The OPEN minute newsletter / Բաժանմամբ պայմանավորված տագնապային խանգարում
Դեկտեմբեր 14, 2022

Բաժանմամբ պայմանավորված տագնապային խանգարում

Բաժանմամբ  պայմանավորված տագնապային խանգարում: 

Կրծքի հասակի և նախադպրոցական տարիքի երեխաների դեպքում  նորմալ է որոշ աստիճանի տագնապը’ կապված սիրելի մարդկանցից բաժանման (իրականացած կամ սպառնացող) հետ:

Այս վախն ընդգրկված է 1-5 տարեկան երեխաների նորմալ վախերի ցանկում:

Բաժանմամբ պայմանավորված տագնապային խանգարման ժամանակ որպես պատասխան ի հայտ են գալիս ճանաչողական, աֆեկտիվ, սոմատիկ և վարքային սիմպտոմներ: Բաժանմամբ պայմանավորված տագնապային խանգարումն ի հայտ է գալիս, երբ երեխան առաջին անգամ բաժանվում է կապվածության օբյեկտից՝ ծնողից, դայակից, երբեմն սիրած խաղալիքից կամ վայրից:

Ախտորոշման չափանիշներ

Բաժանմամբ պայմանավորված տագնապային խանգարում ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ մտերիմ մարդկանցից բաժանման չափազանց ուժեղ և զարգացման տեսանկյունից անհամապատասխան վախ կամ տագնապ է դիտարկվում ստորեւ նշվածներից առնվազն երեքում դեպքում’

  1. Ցուցաբերում են տան կամ շատ մտերիմ մարդու հետ իրականացած կամ կանխատեսելի բաժանման հետ կապված կրկնվող արտահայտված դիսթրես:
  2. Ունենում են շատ մտերիմ մարդկանց կորստի կամ վնասման (հիվանդություն, վիրավորում, աղետ կամ մահ) հանդեպ համառ և խիստ արտահայտված անհանգստություն:
  3. Դրսևորում են տհաճ իրադարձությունների (մոլորվել, վթարի ենթարկվել, հիվանդանալ, հափշտակվել) հանդեպ համառ և խիստ արտահայտված անհանգստություն:
  4. Բաժանման վախի պատճառով համառորեն հրաժարվում են կամ դժկամություն են զգում տնից դուրս գալուց, տնից հեռու գտնվելուց, դպրոց կամ որևէ այլ տեղ գնալուց:
  5. Տանը կամ այլ տեղերում միայնակ կամ առանց մտերիմ մարդու մնալու համառ դժկամություն կամ խիստ արտահայտված վախ են արտահայտում:
  6. Առանց մտերիմ մարդու ներկայության կամ այլ վայրերում քնելու համառ դժկամություն են արտահայտում կամ հրաժարվում են քնել:
  7. Կրկնվող մղձավանջներ են ունենում բաժանման թեմայի շուրջ:
  8. Կրկնվող սոմատիկ բողոքներ (օրինակ՝  գլխացավ, ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում) են ունենում կապված մտերիմ  մարդկանցից սպասվող կամ իրականացած բաժանման հետ:

Վախի, տագնապի կամ բաժանումից համառ խուսափման տևողությունը պետք է լինի առնվազն  4 շաբաթ։ Այս խանգարումն առաջացնում է կլինիկորեն նշանակալի դիսթրես կամ վնասում սոցիալական, կրթական կամ գործունեության այլ կարևոր ոլորտներում:

Բացառվում է բաժանման տագնապը, որը կարող է դրսևորվել նաև հոգեկան ոլորտի այլ խանգարումների ժամանակ (աուտիզմ, փսիխոզ, ագորաֆոբիա (բաց տարածքների և դռների, մարդկային կուտակումների վախ), գեներալիզացված տագնապային խանգարում  և այլն):

Երբ այս երեխաները բաժանվում են շատ մտերիմ մարդկանցից, տխրում են, սոցիալապես մեկուսանում, դառնում են ապատիկ, դժվարանում են կենտրոնանալ դասերի կամ խաղերի վրա:

Երեխաները, կախված տարիքից, կարող են ունենալ տարբեր վախեր՝ կենդանիներից, մթությունից, հրեշներից, գողերից, առևանգողներից, վթարներից, ինքնաթիռով  ճանապարհորդելուց և այլ իրավիճակներից, որոնք ընկալվում են որպես ընտանիքի  կամ իրենց համար վտանգ ներկայացնող երևույթներ:

Բաժանման տագնապային խանգարումը կարող է հանգեցնել դպրոցից հրաժարվելուց, ինչն իր հերթին կարող է առաջացնել դժվարություններ ուսման մեջ և սոցիալական մեկուսացում:

Երեխաները կարող են ցուցաբերել զայրույթ, ագրեսիա բաժանումը պարտադրողի նկատմամբ:

Երբ մնում են միայնակ (մանավանդ երեկոյան) կամ մթության մեջ, երեխաները նշում են անսովոր ընկալման դրվագներ (տեսնում են մարդկանց, իրենց վրա հարձակվող վախեցնող արարածների, զգում են նրանց հայացքները):

Այս երեխաները հաճախ սահմանափակում են իրենց գործունեությունը տնից կամ մտերիմ անձանցից հեռու (չեն գնում ճամբար, միայնակ չեն քնում):

Տարբերակիչ (դիֆերենցիալ) ախտորոշում

Բաժանմամբ պայմանավորված տագնապային խանգարումը պետք է տարբերակել մի շարք այլ հոգեկան խանգարումներից՝ գեներալիզացված տագնապային խանգարում, խուճապային խանգարում, ագոռաֆոբիա (բաց տարածքների և դռների, մարդկային կուտակումների վախ), վարքի խանգարում, դեպրեսիվ և երկբևեռ խանգարում, փսիխոտիկ խանգարում և այլն:
Կարող են լինել նաև կոմորբիդ (երբ հիվանդը միաժամանակ հիվանդ է մի քանի հիվանդություններով)  խանգարումներ:

Բուժում

1. Հոգեսոցիալական բուժում
Բաժանման անհանգստության խանգարումը (SAD) բուժվում է անհատական ​​կրթական/աջակցող, ճանաչողական-վարքային հոգեթերապիայի միջոցով՝ զուգակցված ծնողների առաջնորդության, վարքագծի փոփոխման և դպրոցական խորհրդատվության հետ:

Եղանակները ներառում են սահմանափակումներ, տանը մնալու երկրորդային շահեկան երևույթների չեզոքացում, հանգստանալու վարժանք և դպրոցում մնալու ժամանակի աստիճանաբար ավելացում։ Հակացուցված է տնային ուսուցումը։

2. Դեղորայքային բուժում 
Հակադեպրեսանտը կարող է ավելացվել բաժանման անհանգստության կամ համակցված տրամադրության խանգարման բուժմանը, երբ հոգեսոցիալական միջամտությունները չեն հանգեցնում ախտանիշների նվազման և արագ վերադարձի դպրոց:

Բենզոդիազեպինները պետք է օգտագործվեն ընտրողաբար և միայն կարճ ժամանակով, եթե ցուցված է:

Ծանր SAD-ը, որը հանգեցնում է դպրոցից իսպառ խուսափմանը և միջավայրի, հոգեթերապևտիկ և դեղորայքային միջամտություններին չպատասխանելուն, կարող է պահանջել հոգեբուժական հոսպիտալացում:

Այնուամենայնիվ, մասնակի հոսպիտալացման բուժման արագ մեկնարկը հաճախ կարող է կանխել ստացիոնար հոսպիտալացման անհրաժեշտությունը։

Ինչպես միշտ, կարևոր է վաղ հայտնաբերումը, հոգեբույժի անհապաղ զննումը, վաղ միջամտությունը: Այս ամենում անգնահատելի է զգոն և սրտացավ մանկաբույժի դերը:
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Կարինե  Լյուլեջյան, մանկական հոգեբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ

Հղումներ
  • Vaughan VC. Critical life events: sibling births, separations, and deaths in the family. Eating disorders: anorexia and bulimia. In: Levine MD, Carey WB, Crocker AC, eds. Developmental-Behavioral Pediatrics. 2nd ed. W.B. Saunders Company: Philadelphia, PA; 1992: 128-135.
  • Wallerstein JS. Separation, divorce, and remarriage. In: Levine MD, Carey WB, Crocker AC, eds. Developmental-Behavioral Pediatrics. 2nd ed. W.B. Saunders Company: Philadelphia, PA; 1992: 136-145.
  • Duncan MK, Martini DR, Lake M. Separation anxiety disorder. In: Concise Guide to Child and Adolescent Psychiatry. 3rd ed. American Psychiatric Publishing: Washington, DC; 2003: 63-71.
  • Duncan MK, Martini DR, Lake M. Generalized anxiety disorder. In: Concise Guide to Child and Adolescent Psychiatry. 3rd ed. American Psychiatric Publishing: Washington, DC; 2003: 136-140.
  • Separation anxiety disorder. In: Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM-5. 5th ed. American Psychiatric Association: Washington, DC; 2013, 190-195.
  • Image Source: “Close-up kid hugging his father” by freepik is licensed under Freepik License.
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը