Գոյտեր և վահանագեղձի հանգույցներ
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին սովորողները պետք է կարողանան՝
- Սահմանել խպիպը
- Քննարկել մանկական խպիպի հիմնական պատճառները
- Նկարագրել երեխաների մոտ խպիպի դասակարգումը
- Քննարկել խպիպի և վահանաձև գեղձի հանգույցների բուժման մոտեցումները երեխաների մոտ
- Նկարագրել վահանաձև գեղձի դերն ու կարևորությունը երեխայի աճի, զարգացման և նյութափոխանակության գործընթացներում
- Ճանաչել վահանաձև գեղձի դիսֆունկցիայի հիմնական, բայց ոչ սպեցիֆիկ ախտանշանները և բարձր զգոնություն ունենալ դրանց նկատմամբ
- Ճիշտ ընտրել առաջնային ախտորոշիչ հետազոտությունները
- Գնահատել յոդի բավարար օգտագործման դերը վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման մեջ
- Կազմել հսկողության և բուժման շարունակական պլան՝ հասկանալով հորմոնների պարբերական վերահսկման անհրաժեշտությունը երեխաների մոտ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և էնդոկրինոլոգների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս դասախոսությունը երեխաների մոտ վահանաձև գեղձի հանգույցների գնահատման և վարման մասին է, շեշտելով, որ երեխաների մոտ չարորակացման ռիսկն ավելի բարձր է՝ ի հեմեմատ մեծահասակների։ Այն ընդգրկում է այնպիսի ռիսկի գործոններ, ինչպիսիք են ընտանեկան պատմությունը, գենետիկ սինդրոմները և նախորդող ճառագայթային ազդեցությունը, ինչպես նաև նկարագրում է ախտորոշման ընթացքը՝ օգտագործելով վահանաձև գեղձի ֆունկցիոնալ թեսթերը, ուլտրաձայնային հետազոտությունը, բարակասեղային ասպիրացիան և գենետիկ թեսթերը։ Զեկույցի ընթացում նկարագրվում է, թե ինչպես են կլինիկական տվյալները և ռադիոլոգիական պատկերը որոշում բիոպսիայի անհրաժեշտությունը և բուժման պլանը՝ ներառելով վիրահատության և ռադիոակտիվ յոդի դերը՝ կախված չարորակացման ռիսկից։ Այս փոդքասթի երկրորդ մասում մանկաբուժության մեջ վահանաձև գեղձի առանցքային դերի մասին զրուցում ենք «Արաբկիր» Բժշկական համալիրի էնդոկրին ծառայության ղեկավար Իրինա Մարությանի հետ։ Վահանաձև գեղձը մեծ ազդեցություն ունի երեխայի աճի, նյարդահոգեբանական զարգացման և նյութափոխանակության կարգավորման վրա։ Նրա դիսֆունկցիան՝ լինի հիպոթիրեոզ կամ հիպերթիրեոզ, կարող է արտահայտվել ոչ սպեցիֆիկ և հաճախ աննկատ մնացող ախտանշաններով՝ հոգնածություն, քաշի փոփոխություններ, մաշկի ու մազերի խնդիրներ, քնի խանգարումներ, իսկ երկար չախտորոշման դեպքերում՝ զարգացման հապաղումներ։ Վաղ ախտորոշման համար կարևոր նշանակություն ունեն ԹԽՀ-ի, ազատ թիրոքսինի մակարդակների գնահատումը, ինչպես նաև վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը։ Քննարկվում է նաև յոդի բավարար օգտագործման կարևորությունը կանխարգելման գործում և այն, որ բուժումը պահանջում է հորմոնալ ցուցանիշների շարունակական հսկողություն։ Փոդքասթը շեշտում է մանկաբույժի զգոնության անհրաժեշտությունը, քանի որ վահանաձև գեղձի խանգարումները կարող են ծածկվել այլ վիճակներով՝ ազդելով երեխայի առողջության և զարգացման բոլոր կողմերի վրա։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ․ Սաբիթա Սեսիդերեն-Պիլեյ
Դոկտոր Սաբիթա Սասիդհարան Փիլային հավաստագրված մանկական էնդոկրինոլոգ է՝ երեխաների խնամքի հանդեպ ողջ կյանքի ընթացքում տածած հետաքրքրվածությամբ։ Ոգեշնչված վաղ փորձով, երբ խնամում էր իր կրտսեր ազգականներին, նա սկսեց զբաղվել մանկաբուժությամբ Հնդկաստանի Կերալայում գտնվող Կալիկուտի Պետական բժշկական քոլեջում, որտեղ նա նաև ավարտեց իր ռեզիդենտուրան։ Նրա հետաքրքրությունը էնդոկրինոլոգիայի նկատմամբ հրահրվեց շաքարային դիաբետով երեխայի բուժման փոխակերպող փորձառությամբ։
Ռեզիդենտուրայից հետո դոկտոր Փիլային օգնել է հիմնել Մանկական էնդոկրինոլոգիայի և ճարպակալման կլինիկաներ Կալիկուտում, նախքան Մանկական էնդոկրինոլոգիայի ֆելոուշիփն ավարտելը Բրաունի համալսարանում։ Այսօր նա հպարտ է, որ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի, շաքարային դիաբետի և նյութափոխանակության կենտրոնի առաջամարտիկ թիմի մաս է։
Նրա կլինիկական հետաքրքրությունները ներառում են լիպիդային խանգարումները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, բնածին հիպերինսուլինիզմը, աճի և վահանագեղձի խանգարումները և մետաբոլիկ առողջությունը։ Կլինիկական աշխատանքից բացի, նա նվիրված է ուսուցմանը և հետազոտություններին։
Բժ․ Իրինա Մարության
Իրինա Մարությանն ունի ավելի քան երեք տասնամյակ մասնագիտական փորձ մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում՝ աշխատելով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նա 2010 թվականից աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես բժիշկ-էնդոկրինոլոգ և շարունակաբար ընդունում է հիվանդներ նաև «Բաղրամյան» մանկական պոլիկլինիկայում։ Իր աշխատանքային փորձը ներառում է պատասխանատու պաշտոններ «ԱրբԵՍ» բժշկական կենտրոնում, Երևանի Մանկական պոլիկլինիկայում և Երևանի Մանկական հիվանդանոց թիվ 2-ում, ինչը ձևավորել է նրա խորքային գիտելիքները և նվիրվածությունը մանկական էնդոկրին առողջությանը։ Մարությանը բժշկական կրթությունն ստացել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում և 1989 թվականից ակտիվորեն ներգրավված է կլինիկական գործունեության մեջ։ Տիկին Մարությանն իր մասնագիտական հմտությունները կատարելագործել է նաև միջազգային բազմաթիվ стаժировка-ների միջոցով՝ մասնավորապես Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Նա անցել է բազմակի կլինիկական պրակտիկաներ Ժնևի Կանթոնալ հիվանդանոցում, Լոզանի Մանկական հիվանդանոցում, Լոզանի Համալսարանական հիվանդանոցում (CHUV), ինչպես նաև Պոռրենտրուայի տարածաշրջանային հիվանդանոցում։ 2024 թվականին Մարությանը երեք ամսով վերապատրաստում է անցել Նիցցայի համալսարանական «Lenval» մանկական հիվանդանոցում։ Այս փորձառությունները նրան հնարավորություն են տվել համալրել ժամանակակից էնդոկրինոլոգիայի իր գիտելիքները և ընդլայնել մասնագիտական տեսլականը։ Հայերենն ու ռուսերենը՝ մայրենի, իսկ ֆրանսերենը՝ վարժ իմացող Մարությանը իր աշխատանքում կիրառում է բազմամշակութային և բազմամասնագիտական մոտեցում՝ ապահովելով բարձրորակ և հիվանդակենտրոն խնամք երեխաների համար։