Ցածրահասակություն
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Վերանայել երեխաների նորմալ աճը
- Տարբերակել նորմալ տարատեսակի ցածրահասակությունը ցածրահասակության ախտաբանական պատճառներից
- Քննարկել նորմալ տարատեսակների և ցածրահասակության ախտաբանական պատճառների ախտորոշումն ու կառավարումը
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական ներզատաբանների և ներզատաբանների համար։
Դասընթացի նկարագրություն
Ցածրահասակությունը մանկաբուժության մեջ տարածված կլինիկական մտահոգություններից է և պահանջում է համակարգված մոտեցում՝ նորմալ տարատեսակները ախտաբանական վիճակներից տարբերակելու համար։ Այս դասընթացը կսկսվի երեխաների նորմալ աճի օրինաչափությունների վերանայմամբ, ներառյալ ակնկալվող աճի արագությունը և աճի գրաֆիկների ու ոսկրային տարիքի ուսումնասիրությունների մեկնաբանությունը։ Այնուհետև կուսումնասիրենք, թե ինչպես տարբերակել նորմալ տարատեսակների ցածրահասակությունները, ինչպիսիք են ընտանեկան ցածրահասակությունը և աճի և սեռական հասունացման կոնստիտուցիոնալ հապաղումը, ախտաբանական պատճառներից, ներառյալ էնդոկրին խանգարումները (օր.՝ աճի հորմոնի անբավարարություն, աճի հորմոնի նկատմամբ անզգայունություն), համախտանիշային վիճակները (օր.՝ Թերների համախտանիշ) և քրոնիկ համակարգային հիվանդությունները (օր.՝ աղիների բորբոքային հիվանդություն)։ Դեպքերի վրա հիմնված քննարկումների միջոցով կքննարկենք այնպիսի ախտորոշիչ ռազմավարություններ, ինչպիսիք են աճի արագության գնահատումը, ոսկրային տարիքի գնահատումը և համապատասխան լաբորատոր թեստերի մեկնաբանությունը (օր.՝ IGF-1, IGFBP-3, աճի հորմոնի խթանման թեստավորում)։ Մանրամասն կքննարկվեն բուժման մոտեցումները, ներառյալ ռեկոմբինանտ աճի հորմոնի թերապիայի սկսման չափանիշները, մանկական էնդոկրինոլոգի մոտ ուղեգրումը և կանխատեսման գործոնները, որոնք ազդում են վերջնական հասակի արդյունքների վրա։ Մենք նաև կվերանայենք ընտանիքների խորհրդատվության ռազմավարությունները, ներառյալ բուժման սպասելիքների և հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ քննարկումները։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Սաբիթա Սեսիդերեն-Պիլեյ
Դոկտոր Սաբիթա Սասիդհարան Փիլային հավաստագրված մանկական էնդոկրինոլոգ է՝ երեխաների խնամքի հանդեպ ողջ կյանքի ընթացքում տածած հետաքրքրվածությամբ։ Ոգեշնչված վաղ փորձով, երբ խնամում էր իր կրտսեր ազգականներին, նա սկսեց զբաղվել մանկաբուժությամբ Հնդկաստանի Կերալայում գտնվող Կալիկուտի Պետական բժշկական քոլեջում, որտեղ նա նաև ավարտեց իր ռեզիդենտուրան։ Նրա հետաքրքրությունը էնդոկրինոլոգիայի նկատմամբ հրահրվեց շաքարային դիաբետով երեխայի բուժման փոխակերպող փորձառությամբ։
Ռեզիդենտուրայից հետո դոկտոր Փիլային օգնել է հիմնել Մանկական էնդոկրինոլոգիայի և ճարպակալման կլինիկաներ Կալիկուտում, նախքան Մանկական էնդոկրինոլոգիայի ֆելոուշիփն ավարտելը Բրաունի համալսարանում։ Այսօր նա հպարտ է, որ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի, շաքարային դիաբետի և նյութափոխանակության կենտրոնի առաջամարտիկ թիմի մաս է։
Նրա կլինիկական հետաքրքրությունները ներառում են լիպիդային խանգարումները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, բնածին հիպերինսուլինիզմը, աճի և վահանագեղձի խանգարումները և մետաբոլիկ առողջությունը։ Կլինիկական աշխատանքից բացի, նա նվիրված է ուսուցմանը և հետազոտություններին։