Մանկական տարիքի արագախոսության խանգարում, որը հայտնի է նաև կակազություն անվամբ և հաճախ հանդիպող խնդիր է։
Երեխաների շրջանում կակազությունը հաճախ դիտվում է նախադասության սկզբում, բայց կարող է լինել նաև ամբողջ ընթացքում։ Հաճախ կակազության ժամանակ երեխաների մոտ դիտվում են նաև ոչ վերբալ նշաններ` թարթում են աչքերը, ծամածռում դեմքը, սեղմում ափերը։
Մանկական տարիքի արագախոսության խանգարումը կամ կակազությունը բնութագրվում է հնչյունները, վանկերը, բառերը կամ բառակապակցությունները երկարացնելով, կրկնելով կամ արգելակելով։ Համարվում է, որ խնդիրն անցողիկ է, եթե տևում է 1 տարուց պակաս և կրկնողությունը դիտվում է 10-12 նախադասությունից հազվադեպ։
Առանձնացնում են կակազության 3 հիմնական ձև (երեխան կարող է ունենալ նշված ձևերից մեկից ավելին):
Կրկնողություն, երբ հնչյունը, բառի մի մասը, ամբողջ բառը կամ բառակապակցությունը կրկնվում է բազմաթիվ անգամներ. օրինակ`
ի ի ի իսկ ես այդ մեկն եմ ուզում,
իս իս իս իսկ ես այդ մեկն եմ ուզում
իսկ իսկ իսկ իսկ ես այդ մեկն եմ ուզում
իսկ ես, իսկ ես, իսկ ես, իսկ ես այդ մեկն եմ ուզում:
Երկարացումներ, երբ երկարացվում է մի հնչյունը, օրինակ` իիիիիիիիիիիիսկ ես այդ մեկն եմ ուզում:
Արգելակում, երբ երեխան փորձում է խոսել, սակայն որևէ ձայն չի արտաբերում։
Կակազության պատճառները.
Իրականում կակազության վերջնական պատճառները դեռ հայտնի չեն, վերջինս կարող է լինել գլխուղեղի կողմից բերանի մկաններին ուղարկված իմպուլսի ուշացած կամ սխալ ազդանշան, երբ երեխան ցանկանում է խոսել։ Այս սխալը կամ ուշացումը երեխայի համար դժվարություն է ստեղծում խոսելու ժամանակ բերանի մկանները կոորդինացնելիս։
Կակազությունը հաճախ է հանդիպում ընտանիքի անդամների մոտ, ինչը ենթադրում է, որ կակազությունն ունի գենետիկ հիմք։ Կակազությունը չի առաջանում տագնապից կամ սթրեսից, սակայն հենց կակազությունը կարող է բերել սթրեսի, հատկապես՝ դեռահասների շրջանում։
Երեխան չի կարող «վարակվել» կակազությամբ։
Կակազող երեխան չի կարող կառավարել կակազությունը։
Կակազությունը երեխաների շրջանում սովորաբար սկսվում է նախադպրոցական տարիքում, ամենահաճախը` 2-4 տարեկանում, երբ նրանք սկսում են բառերն իրար կապակցել և նախադասություններ կազմել։ Այն կարող է սուր սկսվել, օրինակ` երեխան կարող է արթնանալ և սկսել կակազել, իսկ կարող է նաև աստիճանաբար զարգացնալ։
Կակազությունը չի ազդում երեխայի զարգացման և սոցիալական հմտությունների ձեռքբերման վրա: Կակազող երեխաների մշրջանում այս տարիքում ամաչկոտությունը ևս ավելի արտահայտիչ չէ` մյուս երեխաների համեմատ։ Սակայն, եթե կակազությունը պահպանվում է մինչև դպրոցահասակ տարիքը, կարող է խնդիրների հանգեցնել: Վաղ դպրոցական տարիքի երեխաները և դեռահասները, ովքեր կակազում են, դժվար թե «լիդեր»-ի վարքագիծ ունենան, սկսում են խուսափել երկար քննարկումներից և ավելի հաճախ են «բուլլինգ»-ի ենթարկվում տարիքակիցների կողմից։
Կակազություն ունեցող դեռահասները կարող են ունենալ տագնապային խանգարում, ցածր ինքնագնահատական, խուսափեն մարդաշատ վայրերում խոսելուց, հարաբերություններ հաստատելուց։
Ըստ DSM-5 դասակարգման, կան որոշ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում է ախտորոշվում մանկական տարիքի արագախոսության խանգարումը, խոսքի նորմալ սահունության ընդհատումները և արագության խանգարումները (տարիքին ոչ համապատասխան), ինչպես նաև նշվածներից մեկը կամ մի քանիսը՝
Ա.
հնչյունի կամ վանկի կրկնություն
հնչյունի երկարացում
խոսքի կտրուկ ընդհատում
բառերի «կոտրտում»
խոսքի լսելի կամ անձայն արգելափակում (խոսքի լրացված կամ չլրացված բացեր)
խոսքի վերափոխում (բարդ բառերի փոխարեն պարզերի օգտագործում)
բառերի արտասանում՝ նկատելի ջանքերով
միավանկ ամբողջ բառի կրկնություն:
Բ.
խոսքի սահունության խանգարումները ազդում են մասնագիտական\կամ ակադեմիական ձեռքբերումների կամ սոցիալ հաղորդակցման վրա:
Գ.
եթե խոսքի շարժողական և զգայական դեֆիցիտները ակնառու են, ապա ստորև նշված դժվարություններն ավելի արտահայտիչ են մտավոր զարգացման ոլորտի դեֆիցիտներ՝ պատճառա–հետևանքային կապերը հասկանալու դժվարություններ, խնդիրներ լուծելու, պլանավորման, աբստրակտ մտածողության, դատողության, ակադեմիական կրթության, փորձի միջոցով սովորելու (այս ամենը հաստատվել է կլինիկական և անհատական ստանդարտացված թեստավորման միջոցով) հարմարվողական ֆունկցիաների թերացումներ՝ անձնական ինքնուրույնության և սոցիալական պատասխանատվության խնդիրներ:
Ի՞նչ խոչհուրդ տալ ծնողներին.
Երեխայի փոխարեն մի՛ ավարտեք բառը կամ նախադասությունը
Մի՛ ասեք. «ամեն ինչ կարգին է» կամ «հանգստացի՛ր, նոր խոսիր», «ավելի դանդաղ ասա»
Ուշադրություն դարձրեք, թե ինչ է երեխան ասում, այլ ոչ՝ ինչպես է ասում
Եթե երեխային անհանգստացնում է իր խոսքի դժվարությունը, եթե կակազությունը տևում է 6 ամսից ավելի երկար, ապա լոգոպեդի խորհրդատվության կարիք կա (ոչ բոլոր երեխաներն են դրա կարիքն ունենում)
Կակազությունը չի բուժվում, սակայն լոգոպեդը երեխային սովորեցնում է որոշակի հնարքներ՝ ավելի հեշտ հաղորդակցվելու համար:
Շարունակական աջակցության բացակայության դեպքում հարմարողական բացերը խոչընդոտում են առօրյա կյանքի մեկ կամ մի քանի գործունեությանը, ներառյալ` հաղորդակցումը, սոցիալական մասնակցությունը, տարբեր միջավայրերում անկախ ապրելը։
Մանկական տարիքի արագախոսության խանգարման դեպքում շատ կարևոր է վաղ ախտորոշումն ու վաղ միջամտությունը։
Հայտնի և արդյունավետ մեթոդ է կոգնիտիվ-վարքային թերապիան։ Այս թերապիայի միջոցով մասնագետը հայտնաբերում և վերացնում է մտածողության հնարավոր տարբերակները, որոնք բացասաբար են ազդում կակազության վրա։ Այն նաև կարող է օգնել պացիենտին հայտնաբերել սթրեսը, անհանգստությունը, անվստահությունը, ցածր ինքնագնահատականը, որոնք կակազության հետևանք են։
Բուժման այլ հնարավոր մեթոդ է սահունության վերահսկումը։ Լոգոպեդական այս մեթոդի կիրառման դեպքում պացիենտին սովորեցնում են իջեցնել խոսքի արագությունը և ուշադրություն դարձնել, թե երբ է կակազությունն առաջանում։ Այս մեթոդի օգնությամբ պացիենտը կարող է սովորել կանխարգելել կակազությունը և աստիճանաբար խոսքը մոտեցնել բնական ձևին։
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Նվարդ Տեր-Ոսկանյան, մանկական հոգեբույժ, զարգացման մանկաբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