The OPEN minute newsletter / Երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման հետ ասոցացված էնդոկրին խանգարումներ
Հոկտեմբեր 18, 2022

Երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման հետ ասոցացված էնդոկրին խանգարումներ

Ճարպակալումն ամբողջ աշխարհում հանդիսանում է առողջապահության համակարգի բարդ մարտահրավերներից մեկը: Ճարպակալման տարածվածության կտրուկ աճը՝ «պանդեմիան», վերջին 20-30 տարիներին կապված է նստակյաց կենսակերպի և ճարպերով ու ածխաջրերով հարուստ բարձր կալորիականությամբ սննդակարգի հետ: Ճարպակալումը քաշի գերավելացումն է հասակի համեմատ, ինչը հանգեցնում է մարմնի քաշի ինդեքսի (այսուհետ ՄՔԻ) բարձրացմանը: ՄՔԻ հաշվարկվում է հետևյալ բանաձևով, քաշը՝ կգ, բաժանած հասակի՝ մ2 վրա և հանդիսանում է ճարպակալման և ավելցուկային քաշի գնահատման հիմնական ցուցանիշը: Մանկական և դեռահասային տարիքում ճարպակալումը գնահատելու համար կիրառվում են ՄՔԻ պերցենտիլային աղյուսակները` ըստ սեռի և տարիքի, որի 95-րդ պերցենտիլը համապատասխանում է քաշի ավելցուկին, իսկ 95 պերցենտիլից բարձրը՝ ճարպակալման: Այսպես կոչված մորբիդային (հիվանդագին) ճարպակալման դեպքում ՄՔԻ-ի արժեքը զգալի մեծ է 95–րդ պերցենտիլից:

Ճարպակալումը բազմա–օրգանային (օրգան-համակարգային) խանգարում է, որը կարող է ընդգրկել թվարկած ախտաբանական փոփոխությունները և համակցված լինել մի շարք հիվանդությունների հետ՝

  • զարկերակային գերճնշում
  • դիսլիպիդեմիա, աթերոսկլերոզ
  • քրոնիկական բորբոքում
  • մետաբոլիկ համախտանիշ
  • էնդոթելիալ դիսֆունկցիա
  • հիպերինսուլինեմիա, շաքարային դիաբետ տիպ 2
  • ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ
  • լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն
  • ապնոէ
  • ասթմա
  • սննդային վարքի խանգարումներ
  • հոգեբանական խնդիրներ, դեպրեսիա և այլն:

 

Ճարպակալման էնդոկրինոլոգիական բարդություններից հիմնականը ածխաջրային փոխանակության խանգարումն է, որն ախտորոշվում է օրալ-գլյուկոզո-տոլերանտային փորձի (ՕԳՏՓ) կատարմամբ` որոշելով գլիկեմիան քաղցած վիճակում և 1.75մգ/կգ գլյուկոզայի ընդունումից 2 ժամ հետո:

 

Նախադիաբետ Փորձի արդյունքներ (գլիկեմիայի մակարդակ երակային արյան մեջ)
1. Քաղցած հիպերգլիկեմիա քաղցած` ≥ 6,1 մմոլ/լ
2 ժամ հետո` <7,8 մմոլ/լ:
2. Գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության խանգարում քաղցած` <6,1 մմոլ/լ
2 ժամ հետո` ≥ 7,8 մմոլ/լ, բայց <11,1 մմոլ/լ-ից
Շաքարային դիաբետ քաղցած` ≥ 7,0 մմոլ/լ
2 ժամ հետո` ≥ 11,1 մմոլ/լ
ցանկացած պատահական ժամի գլյուկոզայի որոշում` ≥ 11,1 մմոլ/լ

 

Ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը հիմնականում ախտորոշվում է ՀՕՄԱ-ինսուլինառեզիստենտության ինդեքսի հաշվարկի հիման վրա հետևյալ բանաձևով` ինսուլին x գլյուկոզա/22.5: Նորմայում այն պետք է ցածր լինի 2.9-ից: Ինսուլինառեզիստենտության կլինիկական դրսևորումներից է մաշկի հաստացումը և մգացումը ծալքերի և շփման տեղերում` acanthosis nigricans:

