Թերապևտիկ հոգեբանական առաջին օգնություն
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Բացահայտել տրավմաների ենթարկվածների մոտ երկարատև տրավմաների ախտանիշների բարդությունն ու տևողությունը
- Որոշել, թե տրավմատիկ իրադարձություններին անմիջապես հաջորդող օրերին որքանով է տրավմայի նկատմամբ հուզական արձագանքը «հստակ» և «տիպիկ»
- Հասկանալ, թե ինչ է իրենից ենթադրում տրավմատիկ իրադարձություններին անմիջապես հաջորդող օրերին «առողջ» հուզական արձագանքը
- Սահմանել հոգեբանական առաջին օգնության հիմնական նպատակները
- Տարբերակել առաջնահերթ հիվանդին, ում պետք է հոգեբանական առաջին օգնություն ցույց տալ
- Բացատրել հոգեբանական առաջին օգնության հիմնական բաղադրիչները
- Հոգեբանական առաջին օգնություն ցույց տալու մեթոդները ընդհանրացնել բնակչության խոցելի խմբերի վրա
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, հոգեկան առողջության պահպանման ծառայություն մատուցողների համար, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս դասընթացը ստեղծվել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) և Հոգեկան առողջության հայկական նախաձեռնության (AMHI) համագործակցության արդյունքում։ Դասընթացը ստեղծվել է` հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակը և մշակվել է` խթանելու Հայաստանում հոգեկան/վարքային առողջության պահպանման ոլորտի հետագա զարգացումն ու գիտելիքների ամրապնդումը։ Այս դասընթացը ցույց է տալիս սուր սթրեսային խանգարման պատճառները հասկանալու մեթոդները, թե ինչպես է այն ազդում մարդկանց տարբեր խմբերի վրա, ինչպես նաև տալիս է բուժման տարրերի և կառուցվածքի վերաբերյալ նորագույն առաջարկներ: Դասընթացի ուսուցումը ամրապնդելու նպատակով այստեղ ներառված են նաև գործնական ուղեցույցներ և պացիենտների դեպքերի ուսումնասիրություններ։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ. Վալենտինա Օգարյան, բ.գ.թ.
Լինելով կլինիկական հոգեբան՝ Վալենտինա Օգարյանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով տառապող պացիենտներին և նրանց ընտանիքներին: Վալենտինան անմիջականորեն աշխատում է պացիենտների հետ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի քաղցկեղի կլինիկաներում և Սիմմս/Մանն կենտրոնում: Նա տեղեկացնում է պացիենտներին և վերջիններիս մտերիմներին առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին, ինչպես նաև օգնում է նրանց ստանալ համապատասխան բուժում: Որպես լրացուցիչ աշխատանք՝ նա նաև դասավանդում է համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի բաժիններում սովորող ոսանողներին։
Բժ. Երազ Մարկարյան, բ.գ.թ.
Կլինիկական հոգեբան է, ով մասնագիտացված է տրամադրության խանգարումների և անհանգստության համախտանիշի բուժման ուղղությամբ: Ինտենսիվ ձևով վերապատրաստվելով դիալեկտիկ վարքագծային թերապիայի (DBT), ինչպես նաև կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի (CBT) ուղղություններով, նա իրականացնում է անհատական և խմբային բուժում տարեցների և երիտասարդ մեծահասակների համար՝ օգտագործելով այս ապացուցահեն պրակտիկաները: Նա ունի մասնագիտացված ոսուցում և հարուստ կլինիկական փորձ անհանգստության, ընկճախտի՝ դեպրեսիայի, սուիցիդալ վարքի, ինքնավնասման, տրավմայի, սնման խանգարումների, ինչպես նաև ուշադրության խանգարումների բուժման ոլորտում: Նա նաև կից դասախոս է Կոլումբիայի համալսարանի Ուսուցչական քոլեջում: