Աիդա Պապիկյանը մանկաբույժ է՝ մանկական առողջապահության ոլորտում ավելի քան տասը տարվա մասնագիտական փորձով։ Ներկայումս նա ղեկավարում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնի թերապևտիկ ստացիոնար ծառայությունները՝ համակարգելով մանկական բուժօգնության կազմակերպումն ու որակի ապահովումը։
Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ մանկաբուժական ծառայություններում։ Եղել է մանկաբուժական բաժանմունքի պատասխանատու և ղեկավար «Ուիգմոր» առողջապահական ցանցում, ինչպես նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»։ Մինչ այդ աշխատել է որպես մանկաբույժ «Արաբկիր» բժշկական համալիրում՝ ակտիվորեն ներգրավված լինելով մանկական հիվանդությունների ախտորոշման, բուժման և հիվանդների համալիր կառավարման գործընթացներում։
Բժշկական կրթությունը ստացել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը, այնուհետև մանկաբուժության կլինիկական օրդինատուրան և ասպիրանտուրան։
Իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները շարունակաբար կատարելագործել է միջազգային վերապատրաստումների և գիտաժողովների միջոցով՝ մասնագիտական ուսուցում անցնելով ԱՄՆ-ում, Ավստրիայում և Շվեյցարիայում։ Նա նաև ներկայացրել է գիտական աշխատանքներ Եվրոպական մանկական ինֆեկցիոն հիվանդությունների միության (ESPID) տարեկան համաժողովներում։
2025–2026 թվականներին մասնակցում է Բոստոնի համալսարանի բժշկական կրթության «Training of Trainers» ծրագրին՝ խորացնելով իր փորձառությունը բժշկական կրթության, դասավանդման մեթոդաբանության և մասնագիտական զարգացման ոլորտներում։