The OPEN minute newsletter / Զգայական ինտեգրում
Նոյեմբեր 30, 2022

Զգայական ինտեգրում

Զգայական ինտեգրումը (այսուհետ ԶԻ) տարբեր զգայարաններից եկող ազդակները կազմակերպելու նյարդաբանական գործընթաց է՝ առօրյա կյանքում կիրառման համար: Մենք օգտագործում ենք զգացողությունները գոյատևելու, սովորելու և սահուն գործելու համար: Սովորաբար, մեր ուղեղը ստանում է զգայական ազդակները մեր մարմնից և շրջակա միջավայրից, մեկնաբանում է ստացված տեղեկությունը և կազմակերպում մեր նպատակային պատասխանները:

Այլ կերպ ասած, սա ադապտացված պատասխան է, որը մենք սովորաբար կատարում ենք առանց գիտակցված ջանքերի, ինքնաբերաբար: Զգայական ազդակների մշակման գործընթածի խախտման դեպքում կառաջանա շարժողական և ճանաչողական զարգացման խանգարում, ինչպես նաև երեխայի վարքագծի փոփոխություն: Զգայական ինտեգրման գործընթացը սկսվում է ներարգանդային կյանքի առաջին շաբաթներից և առավել ինտենսիվ ընթանում է մինչև նախադպրոցական տարիքի ավարտը։

Կենտրոնական նյարդային համակարգի ոչ մի հատված ինքնին չի աշխատում. տեղեկությունը փոխանցվում է մի մասից մյուսը: Հպումն օգնում է տեսնել, տեսողությունը՝ պահպանել հավասարակշռությունը, հավասարակշռությունը՝ զգալ մարմնի դիրքը տարածության մեջ և շարժվել, շարժումն օգնում է սովորել։ Ուղեղը խթանման կարիք ունի: Խթանիչը գրգռում է ուղեղը և ստեղծում ֆունկցիոնալ ակտիվություն։ Ծնվելուց ի վեր երեխաները զարգանում են միայն մարմնից և շրջակա միջավայրից եկող զգացողությունների մշտական ​​խթանման պայմաններում: Ամեն վայրկյան մեր ուղեղին է փոխանցվում զգայարաններից եկող հսկայական տեղեկություն: Ուղեղն իր հերթին պետք է կազմակերպի տեղեկությունը, ընտրի բազմաթիվ ներգործող զգայական ազդակներից ամենակարևորը, անհրաժեշտը և մերժի ավելորդները:

Եթե ​​երեխան ծնվել է առողջ, և նրա զգայական խթանումը նորմալ է, նա շարժումների, խոսքի և վարքի զարգացման հետ խնդիրներ չի ունենա: Երեխաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով կյանքի սկզբում չունեն բավարար զգայական խթանում, զարգանում են տարբեր հապաղումներով:

Այն, թե ինչպես է երեխան մշակում իրեն շրջապատող և մարմնի ներսից եկող տեղեկությունը, ազդում է նրա զգացմունքների, մտքերի և գործողությունների զարգացման վրա: Ուղեղի գործունեության պրոցեսների չնչին խանգարումները կարող են ազդել երեխայի կենցաղային հմտությունների յուրացման, սովորելու և հաղորդակցվելու ունակությունների վրա: Տարիքի հետ խնդիրները բազմապատկվում են, և դժվարություններ են առաջանում՝ կապված զարգացման, դպրոցում սովորելու և վարքագծի հետ: Զգայական խթանումը և կուտակված փորձը նպաստում են երեխայի աճին և զարգացմանը:

Շվեյցարացի մանկական հոգեբան Ժան Պիաժեն ասել է, որ երեխաների ինտելեկտի հիմքը զգայա-շարժողական գործունեությունն է։ Մեկ տարեկան երեխան բռնում է ցանկացած առարկա, նա պետք է դիպչի ամեն ինչին և ամեն ինչ տանի դեպի բերանը։ Երեխան սովորում է ոչ միայն բռնել, նա հղկում է իր ձեռքերի, մատների շարժումների ճշգրտությունը, սովորում է կոորդինացնել այդ շարժումները տեսողության հետ, պատկերացում է կազմում տարածության մասին ոչ թե տեսականորեն, այլ գործնականում, որպեսզի վերցնի գդալ կամ բաժակ, կարողանա խմել կամ ուտել: Օր առ օր, շաբաթ առ շաբաթ, հարյուրավոր անգամներ երեխան կրկնում է այս շարժումները մինչև դրանք ավտոմատացվում են: Զգայա-շարժողական ինտելեկտը հավաքվում է աստիճանաբար, հատիկ առ հատիկ և դառնում խորը ոչ խոսքային ինտելեկտի հիմք։

Ուղեղն ունի ուշագրավ կարողություն՝ հարմարեցնելու զգայական տեղեկությունը շրջակա միջավայրի պահանջներին և մարդու կարիքներին, ինչպես նաև զսպելու զգայական տեղեկատվությունը, որը տվյալ նպատակի համար էական չէ: Երբ մենք ընտելանում ենք որոշակի զգայական տեղեկության, ուղեղն ինքնաբերաբար անտեսում է այն: Տվյալ պահին չպահանջվող տեղեկատվությունը արգելափակված չլինելու դեպքում ուղեղը կարող է գերխթանվել, գերբեռնվել։ Ցավոք, շատ երեխաներ ունակ չեն զարգացրել նյարդային համակարգի պաշտպանիչ, արգելակող կարողությունները:

