The OPEN minute newsletter / Զգայական ազդակների մշակման խանգարման ազդանշաններ՝ կարմիր դրոշներ
Սեպտեմբեր 13, 2022

Զգայական ազդակների մշակման խանգարման ազդանշաններ՝ կարմիր դրոշներ

Զգայական ազդակների մշակման խանգարումը (այսուհետ ԶԱՄԽ), որը նաև կոչվում է զգայական ինտեգրման դիսֆունկցիա կամ զգայական ինտեգրման խանգարում՝  ներգործող զգայական ազդակները միավորելու և հասկանալու (կամ մշակելու) անկարողությունն է: Մենք զգայական տեղեկություն ենք ստանում արտաքին և ներքին զգայարանների միջոցով: Այս տեղեկությունն ընդունելու կամ մեկնաբանելու դժվարությունը կարող է հանգեցնել առօրյա գործունեության, սոցիալական և ընտանեկան հարաբերությունների, ինքնակարգավորման, ինքնագնահատականի, վարքագծի և/կամ սովորելու հետ կապված խնդիրների:

Մեր մարմնի և մեր աշխարհի մասին տեղեկությունը ստանում ենք ութ հիմնական զգայարանների միջոցով, որոնք աշխատում են համակցված՝ թույլ տալով մեզ ապահով զգալ, զվարճանալ, սովորել և շփվել մեր միջավայրի հետ:

Ութ զգայական համակարգերը ներառում են՝ հպում, պրոպրիոցեպցիա (մարմնի զգացում), հավասարակշռություն (շարժման զգացում), լսողություն (ունկնդրում), տեսողություն, համ և հոտ, ներքին օրգանների զգայունություն (ինտերոցեպցիա):

Ծնողներն առաջինն են նկատում իրենց երեխայի զգայական խնդիրը, բայց հաճախ նրանց դիտարկումները անտեսվում են, քանի որ նրանք «պարզապես ծնողներ» են: Եթե մանկաբույժը ծանոթ չէ ԶԱՄԽ-ին, ծնողների անհանգստության պատճառ դարձած նշանները կարող են անտեսվել, սխալ մեկնաբանվել կամ մերժվել: Ծնողներին կարող են նախատել չափից ավելի արձագանքելու համար, կամ նրանց կարող են հանգստացնել, ասելով, որ երեխան «մի փոքր ուշանում է» կամ «անցնում է զարգացման փուլ» կամ «ցույց է տալիս իր անհատականությունը» կամ «պարզապես տղա է»։

Երբ ես հանդիպում եմ ընտանիքների հետ Դենվերի կենտրոնում կամ սեմինարների ժամանակ, հաճախ ծնողները հուսահատության եզրին են լինում, քանի որ փորձել են և չեն կարողացել որևէ մեկին համոզել, որ անհանգստացնող ախտանիշները գոյություն ունեն և հիմնականում խաթարում են իրենց երեխայի կյանքը: Ծնողները համոզված են, որ ինչ-որ բան ճիշտ չէ, սակայն ահաբեկված են, հիասթափված կամ ուղղակի հուսալքված, քանի որ ոչ ոք չի հավատում նրանց:

“Լյուսի Ջեյն Միլլեր”:

Կրծքի հասակի և վաղ մանկական տարիքի երեխաներ՝

  • ուտելու կամ քնելու հետ կապված խնդիրներ ունի
  • հրաժարվում է գնալ որևէ մեկի մոտ, բացի իր մայրիկից
  • դյուրագրգիռ է հագնվելիս, անհարմար է զգում հագուստի մեջ
  • հազվադեպ է խաղում խաղալիքներով
  • դիմադրում է գրկելիս, բռնելիս հետ է քաշվում
  • չի կարող ինքն իրեն հանգստանալ
  • ունի թույլ կամ պիրկ մարմին, շարժողական ոլորտի հապաղում:

Նախադպրոցական տարիքի երեխաներ՝

  • չափազանց զգայուն է հպման, աղմուկի, հոտերի և օտար մարդկանց նկատմամբ
  • դժվարանում է շփման մեջ
  • դժվարանում է հագնվել, ուտել, քնել և/կամ զուգարանից օգտվել
  • թույլ է, շարժողական հմտությունները վատ են զարգացած՝ անփույթ և ոչ սահուն
  • մշտական շարժման մեջ է, անընդհատ հայտնվում է ուրիշների աչքերի առաջ
  • ունենում է հաճախակի կամ երկարատև զայրույթի բռնկումներ

Դպրոցական տարիքի երեխաներ՝

  • չափազանց զգայուն է հպման, աղմուկի, հոտերի և օտար մարդկանց նկատմամբ
  • հեշտությամբ շեղվում է, անհանգիստ է, ձգտում է շարժման, ագրեսիվ է
  • հեշտությամբ բռնկվում է
  • ունի ձեռագրի կամ շարժողական գործողությունների հետ կապված դժվարություններ
  • ընկերներ դժվարությամբ է ձեռք բերում
  • Անտեղյակ է ցավից և/կամ այլ մարդկանցից:

Դեռահասներ և մեծահասակներ՝

  • չափազանց զգայուն է հպման, աղմուկի, հոտերի և այլ մարդկանց նկատմամբ
  • ունի ցածր ինքնագնահատական, վախենում է նոր առաջադրանքներում ձախողվելուց
  • լեթարգիկ է և դանդաղ
  • միշտ շարժման մեջ, իմպուլսիվ, հեշտությամբ շեղվող
  • առաջադրանքները թողնում է կիսատ
  • ձեռագիրը կամ շարժողական հմտությունները դանդաղ են, անփույթ, աղքատիկ
  • դժվար է կենտրոնացած մնում
  • դժվար է կենտրոնացած մնում աշխատանքի և հանդիպումների ընթացքում
  • մոտիվացված չէ, կարծես երբեք չի ուրախանում:

ԶԱՄԽ-ի պատճառները

Զգայական ազդակների խանգարման ճշգրիտ պատճառը դեռևս չի բացահայտվել: Նախնական ուսումնասիրությունները և հետազոտությունները ցույց են տալիս, որ ԶԱՄԽ-ն հաճախ ժառանգական է: Նախածննդյան և ծննդաբերական բարդությունները ինչպես նաև որոշ շրջակա միջավայրի գործոններ նույնպես համարվում են ԶԱՄԽ-ի պատճառ:

Հիմնարար փաստեր ԶԱՄԽ-ի մասին.

  1. ԶԱՄԽ-ն ուղեղի բարդ խանգարում է, որն ազդում է երեխաների զարգացման վրա:
  2. Գոյություն ունեն ծնողների համար նախատեսված հարցումներ, կլինիկական գնահատումներ և լաբորատոր արձանագրություններ ԶԱՄԽ-ով երեխաներին բացահայտելու համար:
  3. Ընդհանուր բնակչության առնվազն քսանից մեկը կարող է ունենալ ԶԱՄԽ:
  4. Օժտված երեխաների և ՈՒՊԳՀ-ով /ADHD/, աուտիզմով և փխրուն X համախտանիշով երեխաների մոտ ԶԱՄԽ-ի տարածվածությունը շատ ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչության մեջ:
  5. Հետազոտությունները ցույց են տվել զգալի տարբերություններ ԶԱՄԽ ունեցող երեխաների և նորմալ զարգացում ունեցող երեխաների ֆիզիոլոգիական տվյալների մեջ:
  6. Ուսումնասիրությունները պարզել են զգալի տարբերություն ԶԱՄԽ ունեցող երեխաների և ՈՒՊԳՀ ունեցող երեխաների ֆիզիոլոգիայի մեջ:
  7. ԶԱՄԽ-ն ունի յուրահատուկ զգայական ախտանիշներ, որոնք չեն բացատրվում այլ հայտնի խանգարումներով:
  8. Ժառանգականությունը կարող է լինել խանգարման պատճառներից մեկը:
  9. Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային համակարգերը տիպիկ չեն գործում ԶԱՄԽ ունեցող երեխաների մոտ:
  10. Նախնական հետազոտական ​​տվյալները հաստատում են տասնամյակների չհաստատված ապացույցները, որ ԶԱՄԽ-ի ախտանիշները բուժելու համար էրգոթերապիան /օկուպացիոն/ թերապիան արդյունավետ միջամտություն է:

Զգայական ազդակների մշակման խանգարումների ստուգաթերթ. դիսֆունկցիայի նշաններն ու ախտանիշները

Այս ստուգաթերթի նպատակն է օգնել երեխաների հետ շփվող մասնագետներին ձեռք բերել գիտելիք զգայական ազդակների մշակման դիսֆունկցիայի որոշակի նշանների վերաբերյալ: Ստուգաթերթը չպետք է օգտագործվի որպես զգայական ազդակների մշակման խանգարում ունեցող երեխաների բացարձակ ախտորոշիչ չափանիշ: Մասնագետները, ովքեր կարող են ախտորոշել այս խանգարումը, բացի ստուգաթերթերից, ունեն իրենց գործիքները՝ զգայական ինտեգրման դիսֆունկցիայի մոնիտորինգի և ստուգման համար:

«Հինգ նախազգուշացումները», որոնք Քերոլ Սթոք Կրանովիցը (Carol Stock Kranowitz) մատնանշում է իր “The Out-Of-Sync Child” (1995) գրքում ստուգաթերթ օգտագործելու վերաբերյալ`

  1. զգայական դիսֆունկցիա ունեցող երեխան պարտադիր չէ, որ դրսևորի բոլոր հատկանիշները։ Այսպես, վեստիբուլյար դիսֆունկցիայով երեխան կարող է ունենալ վատ հավասարակշռություն, բայց լավ մկանային տոնուս
  2. երբեմն երեխան մի օր դրսևորում է դիսֆունկցիայի նշաններ, մյուս օրը՝ ոչ: Օրինակ, պրոպրիոցեպցիայի խնդիրներ ունեցող երեխան կարող է ուրբաթ օրը սայթաքել մայթի յուրաքանչյուր անհարթության վրա, իսկ շաբաթ օրը խփել բոլոր ֆուտբոլային գոլերը: Նյարդաբանական դիսֆունկցիային բնորոշ է նշանների’ ոչ մշտական ի հայտ գալը։
  3. երեխան կարող է դրսևորել որոշակի դիսֆունկցիայի առանձնահատկություններ, բայց չունենալ այդ դիսֆունկցիան: Օրինակ, երեխան, ով սովորաբար խուսափում է հպումից, կարող է գերզգայուն թվալ տակտիլ խթանման հանդեպ, բայց փոխարենը կարող է ունենալ հուզական խնդիր
  4. երեխան կարող է լինել կամ գերզգայուն, կամ թերզգայուն։ Օրինակ, երեխան կարող է չափազանց զգայուն լինել թեթև հպման հանդեպ՝ կծկվելով ուսին մեղմ հպումից, բայց բավականին անտարբեր լինել պատվաստման խորը ցավի նկատմամբ
  5. բոլորն էլ ժամանակ առ ժամանակ ունենում են զգայական ինտեգրման խնդիրներ, քանի որ ոչ ոք մշտապես ինքն իրեն չի վերահսկում: Բոլոր տեսակի գրգռիչները կարող են ժամանակավորապես խաթարել ուղեղի բնականոն գործունեությունը՝ կա՛մ ծանրաբեռնելով այն զգայական գրգռումներով, կա՛մ զրկելով նրանից:

Ախտանիշների ստուգաթերթը ներառում է.

  • Շոշափման/տակտիլ դիսֆունկցիայի նշաններ (տակտիլ պաշտպանողականություն, թերզգայունություն/անբավարար պատասխան կամ վատ տակտիլ ընկալում և տարբերակում/ կողմորոշում):
  • Վեստիբուլյար դիսֆունկցիայի նշաններ (գերզգայունություն/չափից ավելի պատասխան, թերզգայունություն կամ թույլ մկանային տոնուս և/կամ վատ կոորդինացում):
  • Պրոպրիոցեպտիվ դիսֆունկցիայի նշաններ (զգայական որոնողական վարքագիծ, «շարժման աստիճանավորման» դժվարություն):
  • Լսողական դիսֆունկցիայի նշաններ՝ ախտորոշված լսողության ​​խնդիրներ չկան (լսողության պաշտպանողականություն, անբավարար գրանցում):
  • Բերանի խոռոչի դիսֆունկցիայի նշաններ (բերանի խոռոչի պաշտպանողականություն, անբավարար գրանցում):
  • Հոտառության դիսֆունկցիայի նշաններ (հոտեր) (գերզգայունություն, թերզգայունություն):
  • Տեսողական խթանների ընկալման դիսֆունկցիայի նշաններ՝ ախտորոշված ​​տեսողական խնդիրներ չկան (գերզգայունություն, թերզգայունություն կամ, տարբերակման, ընկալման կամ առարկան հետևելու դժվարություն):
  • Ներքին կարգավորում (ներքին զգացողություն):

Զգայական ազդակների մշակման խանգարման (ԶՄԽ) բուժում

Բուժումը սովորաբար իրականացվում է թերապիայի միջոցով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերապիան վաղ սկսելը առանցքային է: Թերապիան կարող է օգնել երեխաներին սովորել հաղթահարել իրենց խնդիրները: Սեանսներն անցկացվում են որակավորված մասնագետի կողմից: Սեղանները հիմնված են երեխայի վիճակի գնահատման վրա՝ երեխան գերզգայուն է, թերգայուն կամ ունի այս երկուսի համակցությունը: Նա կօգնի երեխային սովորել հաղթահարել խանգարումը:

