Փոդքասթ – Աչքերի կարմրություն
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Բացահայտել աչքերի կարմրության հիմնական պատճառները
- Աչքերի կարմրությունն ախտորոշելու համար ուսումնասիրել անամնեզն ու հետազոտություններ անցկացնել
- Հասկանալ աչքերի կարմրությանը նպաստող պայմանները
- Որոշել, թե որ դեպքում է անհրաժեշտ երեխային ուղղորդել մանկական ակնաբույժի մոտ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, ակնաբույժների համար, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս էպիզոդում մանկական ակնաբույժի հետ այս զրույցում կքննարկենք կարմիր աչքերով հիվանդների ախտորոշումն ու բուժումը: Մենք կվերանայենք հիվանդի պատմության և հետազոտության կարևոր բաղադրիչները և կքննարկենք կարմիր աչքերի ընդհանուր պատճառների կառավարումը: Կխոսենք նաև կարմիր աչքի ավելի լուրջ դեպքերի մասին:
Զրույցի երկրորդ հատվածում Հայկական ակնաբուժության նախագծի Անհասության ռետինոպաթիայի եւ մանկական ծրագրերի ղեկավար, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը ներկայացնում է Հայաստանում երեխաների շրջանում աչքերի կարմրության տարածվածությունը եւ ակնաբույժի առաջին քայլերը՝ նման խնդրով երեխային հանդիպելիս:
Ներկայացվում է աչքերի կարմրության հնարավոր լուրջ պատճառները եւ դրանց բուժման եղանակները: Անդրադարձ է կատարվում մինչ ակնաբույժին այցելելը մանկաբույժի եւ ընտանեկան բժշկի կողմից կատարվող քայլերի կարեւորությանը, եւ ակնային խնամքի եւ հիգիենայի խորհուրդներ են ներկայացվում:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Անջելին Նգուեն
Բժ․ Անջելին Նգուենը գերազանց ավարտել է Southern Methodist համալսարանը, որից հետո նա ստացել է բժշկի որակավորում Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկության դպրոցում: Նա ավարտել է ակնաբուժական օրդինատուրան Ջոնս Հոփկինսի հիվանդանոցի Վիլմեր ակնաբուժության ինստիտուտում և հետագայում մասնագիտացել մանկական ակնաբուժության և մեծահասակների ստրաբիզմի վիրաբուժության մեջ՝ կրթաթոշակային ուսուցում անցնելով Ստենֆորդի հիվանդանոցի Բայերսի ակնային ինստիտուտում:
Դոկտոր Նգուենը CHLA/USC-ի ակնաբուժության ասիստենտ է: Նրա կլինիկական և վիրաբուժական հետաքրքրությունները ներառում են մանկական ակնաբուժական հիվանդությունների լայն շրջանակ, ինչպիսիք են ամբլիոպիան, կատարակտը և մանկական ստրաբիզմը, ինչպես նաև մեծահասակների ստրաբիզմը: Նա համատեղում է վիրահատական պրակտիկան դասավանդման և վիրաբուժական գործի ուսուցման հետ:
Բժ. Ռուզաննա Հարությունյան
Ռուզաննա Հարությունյանը Հայկական ակնաբուժության նախագծի անհասության ռետինոպաթիայի եւ մանկական ծրագրերի ղեկավարն է, ՀԱՆ-ի կրթական ծրագրերի շրջանավարտ: Նա 2001 թ.-ից Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչն է, 1987 թ.-ից՝ նույն բաժանմունքի ակնաբույժ: Բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասավանդում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնում:
Ռ. Հարությունյանը մի շարք վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ): Բնածին գլաուկոմայի, շլության, մանկական տրավմաների մասին տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: