Պատկերացնենք, որ այսօր մեր կլինիկա են այցելում մի քանի երեխաներ՝ յուրաքանչյուրն ուրույն ախտանիշներով:
Պացիենտ Ա. Երկու տարեկան երեխան ունի ոտքերի խիստ կորացում
Պացիենտ Բ. Չորս տարեկան երեխան ունի գիշերային կուրություն և փրփրուն պղպջակներ շաղկապենու քթային և քունքային հատվածներում
Կարո՞ղ է սննդակարգի լավ անամնեզը բացահայտել վիտամինների կամ հանքանյութերի հնարավոր պակասը որպես դրանց ախտանիշների պատճառ:
Պացիենտ Ա.
Պացիենտ Բ.
Վիտամին D
Վիտամին D-ի աղբյուր են հանդիսանում հարստացված կաթը, ձվի դեղնուցը, ձկան լյարդի յուղը, կարագը և դեղին տեսակի պանիրները, ինչպես նաև արևի ճառագայթները:
Վիտամին D-ի պակասը կարող է առաջացնել ռախիտ՝ մի հիվանդություն, որը բնորոշվում է ոսկրերի նվազած հանքայնացմամբ և հանգեցնում կմախքի փոփոխությունների, ինչպես օրինակ՝ ճակատային շրջանի արտացցում, կռանիոտաբես (գանգի ոսկրերի փափկեցում), ռախիտիկ համրիչներ (կրծքավադակի կող-աճառային միացումների հաստացում), Հարիսոնյան ակոս (հորիզոնական ակոս կրծքավանդակի ստորին սահմանի երկայնքով), «հավի» կուրծք՝ կրծոսկրի դեֆորմացիա, դաստակի լայնացում, կիֆոսկոլիոզ, ինչպես նաև ազդրի և ոլոքի կորացում` ընդգծված դեպի ներս շրջված ծնկներ և աղեղաձև կորացում ունեցող ոտքեր: Այս վիտամինի պակասը կարող է նաև առաջացնել տետանիա (ցնցումներ) և անբավարար աճ:
Բուժում
Բուժումը ներառում է Վիտամին D3-ի (խոլեկալցիֆերոլ) նշանակում, քանի որ այն իր կենսապահովման իմաստով նախընտրելի է Վիտամին D2-ի (էրգոկալցիֆերոլի) նշանակման համեմատ: Չափաբաժինը կախված կլինի դեֆիցիտի աստիճանից (օրինակ՝ ծանր դեֆիցիտ/ անբավարարություն, դեֆիցիտ/ անբավարարություն կամ պակաս): Դեֆիցիտի աստիճանից, հիվանդի տարիքից և հիմնական էթիոլոգիայից կախված՝ կարող է ներզատաբանի խորհրդատվության անհրաժեշտություն լինել:
Դեղամիջոցի չափաբաժնի վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ երկու ուղեցույցներին՝
- Full CHLA Vitamin D Supplementation Guide (in English)
- Armenian Pediatric Association Guidelines of Vitamin D deficiency management among children – 2017 (in Armenian)
Վիտամին A
2005 թ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կաթնամթերքի և հարստացված բուսական յուղերի կանոնավոր օգտագործման պատճառով վիտամին A- ի պակասը չի ներկայացնում հանրային առողջության խնդիր: Այնուամենայնիվ, կարևոր է կարողանալ ճանաչել վիտամին A- ի անբավարարությունը:
Վիտամին A-ի հարուստ աղբյուր են համարվում բազմաթիվ մթերքներ, ինչպիսիք են լյարդը, ձկան յուղը, կաթը, ձվի դեղնուցը և կանաչ, նարնջագույն և դեղին բանջարեղենը:
Վիտամին A-ի դեֆիցիտը կարող է հանգեցնել աչքի հետ կապված ախտանիշների, ինչպիսիք են գիշերային կուրությունը, աչքի լործաթաղանթի չորացումը և եղջերաթաղանթի խոցը: Բիտոտ բծերը իրենցից ներկայացնում են փրփրուն պղպջակներ, որոնք կարող են հայտնվել շաղկապենու քթային և քունքային հատվածներում: Կարող են առաջանալ նաև չոր մաշկ, վարակների նկատմամբ զգայունություն, աճի և զարգացման խնդիրներ:
Վիտամին A հիպերվիտամինոզը (վիտամին A-ի ավելցուկը, որը սովորաբար առաջանում է մեծ քանակությամբ հավելումներ օգտագործելու պատճառով) կարող է արտահայտվել դյուրագրգռության, որովայնի ցավերի, քաշի ավելացման խնդիրների, ոսկրերի ցավերի, հեպատոմեգալիայի, ներգանգային ճնշման բարձրացման, ալոպեկիայի, բերանի խոցերի և ափերի և ոտքի թաթերի շերտավորման միջոցով:
Բուժում
Վիտամին A-ի անբավարարության բուժումը կախված է ախտանիշներից և էթիոլոգիայից: Դեղերի չափաբաժինը կարող է տարբեր լինել ՝ կախված տարիքից և դեֆիցիտի աստիճանից, ինչես նաև ուղեկցվող քսերոֆթալմիայի առկայությունից` համեմատած առանց եղջերաթաղանթի փոփոխությունների հիվանդների:
Հավելումները կարող են ցուցված լինել նաև որոշակի հանգամանքներում, օրինակ՝ կարմրուկով հիվանդների դեպքում: Դոզավորման հատուկ ռեժիմները կարող են տարբերվել կախված երեխայի հոսպիտալացված լինելու կամ չլինելու հանգամանքից, ինչպես նաև ուղեկցող ակնաբուժական խնդիրների առկայությունից:
Տարբերակիչ ախտորոշում
Պացիենտ Ա. Ոտքերի աստիճանաբար խորացող կամ վառ արտահայտված կորացում ունեցող երեխայի տարբերակիչ ախտորոշումը կարող է ներառել Բլաունթի հիվանդություն կամ մեծ ոլոքի ներքին խիստ ոլորում: Սակայն հաշվի առեք ռախիտի առկայության հնարավորությունը, եթե հիվանդության պատմությունը հուշում է վիտամին D-ի պակասի մասին համապատասխան տարիքային խմբում:
Պացիենտ Բ. Գիշերային կուրությունը (նիկտալոպիա), որպես կանոն, ակնային խնդրի հետ կապ ունեցող հիվանդության ախտանիշ է: Տարբերակիչ ախտորոշումը կարող է ներառել կարճատեսություն, գլաուկոմա, կատարակտ, ռետինիտ պիգմենտոզա և վիտամին A-ի անբավարարություն: Հետազոտության ժամանակ հայտնաբերված Բիտոտի բծերի առկայությունը վկայում է այն մասին, որ էթիոլոգիան հավանաբար վիտամին A-ի դեֆիցիտն է:
Եթե ներկայացված նյութի վերաբերյալ հարցեր ունեք կամ ցանկանում եք առաջարկել, թե ինչ թեմայի անդրադառնամ առաջիկաում, պատասխան նամակ գրեք:
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես