Փոդքասթ - Քրոնիկ թոքային հիվանդության

Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան`

  • Սահմանել, թե ինչ է քրոնիկ թոքային հիվանդությունը 
  • Հասկանալ, թե ինչպիսի մոտեցում է պետք տալ ՔԹՀ ունեցող երեխաների բուժման ժամանակ 
  • Տարբերակի և ճանաչի քրոնիկ շնչառական ախտաբանության հիմնական pointer –երը 
  • Առավել տեղեկացված լինի շնչառական համակարգի հազավադեպ հանդիպող քրոնիկ հիվանդությունների մասին՝ ինչպիսիք են ցիլիար դիսկինեզիան, մուկովիսցիդոզը, պլաստիկ բրոնխիտը, մանկական տարիքի թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները
  • Կարողանա առաջնային , ոչ նեղ մասնագիտական օղակում հայտնաբերել քրոնիկ շնչառական հիվանդությունների ախտանիշներ  ունեցող երեխաներին՝ ժամանակին ախտորոշման համար
  • Տեղեկացված լինելով կազմակերպի պացիենտների ճիշտ ուղեգրումը՝ նեղ մասնագիտական օգնություն ստանալու համար 

Թիրախային լսարան

Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական էնդոկրինոլոգների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս փոդքասթում դոկտոր Էյալ Բեն Այզեքը հարցազրույց է վարում դոկտոր Մանվի Բանսալի հետ քրոնիկ թոքային հիվանդության (ՔԹՀ) մասին, ինչն իր մեջ ներառում է բազմազան քրոնիկ թոքային հիվանդություններ, որոնց բնորոշ է շարունակական բորբոքման և վերականգնողական պրոցեսների առկայությունը, ինչպես նաև ազդեցությունը աճի և զարգացման վրա։ ՔԹՀ -ի պատճառ կարող են հանդիսանալ գենետիկ խնդիրները, ինչպես նաև ցիստիկ ֆիբրոզը, առաջնային թարթչային դիսկինեզիան, նյարդամկանային թուլությունը, քրոնիկ ասպիրացիան, թոքերի վենտիլացիայի հետ ասոցացվող թոքային վնասվածքները, անհասիկությունը, ասթման և մանկական ինտերստիցիալ թոքային հիվանդությունները։Դոկտոր Բանսալը կխոսի բրոնխոպուլմոնար դիսպլազիայի (ԲՊԴ) մասին, որը անհասության հետ կապված ՔԹՀ տեսակ է և սահմանվում է իր համար հատուկ հյուսվածաբանական, ֆիզիոլոգիական կամ կլինիկական չափանիշներով, որոնք իրենց հերթին փոփոխվել են ժամանակի ընթացքում։ Ըստ նոր դասակարգումների որոշ նորածիններ, որոնց մոտ համաձայն հին չափորոշիչների նախկինում ախտորոշվել էր ԲՊԴ -ի թեթև տարբերակը, ախտորոշումը կարող է փոփոխվել՝ փոխարենը նրանց դասելով հետ-անհասիկային շնչառական հիվանդությունների խմբում։ՔԹՀ -ի ախտորոշումն ու բուժումը հիմնված են դրա հիմքում ընկած ախտաբանությունը հասկանալու վրա, որը պետք է համակցվի մանրակրկիտ հավաքված անամնեզի, զննության և այնպիսի ախտորոշիչ հետազոտությունների հետ, ինչպիսիք են ճառագայթային հետազոտությունները, կլման ակտի գնահատումը, շնչառական թեստերը և ճկուն բրոնխոսկոպիան։ Դոկտոր Բանսալը բացատրում է, որ բուժումը համապատասխանեցվում է համապատասխանաբար, սկսած օդուղիների ագրեսիվ մաքրումից և հակաբիոտիկներից մինչև բրոնխոդիլատատորներ և ստերոիդներ։ Նա կարևորում է նաև այնպիսի անատոմիական խնդիրների լուծման կարևորությունը, ինչպիսիք են կոկորդային ճեղքերը և շնչափող-կերակրափողային խուղակները։ ՔԹՀ կառավարման մեջ նա ընդգծում է նաև այնպիսի կանխարգելիչ միջոցառումների դերը, ինչպես պատվաստումները, ծխախոտից խուսափելը, ձեռքերի հիգիենան և ծնողների կրթությունը։ Փոդքասթի երկրորդ հատվածում Հայկական ակնաբուժության նախագծի հանրային կապերի և կրթության տնօրեն Թամար Մինասյանը զրուցում է մանկաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի Մուկովիսցիդոզի կենտրոնի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանի հետ։ Բժիշկ Հարությունյանը ներկայացնում է երեխաների քրոնիկ շնչառական հիվանդությունների հաճախ և ոչ այնքան հաճախ հանդիպող պատճառները և դրանց ախտորոշման հիմնական սկզբունքները։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․ Մանվի Բանսալ

Բժ․ Մանվի Բանսալ

Դոկտոր Մանվի Բանսալը մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում (CHLA): Նորածինների թոքային հիվանդությունների մասնագետ դոկտոր Բանսալի հետաքրքրությունը անհաս նորածինների մոտ բրոնխոպուլմոնար դիսպլազիայի (ԲՊԴ) նկատմամբ սկիզբ է առել իր հետդիպլոմային կրթության տարիներին: Այս ժամանակաշրջանը նշանավորվել է դեկանի կողմից պարգևով, որը ֆինանսավորել է անհաս նորածինների մոտ դեսատուրացիաները հետազոտող երկու տարվա նախագիծ որպես NIH-ի կողմից ֆինանսավորվող Անհասության և Շնչառական խնդիրների հետևանքների ծրագրի (PROP) մի մաս: Դոկտոր Բանսալը իր կարիերան նվիրել է անհաս երեխաների խնամքի և հետազոտությունների զարգացմանը: CHLA-ում նա անցել է կլինիկական ասիստենտից կլինիկական պրոֆեսորի պաշտոնին՝ համատեղ ղեկավարելով Նորածինների քրոնիկ թոքային հիվանդությունների ծրագիրը և հանդիսանալով իր կենտրոնում ԲՊԴ Համագործակցության հիմնական հետազոտողը: Նրա հետազոտական ​​հետաքրքրությունները ներառում են ոչ միայն նորածինների թոքային հիվանդությունները, այլև օդամարսողական խանգարումները, արհեստական շնչառությունը, ճկուն բրոնխոսկոպիան և մանկական ինտերստիցիալ թոքային հիվանդությունները: Որպես իր գործին նվիրված մենթոր դոկտոր Բանսալը ուղղորդել է իր երիտասարդ գործընկերներին բրոնխոպուլմոնար դիսպլազիայի հետազոտության ոլորտում, ինչի արդյունքում նրանք ներկայացրել են իրենց աշխատանքները Ամերիկայի Միջազգային Թորակալ Ասոցիացիայի կոնֆերանսում և հրատարակվել են հայտնի ամսագրերում: Նա նաև ղեկավարում է CHLA-ի Ճկուն բրոնխոսկոպիայի և տնային արհեստական շնչառության ծրագիրը՝ նաև տալով կանոնավոր դասընթացներ: Դոկտոր Բանսալը գնահատում է միջդիսցիպլինար համագործակցությունը՝ համատեղ ղեկավարելով Օդամարսողական կլինիկան իր ԼՕՌ, գաստրոէնտերոլոգ, անեսթեզիոլոգ և մանկական վիրաբույժ գործընկերների հետ: Այս գործակցությունների միջոցով նա անընդհատ զարգացնում է թե՛ բուժական մոտեցումները, թե՛ հետազոտական նախաձեռնությունները՝ զգալիորեն նպաստելով մանկական թոքաբանության ոլորտին։ 

Բժ․ Սաթենիկ Հարությունյան

Բժ․ Սաթենիկ Հարությունյան

Սաթենիկ Հարությունյանը բարձրակարգ մանկաբույժ է՝ մասնագիտացած մուկովիսցիդոզի բուժման և հետազոտության մեջ: 1996թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ)՝ ԵՊԲՀ-ում շարունակել է մասնագիտանալ մանկական անեսթեզիոլոգիայում և ռեանիմատոլոգիայում: Բժ. Հարությունյանն այդ ժամանակվանից զգալի ներդրում է ունեցել ինչպես ակադեմիական, այնպես էլ կլինիկական պրակտիկայում: Ներկայումս ծառայում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, Մուկովիսցիդոզ կենտրոնի մանկաբուժական թիվ 1 կլինիկայում և փորձագիտական օգնություն ցուցաբերում իր հիվանդներին։ Նա նաև դասախոսում է ԵՊԲՀ-ի մանկաբուժության թիվ 1 ամբիոնում՝ իր գիտելիքները փոխանցելով հաջորդ սերնդի գործընկերներին: Բժ. Հարությունյանը բեկումնային հետազոտություն է իրականացրել՝ ուսումնասիրելով մուկովիսցիդոզի ֆենոտիպ-գենոտիպային առանձնահատկությունները հայկական պոպուլյացիայում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը: Հանձնառու լինելով շարունակական մասնագիտական զարգացմանը՝ նա լայնածավալ վերապատրաստում է անցել աշխարհի հայտնի բժշկական հաստատություններում, այդ թվում՝ Մոսկվայի մուկովիսցիդոզի կենտրոնում, Լոնդոնի Royal Brompton հիվանդանոցում, Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայում և այլն: Նա մի քանի հեղինակավոր բժշկական կազմակերպությունների ակտիվ անդամ է, այդ թվում՝ Մուկովիսցիդոզի համաշխարհային կազմակերպության, Ամերիկայի Թոքային միության և Եվրոպայի ռեսպիրատոր միության: Նրա օրինակելի ներդրումը արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ 2010թ.-ին ԵՊԲՀ-ի կողմից տրված շնորհակալագիրը, որը մեծարում է կրթության, գիտության և բժշկության բնագավառներում նրա անբասիր աշխատանքը:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐ
Գիտելիքի ստուգում