Մետաբոլիկ համախտանիշի ախտորոշումը երեխաների և դեռահասների շրջանում ունի որոշակի առանձնահատկություններ: Ըստ «Դիաբետի միջազգային ֆեդերացիայի» (IDF) [1] բնորոշման 6-10 տարեկան ճարպակալումով երեխաների շրջանում մետաբոլիկ համախտանիշ չի ախտորոշվում, սակայն անհրաժեշտ է նրանց հետագա հետազոտումը, եթե ՄՔԻ-ն մեծ է 95 պերցենտիլից և ընտանեկան անամնեզում առկա են մետաբոլիկ համախտանիշի ռիսկի այլ գործոններ` տիպ 2 շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, զարկերեկային գերճնշում և մորբիդային ճարպակալում: 10-16 տարեկանների շրջանում մետաբոլիկ համախտանիշն ախտորոշվում է, եթե ի լրումն ճարպակալման առկա է նաև տրիգլեցիրդների մակարդակ ≥1.7մմոլ/լ (≥ 151 մգ/դլ), ԲԽԼ <1.03 մմոլ/լ-ից (<40 մգ/դլ-ից), սիստոլիկ զարկերակային ճնշում ≥130 մմ. սնդ. սյ. կամ դիաստոլիկ ճնշում ≥85 մմ. սնդ. սյ., տիպ 2 շաքարային դիաբետ կամ մազանոթային գլյուկոզան ≥5.6 մմոլ/լ-ից (≥ 101 մգ/դլ), վերջին դեպքում անհրաժեշտ է նաև ՕԳՏՓ: 16 տարեկանից բարձր ճարպակալումով անձանց շրջանում մետաբոլիկ համախտանիշն ախտորոշվում է մեծահասակների չափանիշներով:

Ճարպակալման հսկման ոչ դեղորայքային միջոցներն են՝

  1. սննդային վարքագիծը
    • կալորիականություն -500կկալ/օր
    • ճարպերի և ածխաջրերի ընդունման սահմանափակում 2տ-ից բարձր երեխաների շրջանում (քաղցրեղեն և fast food)
    • բանջարեղենի և մրգերի ընդունման ավելացում
    • սննդի ընդունման ռեժիմի սահմանում
  2. Ֆիզիկական ակտիվություն` առնվազն >50-60ր/օր
  3. «Էկրանային ժամի» սահմանափակում, առավելագույնը՝ 2ժ/օր

Ներկայումս կիրառվող դեղորայքային և/կամ վիրաբուժական մեթոդները վերջնականորեն չեն լուծել ճարպակալման բուժման բարդ խնդիրը: Առայժմ չկա համընդհանուր բուժման սխեմա, դրանցից յուրաքանչյուրն ունի առավելություններ և թերություններ, և յուրաքանչյուր բուժառու պահանջում է անհատական մոտեցում [2;3]:
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Լուսինե Վ. Նավասարդյան, բ.գ.թ., դոց., ԵՊԲՀ էնդկրինոլոգիայի ամբիոն, «Արաբկիր» ԲԿ–ԵԴԱԻ, մանկական էնդոկրինոլոգ

Հղումներ
  • August, G. P., Caprio, S., Fennoy, I., Freemark, M., Kaufman, F. R., Lustig, R. H., Silverstein, J. H., Speiser, P. W., Styne, D. M., Montori, V. M., & Endocrine Society (2008). Prevention and treatment of pediatric obesity: an endocrine society clinical practice guideline based on expert opinion. The Journal of clinical endocrinology and metabolism, 93(12), 4576–4599. https://doi.org/10.1210/jc.2007-2458
  • Corrigendum to: “Prevention and Treatment of Pediatric Obesity: An Endocrine Society Clinical Practice Guideline Based on Expert Opinion”. (2021). The Journal of clinical endocrinology and metabolism, 106(7), e2846. https://doi.org/10.1210/clinem/dgab309
  • Bjørklund, O., Wichstrøm, L., Llewellyn, C., & Steinsbekk, S. (2022). The prospective relation between eating behaviors and BMI from middle childhood to adolescence: A 5-wave community study. Preventive medicine reports, 27, 101795. https://doi.org/10.1016/j.pmedr.2022.101795
  • Sbaraini, M., Cureau, F. V., Ritter, J., Schuh, D. S., Madalosso, M. M., Zanin, G., Goulart, M. R., Pellanda, L. C., & Schaan, B. D. (2021). Prevalence of overweight and obesity among Brazilian adolescents over time: a systematic review and meta-analysis. Public health nutrition, 24(18), 6415–6426. https://doi.org/10.1017/S1368980021001464
  • Zimmet, P., Alberti, K. G., Kaufman, F., Tajima, N., Silink, M., Arslanian, S., Wong, G., Bennett, P., Shaw, J., Caprio, S., & IDF Consensus Group (2007). The metabolic syndrome in children and adolescents – an IDF consensus report. Pediatric diabetes, 8(5), 299–306. https://doi.org/10.1111/j.1399-5448.2007.00271.x
  • Image Source: “Adult taking care of baby weight” by freepik is licensed under Freepik License.
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը