Առանց օջախի տենդ
Կրթական նպատակներ
Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`
- Հասկանալ Առանց Օջախի Տենդ (ԱՕՏ) սահմանումը և դրա կլինիկական նշանակությունը։
- Ձեռք բերել ՏԱԱ-ով պացիենտի գնահատման համար անհրաժեշտ անամնեզ հավաքելու հմտություններ։
- Ճանաչել առանց իդենտիֆիկացվող օջախի տենդով պացիենտների մոտ առավել տարածված թաքնված բակտերիալ վարակները։
- Մշակել համակարգված մոտեցում տենդով դիմած երեխաների դասակարգման և վարման համար։
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
Տենդը մանկական շտապ օգնության բաժանմունքներում և առաջնային բուժօգնության մեջ ամենահաճախ հանդիպող կլինիկական վիճակներից է։ Չնայած որ երեխաների մեծամասնությունը ինքնուրույն առողջանում է ինքնասահմանափակվող վարակներից, սակայն ծանր վարակները կարող են հանգեցնել երկարաժամկետ հետևանքների և նույնիսկ մահացության։ Դեպքերի 50-60%-ում տենդի կապակցությամբ դիմած երեխաների մոտ առկա է իդենտիֆիկացվող էթիոլոգիա, ինչպես օրինակ սուր միջին օտիտ, վիրուսային հիվանդություններ, կրուպ, COVID -19, գրիպ և այլն։ Այնուամենայնիվ, երբ անամնեզի և օբյեկտիվ զննության տվյալները բավարար չեն լինում հստակ աղբյուրը որոշելու համար, մեծանում է ծանր և թաքնված բակտերիալ վարակների հավանականությունը։ 7 օրից պակաս տևողությամբ տենդը, որի դեպքում պացիենտի լիարժեք հետազոտությունից հետո չի իդենտիֆիկացվում վարակի հստակ աղբյուրը, անվանվում է Առանց Օջախի Տենդ (ԱՕՏ), Առանց Տեղայնացնող Նշանների Տենդ (ԱՏՆՏ) կամ Առանց Աղբյուրի Տենդ (ԱԱՏ)։ Չնայած որ տենդը բավականին տարածված գանգատ է, ԱՕՏ-ով երեխաների վարման հարցում առկա են զգալի հակասություններ։ Մարտահրավերը կայանում է մի կողմից պացիենտի մոտ ռիսկի նվազեցման, իսկ մյուս կողմից հետազոտման ու բուժման ծախսերի միջև հավասարակշռություն պահպանելու մեջ։ Այս առցանց դասընթացում մենք կուսումնասիրենք մի շարք բակտերիալ ինֆեկցիաներ, որոնք հաճախ են հանդիպում 3-36 ամսական երեխաների շրջանում ԱՕՏ-ի ժամանակ։ Մենք կանդրադառնանք այս տիպի տենդերի ախտորոշման մոտեցումներին՝ պացիենտի մոտ հնարավոր լավագույն արդյունքն ապահովելու համար շեշտադրելով մանրակրկիտ զննման և այնուհետև հիվանդության ճշգրիտ վարման կարևորությունը։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Էդիթ Հախնազարյան
Բժշկուհի Էդիթ Հաղնազարյանը մանկաբույժ է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Նա ունի հայ-իրանական ծագում, ծնվել և մեծացել է Թեհրանում, Իրան։ Բժշկական կրթությունը ստացել է Թեհրանի Բժշկական Գիտությունների Համալսարանում՝ ավարտելով 2014 թվականին։ Ավարտելուց հետո երկու տարի բժշկուհի Հաղնազարյանն աշխատել է որպես պրակտիկ բժիշկ և ղեկավարել է ծննդաբերության բաժանմունք Իրանի շրջաններից մեկում։ 2016 թվականին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ շարունակելու իր բժշկական կրթությունը։ Նա զբաղեցրել է հետազոտական պաշտոններ նեոնատալ բժշկության և երեխաների զարգացման ոլորտում Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում (CHLA), Կալիֆորնիայի Համալսարանում՝ Լոս Անջելեսում (UCLA), և Harbor-UCLA Բժշկական Կենտրոնում։ Էդիթն ավարտել է իր մանկաբուժական ինտերնատուրան և ռեզիդենտուրան CHLA-ում 2022 թվականին։ Ներկայումս բժշկուհի Հաղնազարյանը աշխատում է որպես հերթապահ մանկաբույժ CHLA-ի շտապ օգնության բաժանմունքում և ընդհանուր մանկաբույժ Լոս Անջելեսում։ Նա ելույթներ է ունեցել ՄԱԿ-ում և այլ միջազգային միջոցառումների ժամանակ և հրապարակել է գիտական հոդվածներ գլոբալ առողջապահության, կլիմայի փոփոխության, ներգաղթյալների առողջության և գենդերային հավասարության թեմաներով։ Որպես ներգաղթյալ, բժշկուհի Հաղնազարյանը մեծ տեղ է տալիս մշակութային զգայունություն ցուցաբերող մոտեցմանը իր պրակտիկայում՝ ապահովելով, որ իր պացիենտները ստանան այնպիսի խնամք, որը ճանաչում և հարգում է նրանց մշակույթը։