Փոդքասթ – Արյան ընդհանուր քննություն
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Ճանաչել արյան ընդհանուր քննության հիմնական բաղկացուցիչ մասերը և հասկանալ դրանց կլինիկական նշանակությունը
- Օգտվել էրիթրոցիտների ածանցյալներից և Մենցերի հարաբերակցությունից միկրոցիտար անեմիան գնահատելու համար
- Ճանաչել լեյկոցիտների և լեյկոֆորմուլայի հետ կապված ահազանգող օրինաչափությունները
- Մեկնաբանել թրոմբոցիտների քանակը և թրոմբոցիտների միջին ծավալը ՝ տարբերելու համար թրոմբոցիտներ բնածին և ձեռքբերովի խանգարումները
- Հասկանալ, ե՞րբ է արյան ընդհանուր քննության արդյունքը պահանջում արյունաբանի կամ ուռուցքաբանի հետագա խորհրդատվություն
- Ճանաչել և տարբերակել արյան ընդհանուր քննության տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունները
- Տարբերակել սակավարյունությունների հիմնական տեսակները և կազմել հետազոտման պլան
- Մեկնաբանել արյան ձևավոր տարրերի քանակական և որակական շեղումները
- Ճանաչել «վտանգավոր» փոփոխությունները
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
«Արյան ընդհանուր քննության մեկնաբանումը մանկաբուժական պրակտիկայում» թեմայով դասախոսության առաջին հատվածում բժիշկ Թոմաս Հոֆստրան հարցազրույց է տալիս բժիշկ Էյալ Բեն-Այզեկին՝ քննարկելու մանկաբուժության մեջ ամենահաճախ նշանակվող հետազոտություններից մեկը՝ արյան ընդհանուր քննությունը։ Միասին նրանք վերլուծում են արյան ընդհանուր քննության հիմնական բաղադրիչները՝ լեյկոցիտներն ու լեյկոբանաձևը, էրիթրոցիտներն ու դրանց ածանցյալները, ինչպես նաև թրոմբոցիտները։ Բժիշկ Հոֆստրան բացատրում է, թե ինչպես կարող են ցուցանիշների նույնիսկ աննշան տատանումները օգնել ախտորոշման հարցում, ինչպես տարբերակել միմյանց նման կլինիկական պատկեր ունեցող հիվանդությունները, ինչն է բնորոշ երկաթ-դեֆիցիտային անեմիային և թալասեմիային, ինչպես ճանաչել թրոմբոցիտների բնածին անոմալիաները և վաղ հայտնաբերել ոսկրածուծի հիվանդությունները։ Ունկնդիրները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ՝ հասկանալու, թե երբ է անհրաժեշտ լեյկոբանաձևի որոշումը, ինչպես կիրառել էրիթրոցիտային ցուցանիշները, ինչպես օգտագործել Մենցերի հարաբերակցությունը և որոնք են այն «կարմիր դրոշակները», որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է բուժառուին ուղղորդել արյունաբանի կամ մանկական ուռուցքաբանի մոտ։ Այս հատվածը բժիշկներին տրամադրում է հստակ և կառուցվածքային գիտելիքներ՝ արյան ընդհանուր քննության արդյունքների ճիշտ մեկնաբանման համար։
Զրույցի երկրորդ հատվածը վարում է Հայկական ակնաբուժության նախագծի հանրային կապերի տնօրեն Թամար Մինասյանը, ով քննարկումը շարունակում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական թերապևտիկ ստացիոնար ծառայությունների պատասխանատու, մանկաբույժ Աիդա Պապիկյանի հետ։ Այս հատվածում ներկայացվում են արյան ընդհանուր քննության հիմնական բաղադրիչները, դրանց տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, սակավարյունությունների, լեյկոցիտների և նեյտրոֆիլների քանակական ու որակական փոփոխությունների գնահատման սկզբունքները, ինչպես նաև կլինիկական նշանակություն ունեցող «կարմիր դրոշակները»։ Քննարկումը կենտրոնացած է ոչ միայն լաբորատոր ցուցանիշների տեսական նկարագրության, այլև դրանց ամենօրյա կլինիկական կիրառման վրա՝ հիմնվելով մանկաբուժական պրակտիկայում հանդիպող իրական իրավիճակների վրա։ Թեման կարևոր է, քանի որ արյան ընդհանուր քննությունը առաջնային օղակում և մանկաբուժական պրակտիկայում ամենահաճախ նշանակվող լաբորատոր հետազոտություններից է, իսկ դրա ճիշտ մեկնաբանումը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել ինչպես տարածված և բարորակ վիճակները, այնպես էլ կյանքին սպառնացող հիվանդությունները՝ միաժամանակ խուսափելով ավելորդ հետազոտություններից և անհիմն միջամտություններից։ Դասախոսության թիրախային լսարանն են մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, ռեզիդենտները, ինչպես նաև առաջնային օղակում աշխատող բոլոր այն մասնագետները, ովքեր առօրյա գործունեության ընթացքում հաճախ առնչվում են արյան ընդհանուր քննության արդյունքների գնահատմանն ու դրանց հիման վրա հետագա ախտորոշիչ և բուժական որոշումների կայացմանը։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Թոմաս Ս․ Հոֆստրա
Դոկտոր Թոմաս Ս․ Հոֆստրան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և արյան ու ոսկրածուծի փոխպատվաստման բաժնի առաջատար բժիշկ է, ինչպես նաև Մանկաբուժության ասիստենտ պրոֆեսոր՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Քեք բժշկության դպրոցում։ Նա մասնագիտացած է ոչ չարորակ հեմատոլոգիայի ոլորտում՝ մասնագիտական փորձառություն ունենալով ժառանգական և ձեռքբերովի արյունաբանական հիվանդությունների բուժման մեջ։
Դոկտոր Հոֆստրան ակտիվորեն զբաղվում է բժշկական կրթությամբ՝ դասավանդելով ուսանողների, ռեզիդենտների և մասնագիտացողների։ Նա խորհրդի կողմից հավաստագրված է մանկաբուժության և մանկական հեմատոլոգիա-ուռուցքաբանության ոլորտներում, ASPHO-ի անդամ է և արժանացել է մի շարք մասնագիտական ու կրթական բարձր գնահատականների։
Բժ․ Աիդա Պապիկյան
Աիդա Պապիկյանը մանկաբույժ է՝ մանկական առողջապահության ոլորտում ավելի քան տասը տարվա մասնագիտական փորձով։ Ներկայումս նա ղեկավարում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնի թերապևտիկ ստացիոնար ծառայությունները՝ համակարգելով մանկական բուժօգնության կազմակերպումն ու որակի ապահովումը։
Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ մանկաբուժական ծառայություններում։ Եղել է մանկաբուժական բաժանմունքի պատասխանատու և ղեկավար «Ուիգմոր» առողջապահական ցանցում, ինչպես նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»։ Մինչ այդ աշխատել է որպես մանկաբույժ «Արաբկիր» բժշկական համալիրում՝ ակտիվորեն ներգրավված լինելով մանկական հիվանդությունների ախտորոշման, բուժման և հիվանդների համալիր կառավարման գործընթացներում։
Բժշկական կրթությունը ստացել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը, այնուհետև մանկաբուժության կլինիկական օրդինատուրան և ասպիրանտուրան։
Իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները շարունակաբար կատարելագործել է միջազգային վերապատրաստումների և գիտաժողովների միջոցով՝ մասնագիտական ուսուցում անցնելով ԱՄՆ-ում, Ավստրիայում և Շվեյցարիայում։ Նա նաև ներկայացրել է գիտական աշխատանքներ Եվրոպական մանկական ինֆեկցիոն հիվանդությունների միության (ESPID) տարեկան համաժողովներում։
2025–2026 թվականներին մասնակցում է Բոստոնի համալսարանի բժշկական կրթության «Training of Trainers» ծրագրին՝ խորացնելով իր փորձառությունը բժշկական կրթության, դասավանդման մեթոդաբանության և մասնագիտական զարգացման ոլորտներում։