Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է դեռահասությունը որպես կյանքի 10-19 տարիների միջև ընկած ժամանակաշրջան: Դեռահասությունը մարդու կենսական ցիկլի կարևորագույն շրջաններից է, երբ դեռահասները գտնվում են յուրօրինակ «առողջության խաչմերուկում»:
Դեռահասային տարիքում տեղի ունեցող ֆիզիկական փոփոխությունները, մասնավորապես՝ քաշի և հասակի, մկանային և ճարպային զանգվածի փոփոխությունները, երկրորդային սեռական հատկանիշների առաջացումը, ակնառու են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար:
Դեռահասությանը բնորոշող նշանն է աճի թռիչքը։ Ընդհանուր առմամբ, աճի սկիզբը, տևողությունը, աճի արագությունը բավական անհատական են՝ կախված ժառանգական գործոններից, սեռից, սննդային վարքագծից, ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակից և արտաքին այլ գործոններից: Նույն արտաքին գործոնները կարող են տարբեր ազդեցություն թողնել աղջիկների և տղաների սեռական հասունացման վրա։
Աղջիկների բուռն աճը մոտավորապես 2 տարով ավելի վաղ է տեղի ունենում տղաների համեմատ, սովորաբար սկսվում է 10 տարեկանից: Միջինում դեռահասության ընթացքում աղջիկների հասակը ավելանում է 18-23 սմ, իսկ տղաներինը`25-30 սմ: Այս առանձնահատկությունները չափահաս տարիքում հանգեցնում են հասակների միջինում 13 սմ սեռային տարբերության: Ընդհանուր առմամբ, դեռահասային տարիքում ավելանում է մեծահասակներին բնորոշ քաշի 50% և հասակի 20%:
Մարմնի զանգվածի ավելացումը աղջիկների մոտ տեղի է ունենում ճարպային հյուսվածքի, իսկ տղաների մոտ` մկանային հյուսվածքի հաշվին:
Շատ կարևոր է բացատրել դեռահասներին, որ այդ բոլոր փոփոխությունները նորմալ են։ Տեղի ունեցող ֆիզիկական փոփոխությունների հետ չհամակերպվելը կարող է առաջացնել անհանգստություն, վախ, նպաստել դեպրեսիայի, սննդային վարքագծի խանգարումների առաջացմանը։
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Մարինա Մելքումովա, դեռահասների բժիշկ և դեռահասների առողջության ծրագրերի համակարգող