորների հետ միասին հատուկ մշակված ալգորիթմի միջոցով: Այսինքն` շարունակական գլյուկոզայի հսկման սարքերը կարող են կիրառվել ինչպես առանձին, որպես գլյուկոզայի ինքնահսկման միջոց, այնպես էլ ինսուլինային պոմպերի հետ համակցված` հնարավորություն տալով այդ պոմպերին ինքնուրույն գլիկեմիայի կորեկցիա իրականացնել:
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Լուսինե Վ. Նավասարդյան, բ.գ.թ., դոց., ԵՊԲՀ էնդկրինոլոգիայի ամբիոն, «Արաբկիր» ԲԿ–ԵԴԱԻ, մանկական էնդոկրինոլոգ