Կան թերապիայի տարբեր տեսակներ՝

Զգայական ինտեգրման թերապիա (ԶԻ/SI): Այս տեսակը օգտագործում է զվարճալի գործողություններ վերահսկվող միջավայրում: Լինելով թերապիստի հետ երեխան զգում է գրգռիչների ազդեցությունը՝ առանց ծանրաբեռնվածության: Նա կարող է զարգացնել այդ գրգռիչներին/ազդակներին դիմակայելու հմտություններ: Այս թերապիայի միջոցով դիմակայման հմտությունները կարող են ամենօրյա կանոնավոր  պատասխան դառնալ ազդակներին:

Զգայական դիետա: Շատ դեպքերում զգայական դիետան լրացնում է ԶՄԽ-ի բուժման այլ մեթոդներին: Զգայական դիետան սովորական սննդային դիետա չէ: Սա տան և դպրոցի համար զգայական գործողությունների ցանկն է: Այս գործողությունները նախատեսված են օգնելու երեխային մնալ կենտրոնացած և կազմակերպված ամբողջ օրվա ընթացքում: Ինչպես ԶԻ-ը, զգայական դիետան հարմարեցված է երեխայի կարիքներին: Դպրոցում զգայական դիետան կարող է ներառել՝

  • նշել յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, երբ երեխան կարող է գնալ 10 րոպեանոց զբոսանքի
  • նշել օրական երկու անգամ, երբ երեխան կարող է օրորվել 10 րոպե
  • դասասենյակում ապահովել ականջակալների մատչելիություն, որպեսզի երեխան կարողանա երաժշտություն լսել աշխատանքի ընթացքում
  • ապահովել շարժվող խաղալիքների մատչելիություն
  • ապահովել աշխատանքային գրասեղանի, աթոռի, առաձգական լարի/մալուխի մատչելիություն: Դա երեխային հնարավորություն է տալիս շարժել ոտքերը դասասենյակում նստած:

Էրգոթերապիա/օկուպացիոն թերապիա: Երեխային կարող է նաև անհրաժեշտ լինել այս թերապիան՝ օգնելու ԶՄԽ-ի հետ կապված այլ ախտանիշների դեպքում: Այն կարող է օգնել նուրբ շարժողական հմտությունների ձեռքբերմանը, ինչպիսիք են ձեռագիրը և մկրատ օգտագործելը: Այն կարող է նաև օգնել կոպիտ/մեծ շարժողական հմտությունների ձեռքբերմանը, ինչպիսիք են աստիճաններով բարձրանալը և գնդակ նետելը: Էրգոթերապիան կարող է սովորեցնել առօրյա հմտություններ, օրինակ, հագնվելը և սպասք օգտագործելը:
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Գայանե Զաքարյան, Վերականգնողական ծառայության ղեկավար, «ԱրԲեՍ» ԱԿ

Հղումներ

Kranowitz, C.S. (1998). The out-of-sync child: Recognizing and coping with Sensory Processing Disorder. TarcherPerigee.

Schoen, S. A., Miller, L. J., Brett-Green, B. A., & Nielsen, D. M. (2009). Physiological and behavioral differences in sensory processing: a comparison of children with autism spectrum disorder and sensory modulation disorder. Frontiers in integrative neuroscience, 3, 29. https://doi.org/10.3389/neuro.07.029.2009

Our sensory stories: Meet Nimish. STAR Institute. Retrieved September 7, 2022. https://sensoryhealth.org/basic/meet-nimish

Research. Children’s Support by LifeWorks. Retrieved September 7, 2022. https://sensoryhealth.org/landing-page/research

Rodil, J. (2020, June 4). Sensory Processing Disorder checklist and symptoms. NAPA Center. Retrieved September 7, 2022. https://napacentre.com.au/spd-checklist/

Sensory Integration Disorder. Children’s Support by LifeWorks. Retrieved September 7, 2022. https://childrensupportsolutions.com/tools-resources/sensory-integration-disorder/

Sensory Processing Disorder (SPD). (2020, August 31). familydoctor.org – American Academy of Family Physicians (AAFP). Retrieved September 7, 2022. https://familydoctor.org/condition/sensory-processing-disorder-spd/

Understanding Sensory Processing Disorder. STAR Institute. Retrieved September 7, 2022. https://sensoryhealth.org/basic/understanding-sensory-processing-disorder

Your 8 senses. STAR Institute. Retrieved September 7, 2022. https://sensoryhealth.org/basic/your-8-senses

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը