Զուգարանի վարժանքի ուսուցման կառուցվածքային սկզբունքներ
Աուտիզմ ունեցող շատ երեխաներ դժվարությամբ են ձեռք բերում զուգարանից օգտվելու հմտությունները: Ծնողները և մանկավարժները բազմաթիվ մոտեցումներ են ցուցաբերել երեխաներին զուգարանից ինքնուրույն օգտվել սովորեցնելու համար: Ոչ բոլոր երեխաներն են նույն կերպ արձագանքում ուսուցման նույն մեթոդներին: Մեթոդը, որն օգտակար է մի երեխայի համար, կարող է արդյունավետ չլինել մյուսի համար:
Այս ուսումնասիրությունը տվյալ հարցի վերաբերյալ մի քանի փորձառու մանկավարժների և խորհրդատուների առաջարկությունների հավաքածու է (հեղինակներ՝ Սյուզան Բոսվել և Դեբի Գրեյ):
Առաջինը, նախքան երեխային զուգարանից ինքնուրույն օգտվելու ծրագիր սկսելը խորհուրդ է տրվում խնդրին նայել աուտիզմ ունեցող երեխայի տեսանկյունից։ Երկրորդը, անհրաժեշտ է հնարավորինս շատ տեսողական կառուցվածքի տարրեր ներդնել երեխայի միջավայր՝ նրան օգնելու հասկանալ, թե ինչ է իրենից ակնկալվում: Դիտարկենք կառուցվածքային ուսուցման որոշ տարրեր՝ որոշելու, թե անհրաժեշտ ընթացակարգերը կառուցելու, երեխայից ակնկալիքները պարզաբանելու և կոնֆլիկտային իրավիճակների հավանականությունը նվազեցնելու համար տեսողական որ նյութերն է անհրաժեշտ ավելացնել շրջակա միջավայրում։
Երեխայի տեսակետը
Զուգարանից օգտվելու հմտությունները հաճախ նույնիսկ սովորական/նորմոտիպիկ զարգացող երեխաներն են դժվարությամբ ձեռք բերում: Թեև երեխան կարող է լավ վերահսկել և զգալ իր մարմինը, կան բազմաթիվ այլ գործոններ (օրինակ՝ սոցիալական), որոնք որոշում են, թե որքան հեշտ երեխան կարող է տիրապետել այդ հմտություններին: Փոքր երեխաները սովորաբար ներքին ցանկություն չունեն սովորելու՝ ինչպես օգտվել զուգարանից։ Ավելի շուտ նրանք սովորում են այն ծնողներին հաճոյանալու և «մեծ տղայի» կամ «մեծ աղջկա» սոցիալական կարգավիճակ ձեռք բերելու համար։ Սոցիալական այս մոտիվացիան կարևոր գործոն է զուգարանի վարժանքի «պատրաստվածությունը» որոշելու համար:
Ինչպե՞ս կարող են աուտիզմի առանձնահատկությունները երեխայի զուգարանից ինքնուրույն օգտվել սովորելու դժվարությանը նպաստել:
- Եթե երեխան դժվարանում է հասկանալ և վայելել փոխադարձ սոցիալական հարաբերությունները, ապա դա սովորաբար ազդում է այս գործընթացի վրա: Եթե 2-3 տարեկան մյուս երեխաները հպարտ կլինեն, որ «մեծ» են և ուրախ կլինեն հաճոյացնել ծնողներին, ապա աուտիզմ ունեցող երեխաների մոտ այս տեսակի մոտիվացիան հազվադեպ է:
- Խոսքի ըմբռնման և մոդելները ընդօրինակման բնորոշ դժվարությունների պատճառով աուտիսզմ ունեցող երեխան կարող է չհասկանալ, թե կոնկրետ ինչ է իրենից ակնկալվում զուգարանում:
- Աուտիզմ ունեցող երեխաները սովորաբար զգալի դժվարություններ ունեն տեղեկության կազմակերպման և հաջորդականացման, ինչպես նաև համապատասխան տեղեկությանը հետևողականորեն արձագանքելու հարցում: Հետևաբար, զուգարանից օգտվելիս բոլոր անհրաժեշտ քայլերին հետևելը և առաջադրանքի վրա կենտրոնանալը նրանց համար շատ դժվար է:
- Ավելին, զուգարանի հմտություններին տիրապետելը ավելի է բարդանում նրանով, որ աուտիզմի սպեկտրի շատ երեխաներ դժվարությամբ են ընդունում ցանկացած փոփոխություն: Հնարավոր է, որ երեխայի տեսանկյունից հրատապ անհրաժեշտություն չլինի փոփոխությունների ենթարկել տակդիր հագնելու և փոխելու սովորական ընթացակարգը։ 3, 4 կամ 6 տարի տակդիր օգտագործելուց հետո այս առօրյան/ռեժիմը դառնում է շատ կայուն է։
- Աուտիզմի սպեկտրի երեխան կարող է նաև դժվարանալ զգայական տեղեկության ինտեգրման, մարմնի զգայությունների և ամենօրյա ֆունկցիոնալ գործունեության միջև կապ հաստատելու հարցում: Հետևաբար, նա կարող է չիմանալ, թե ինչպես է պետք «կարդալ» մարմնի ազդանշանները, որոնք հուշում են զուգարանից օգտվու անհրաժեշտության մասին: Նա կարող է նաև չափազանց կլանված լինել զգայական խթանման մեջ՝ կապված արտաթորանքի դատարկման հետ (աուտիզմ ունեցուղ փոքր տարիքի երեխաների մոտ կղանքը քսելը հազվադեպ չէ): Երեխան կարող է նաև զգայական ծանրաբեռնվածություն զգալ լոգարանի միջավայրից՝ ջրի ողողման բարձր ձայներից, արձագանքներից, հոսող ջրից և աթոռից, որի մեջ «մեծ անցք կա հենց ջրի վրա»: Բացի այդ, զուգարանից օգտվելիս հագուստը հանելը կարող է խթանել չափազանցված արձագանք ջերմաստիճանից և հագուստի հպման/տակտիլ/ զգացողության փոփոխությունից:
Կառուցվածքային ուսուցման տարրեր
Կառուցվածքային ուսուցումը տերմին է, որը կիրառվում է գործիքների հավաքածուի նկատմանբ աուտիզմի սպեկտրի խանգառումներ ունեցող երեխաներին ուսուցում/աջակցություն տրամադրելու համար: Այս գործիքները հաշվի են առնում աուտիզմի առանձնահատկությունները և օգտագործում են նրա ուժեղ կողմերը (տեսողական և շարժողական հմտություններ, առօրյա գործողությունների հաջորդականության ցանկություն)՝ լրացնելու ակադեմիական հմտությունների որոշ բացեր, որոնք առաջանում են աուտիզմին բնորոշ դեֆիցիտային ոլորտներում:
Կառուցվածքային ուսուցումը ոչ միայն նպաստում է նոր հմտությունների յուրացմանը, այլ նաև ծառայում է անկախության և ինքնագնահատականի բարձրացմանը՝ նվազեցնելով խնդրահարույց վարքագիծը, որը առաջանում է շփոթության, անհանգստության և գերխթանման արդյունքում: Կառուցվածքային ուսուցումը համատեղում է անհատականացված գնահատման օգտագործումը, ակտիվ և հարմարվողական առօրյայի ստեղծումը և տեսողական օժանդակ միջոցների սիստեմատիկ օգտագործումը՝ ուսմանը աջակցելու նպատակով:
Սկզբնական փուլ՝ գնահատում
Եթե ցանկանում եք սովորեցնել աուտիստիկ երեխային օգտվել զուգարանից, ապա առաջին բանը, որ պետք է անեք, իրատեսական նպատակ դնելն է՝ գիտակցելով, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու մինչև զուգարանից լիարժեք օգտվելը: Յուրաքանչյուր քայլ ինքնուրույն զուգարանից օգտվելու ճանապարհին ինքնին նպատակ է։ Ճիշտ ելակետ ընտրելու համար անհրաժեշտ է դիտարկել և գնահատել երեխայի ըմբռնումը զուգարանից օգտվելու գործընթացի վերաբերյալ։
Պետք է սկսել զուգարան գնալու շուրջ դրական և կառուցողական առօրյայի հաստատումից և երեխայի ժամանակացույցի կամ ինքնուրույն զուգարանից օգտվելու պատրաստակամության վերաբերյալ տվյալներ հավաքելուց:
Երեխայի պատրաստվածության մասին անհրաժեշտ տվյալներ հավաքելու համար կարող է օգտագործվել պարզ աղյուսակ: Երեխային կանոնավոր կերպով մոտ 30 րոպեն մեկ տանում են զուգարան՝ «արագ ստուգման» համար և յուրաքանչյուր ստուգումից հետո գրանցվում է ժամը, տաբատի չորությունը, միզարձակումը կամ կղազատումը /դեֆեկացիա/:
Իհարկե, ստուգելու համար պետք չէ սպասել ուղիղ կես ժամ։ Երեխային կարելի է տանել զուգարան, երբ կասկած կա, որ նա «թրջել է տաբատը»: Ստուգեք նրան, գրանցեք ժամը և արդյունքները ժամանակի աղյուսակում: 1-2 շաբաթից տվյալների օրինաչափությունները սկսում են ի հայտ գալ:
- Արդյո՞ք երեխան երկար ժամանակ չոր է մնում:
- Կա՞ որևէ օրինաչափություն նրա «փոքր/մեծ կարիքի» (թրջելու/կեղտոտելու) միջև:
- Արդյո՞ք նա ցույց է տալիս նշաններ, որ «թրջել» է կամ «կեղտոտել» իր տաբատը:
- Արդյո՞ք նա կանգ է առնում, երբ «թրջում» կամ «կեղտոտում» է իր տաբատը։
Երեխան, ում համար այս բոլոր հարցերի պատասխանները «ոչ» են, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ «զուգարանից ինքնուրույն օգտվելուն», թեև զուգարան գնալու դրական ռեժիմ սահմանելու նպատակը դեռ կարող է շատ տեղին լինել: Զուգարանի վարժանքի գործընթացի այլ ասպեկտներ նույնպես պետք է գնահատվեն այս փուլում:
- Արդյո՞ք երեխան սկսում է ընկալել ընթացակարգը/ առօրյան:
- Ինչպիսի՞ն են երեխայի հանվելու/հագնվելու հմտությունները:
- Արդյո՞ք նա ցույց է տալիս զուգարանի հետ կապված որևէ հատուկ վախ կամ հետաքրքրություն (զուգարանի ողողման ջրի, հոսող ջրի, զուգարանի թղթի վերաբերյալ):
- Որքա՞ն է նրա ուշադրության կենտրոնացումը:
Այս գնահատման ժամանակաշրջանի ավարտին մենք կունենանք անհրաժեշտ տվյալներ՝ համապատասխան նպատակ սահմանելու համար, որի ուղղությամբ պետք է աշխատել:
Զուգարանի ընթացակարգի քայլերի առաջադրանքների վերլուծությունը կարող է տալ երեխային անհրաժեշտ բոլոր հմտությունների պատկերը: Առաջադրանքի վերլուծության յուրաքանչյուր քայլում երեխայի ընթացիկ հմտության գնահատումը կօգնի մեզ ընտրել իրատեսական նպատակ և հիշեցնել մի քանի նոր հմտությունների վրա միաժամանակ չաշխատելու մասին: Առաջադրանքների վերլուծությունը կարող է լինել գլոբալ կամ շատ կոնկրետ: Ուսուցման քայլերը որոշելու նպատակով առաջադրանքի վերլուծության յուրաքանչյուր քայլ կարող է մանրամասնվել:
Առաջադրանքի գլոբալ վերլուծության և քայլերից մեկի ավելի մանրամասն վերլուծության օրինակներ ներկայացված են ստորև:
- Մտնել լոգարան
- Հագուստը քաշել, իջեցնել ներքև
- թույլ տալ մեծահասակին երեխայի հագուստը իջեցնել
- սրունքներից քաշել իջեցնել ինքնուրույն
- ծնկներից քաշել իջեցնել
- կոնքերից քաշել իջեցնել
- հետույքից քաշել իջեցնել
- գոտկատեղից քաշել իջեցնել
- Նստել զուգարանակոնքի վրա
- Վերցրել զուգարանի թուղթ
- Սրբվել զուգարանի թուղթով
- Կանգնել
- Զուգարանի թուղթը նետել զուգարանի / աղբարկղի մեջ
- Քաշել բարձրացնել հագուստը
- Քաշել զուգարանի ջուրը
Հաղորդակցման համակարգ
Երեխային զուգարանից ինքնուրույն օգտվել սովորեցնելու ևս մեկ կարևոր քայլ է երեխայի կողմից ընթացակարգը (քայլերի հաջորդականությունը) սկսելու միջոցի պլանավորումը: Սկզբնական փուլերում առաջին ուղևորությունները դեպի զուգարան կարող են նախաձեռնվել մեծահասակի կողմից: Երեխան ուղղորդվում է դեպի անցումային առարկա կամ ժամանակացույց: Այնուամենայնիվ, ի վերջո երեխան պետք է ինքնուրույն արտահայտի իր կարիքը: Թեև նա կարող է սովորել ինքնաբերաբար գնալ իրեն ծանոթ և մատչելի լոգարան, նա պետք է սովորի իր կարիքը արտահայտելու կոնկրետ ձև (որպեսզի կարողանա բացատրել, երբ զուգարանը անհապաղ հասանելի չէ):
Երեխաների մեծամասնությունը սկզբում սովորում է օգտագործել նույն հաղորդակցման գործիքը, որն օգտագործում էին մեծահասակները՝ զուգարանից օգտվել սովորեցնելու համար: Օրինակ, եթե մայրը երեխային տալիս է դատարկ տակդիրների տուփ, և դա նշանակում է, որ ժամանակն է գնալ զուգարան և փոխվել, երեխան կարող է սկսել օգտագործել այդ նույն տուփը՝ մորն ասելու համար, որ պետք է փոխվի: Կամ, եթե երեխայի տեսողական գրաֆիկում օգտագործվել է զուգարանի նկարը՝ նրան ասելու, որ զուգարան գնալու ժամանակն է, ապա այդ նույն նկարը կարող է արտահայտչական հաղորդակցման գործիք լինել:
Աուտիզմի սպեկտրի երեխան, ով կարող է ասել «զուգարան» որոշ իրավիճակներում, միշտ չէ, որ կարող է ճիշտ ժամանակին օգտագործել այդ բառը: Երբ նա հոգնած է, անծանոթ վայրում, անծանոթի հետ, ամբոխի մեջ, մրսած է կամ ինչ-ինչ պատճառներով հուզված է, նրա խոսքային հմտությունները կարող են նրան հիասթափեցնել: Նման հակումով երեխայի համար տեսողական աջակցությունը կարող է օգտակար լինել. առաջինը՝ այն հուշում է իր փնտրած բառը և երկրորդը՝ ծառայում է որպես պահեստային համակարգ այն իրավիճակներում, երբ երեխան չի կարող օգտագործել բանավոր խոսք:
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Գայանե Զաքարյան, Վերականգնողական ծառայության ղեկավար, «ԱրԲեՍ» ԱԿ