Սա կարող է արտահայտվել ցրվածությամբ, հիպերակտիվությամբ կամ իմպուլսիվությամբ: Երեխան, ասես, առանց «արգելակների» է, նա ի վիճակի չէ ճիշտ արձագանքել որոշակի զգայական տեղեկությանը: Շատ տեղեկության դեպքում ուղեղը ծանրաբեռնվում է, և երեխան ստիպված է լինում խուսափել նոր զգացողություններից:

Երբ տեղեկությունը շատ քիչ է, ուղեղը լրացուցիչ զգայական խթաններ է փնտրում: Զգայական ազդակների ընկալման և մշակման խանգարումը (շոշափման, տեսողական, լսողական ազդակների, ինչպես նաև շարժման նկատմամբ ավելորդ կամ անբավարար զգայունություն) հանգեցնում է որոշակի նշանների և ախտանիշների, օրինակ՝ երեխան վախենում է անսպասելի կամ բարձր ձայներից, փակում է ականջները ձեռքերով, չի կարող քայլել աղմկոտ փողոցով, աղմկոտ միջավայրում ցրված տեսք ունի:

Աուտիզմի դեպքում ծայրահեղ զգայական խնդիրները շատ տարածված են: Զգայական խնդիրներ ունեցող աուտիզմի սպեկտրի երեխաները դժվարանում են ֆիլտրել ներգործող զգայական ազդակները: Նրանց նյարդային համակարգը չգիտի, թե ինչն արգելափակի և ինչը հզորեցնի:

Այս երեխաներն ունեն ընկալման «միակողմանի» (mono-channel) բնույթ: Նրանք զգայական ազդակների լայն տեսականիից առանձնացնում են իրենց համար որոշակի աֆեկտիվ նշանակալի գրգռիչներ (օրինակ՝ ձայներ, հոտեր և այլն), և հետևաբար, շրջապատող աշխարհը նրանց թվում է քաոսային և մասնատված։ Երեխաները անհարմարություն են զգում, քանի որ զգայական ազդակների որոշակի տեսակներ չափազանց ուժեղ են նրանց համար: Այս դեպքում երեխաների մոտ առաջանում է զգայական պաշտպանության համախտանիշ՝ նման գրգռիչներից խուսափելու կայուն ցանկություն: Զգայական պաշտպանությունը դրսևորվում է շոշափման, լսողական, տեսողական, վեստիբուլյար, հոտառական և համային զգայական ազդակների տեսակներով (շոշափման տեսակը՝ բոլոր երեխաների մոտ):

Ակնհայտ է, որ զգայական ինտեգրման խանգարում ունեցող երեխաները չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրները: Օգնության է հասնում էրգոթերապիստը (ՕT), ով կիրառում է ուսուցման և գնահատման ժամանակակից, ապացուցված և հաստատված մեթոդներ՝ յուրաքանչյուր երեխայի համար մանրակրկիտ մշակելով կառուցվածքային անհատական ​​ծրագիր:

Երեխաների համար «զգայական» թերապիա ընտրելիս հատուկ ուշադրություն է դարձվում «բազմասենսորային» (բազմազգայական) ընկալման մեթոդների մշակմանը, ինչը նախ ենթադրում է որոշակի ​​ընկալման հմտությունների (տեսողական, լսողական, շոշափման և այլն) բարելավում:
Երկրորդ, այն ապահովում է զգայական հարուստ և ապահով միջավայր, որը երեխային հնարավորություն է տալիս օգտագործելու իր ներքին զգայարանները (վեստիբուլյար, պրոպրիոսեպտիվ, ինտերոսեպտիվ և շոշափման), կապել դրանք իր արտաքին զգայական համակարգերի հետ (տեսողություն, լսողական)՝ զգայական մոդուլյացիայում, կեցվածքում և/ կամ պրակսիսում ֆունկցիոնալ արդյունքներ ստեղծելու համար։
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Գայանե Զաքարյան, Վերականգնողական ծառայության ղեկավար, «ԱրԲեՍ» ԱԿ

Հղումներ

Ayres, AJ. (2005). Sensory integration and the child: Understanding hidden sensory challenges.Western Psychological Services (WPS). https://www.wpspublish.com/sensory-integration-and-the-child-25th-anniversary-edition

Barrios-Fernández, S., Gozalo, M., Díaz-González, B., & García-Gómez, A. (2020). A Complementary Sensory Tool for Children with Autism Spectrum Disorders. Children, 7(11), 244. https://doi.org/10.3390/children7110244

Hatch-Rasmussen, C. (1995). Sensory integration. Sensory Integration International. http://www.pathfindersforautism.org/docs/Sensory-Integration.pdf

Kilroy, E., Aziz-Zadeh, L., & Cermak, S. (2019). Ayres theories of autism and sensory integration revisited: What contemporary neuroscience has to say. Brain sciences, 9(3), 68. https://doi.org/10.3390/brainsci9030068

Kranowitz, CS. (2003). The Out-of-sync child has fun: Activities for kids with sensory integration dysfunction. TarcherPerigee. https://out-of-sync-child.com/books/the-out-of-sync-child-has-fun-activities-for-kids-with-spd/

STAR Institute. (2018, May 18). What is Sensory Integration? [Video]. YouTube. https://www.youtube.com/watch?v=wEKSINpIYmw

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը