The OPEN minute newsletter / Վիտամին C, ցինկ
Օգոստոս 17, 2021

Վիտամին C, ցինկ

Պատկերացնենք, որ այսօր մեր կլինիկա են այցելում մի քանի երեխաներ՝ յուրաքանչյուրն ուրույն ախտանիշներով:

Պացիենտ Ա. Չորս տարեկան երեխան ունի արյունահոսող լնդեր և կապտուկներ

Պացիենտ Բ. Ալոպեցիա, լուծ և մաշկի կայուն ցան ունեցող մանկիկ

Կարո՞ղ է սննդակարգի լավ անամնեզը բացահայտել վիտամինների կամ հանքանյութերի հնարավոր պակասը որպես դրանց ախտանիշների պատճառ:

Եկեք անդրադառնանք որոշ՝ առավել տարածված հանքանյութերի և վիտամինների պակասին, որոնց հանդիպում ենք ընդհանուր պրակտիկայում: Ստորև նկարագրված են որոշ առանձնահատկություններ՝ զննման ժամանակ ի հայտ եկած հավանական նշանների և ախտանիշների առումով:

Վիտամին C

Չնայած շատ քիչ է հանդիում, բավական կարեւոր է վիտամին C-ի պակասը բացահայտելու կարողությունը: Վիտամին C կա շատ մթերքներում, ինչպես օրինակ՝ կարմիր պղպեղում, լոլիկում, բրոկկոլիում, կանտալուպում (սեխի տեսակ), սև հաղարջում, մասուրում, չիչխանում, ցիտրուսային մրգերում և այլն: Հարկ է նշել, որ եփելը կարող է խիստ նվազեցնել սննդի մեջ վիտամին C-ի պարունակությունը՝ կախված պատրաստման եղանակից:

Լնդախտը հիվանդություն է, որն առաջանում է վիտամին C-ի պակասից: Որոշ հիմնական նշաններն ու ախտանիշներն են հոգնածության զգացողությունը, պուրպուրան, գինգիվիտը, արյունահոսող լնդերը, ոսկրային ցավը և վերքերի վատ ապաքինումը:

Բուժում

Երեխաների շրջանում լնդախտը բուժվում է օրական 100-300մգ ասկորբինաթթվի տրոհված չափաբաժիններով: Սովորաբար սննդային հավելումը օրական կազմում է 35-100 մգ:

Ցինկ

Ցինկի աղբյուր են մսամթերքը, խեցեմորթիները, հացահատիկը, ընկուզեղենը, պանիրը: Ցինկի պակասի նշաններից և ախտանիշներից են ալոպեցիան, դերմատիտը, լուծը և T-լիմֆոցիտների դիսֆունկցիայով պայմանավորված հաճախակի վարակները:

Ցինկի պակասորդ կարող է առաջանալ հետևյալ պատճառներով՝

  1. Մանկիկի մոտ պակասում է ցինկի աղիքային փոխադրող (ZiP4), սա դասական էնտերոպաթիկ ակրոդերմատիտ է:
    • Ցինկի փոխադրման աուտոսոմ ռեցեսիվ ժառանգական դեֆեկտ
    • Սովորաբար դրսևորվում է ծննդից մեկ-երկու ամիս հետո, եթե երեխան ստանում է մանկական կաթնախառնուրդ, կամ կրծքով կերակրելը դադարելուց հետո մեկ-երկու ամիս անց (ցինկի պաշարների սպառումից հետո)
  2. Մոր օրգանիզմից ցինկը չի անցնում կրծքի կաթի մեջ (ZnT-2), ուստի կապ չունի՝ երեխան կրծքով է կերակրվում, թե՝ ոչ, միևնույնն է, նա ցինկ չի ստանա:

 
Բուժում

Ցինկի հաստատված պակասի դեպքում փորլուծության բուժումը սովորաբար ներառում է 20 մգ դեղահաբ օրական մեկ անգամ 10 օրվա ընթացքում: Այս չափաբաժինը նպատակահարմար է 6 ամսականից 5 տարեկան երեխաների համար: Հնարավոր կողմնակի ազդեցությունը փսխումն է: (աղբյուրը)

Էնտերոպաթիկ ակրոդերմատիտով պացիենտների դեպքում կարող է օրալ ընդունման ցինկի գլյուկոնատ կամ սուլֆատ նշանակվել՝ 1-3 մգ/կգ/օր դեղաչափով: Կլինիկական արդյունքը տեսանելի կլինի 5-10 օրվա ընթացքում: (աղբյուրը)

Տարբերակիչ ախտորոշում

Պացիենտ Ա. Չնայած տարբեփրակիչ ախտորոշումը լնդերի արյունահոսություն և կապտուկներ ունեցող երեխաների մոտ կարող է լինել բավականին ընդարձակ (օրինակ՝ արյունահոսության հետ կապված զանազան խանգարումներ), մտածեք վիտամին C-ի պակասի մասին որպես էթիոլոգիա, եթե սննդային անամնեզը և հիվանդության պատմությունը մտորումների տեղիք է տալիս:

Պացիենտ Բ. Ալոպեցիայի, լուծի և մաշկային ցաների տարբերակիչ ախտորոշումը բավականին ընդգրկուն է, սակայն, եթե երեք առանձնահատկությունները արտահայտված են միևնույն երեխայի մոտ և եթե կարելի է կապել բացահայտումների ժամանակը կերակրման փոփոխությունների հետ, պետք է ենթադրել, որ էթիոլոգիան ցինկի պակասն է:
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Էյալ Բեն-Այսիք, Բժիշկ, Մանկական հիվանդանոց, Լոս Անջելես

Հղումներ
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը