Փոդքասթ - Դեղնախտ
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Հասկանալ մայրական և ընտանեկան համապարփակ անամնեզի հավաքագրման կարևորությունը
- Բացահայտել ծննդաբերության հիմնական բարդությունները
- Ընկալել անհասության դերը
- Հասկանալ արյան թեստերի կարևորությունը
- Հասկանալ, թե երբ և ինչպես կիրառել ճառագայթային ախտորոշման մեթոդները
- Բացահայտել լեղուղիների ատրեզիայի կրիտիկական նշանները
- Ճանաչել դեղնուկի կլինիկական պատկերի տարբերությունները մեծահասակ երեխաների մոտ
- Ուշադրություն դարձնել այն անամնեստիկ և կլինիկական տվյալներին, որոնք կարող են վկայել ծանր նորածնային դեղնուկի զարգացման ռիսկի մասին
- Ճիշտ գնահատել դեղնուկի աստիճանը, ֆոտոթերապիայի ցուցումները և դրա իրականացումը
- Հիվանդանոցում գտնվելու ընթացքում իրականացնել բիլիռուբինի ցուցանիշի պատշաճ հսկողություն
- Դուրսգրումից առաջ բիլիռուբինի ցուցանիշի հիման վրա ճիշտ պլանավորել հասուն և ուշ անհաս նորածինների հետագա վարումն ու հսկողությունը
- Տարբերակել ֆիզիոլոգիական և ախտաբանական դեղնուկները
- Տարբերակել այն դեպքերը, երբ անհրաժեշտ է երեխային ուղեգրել մանկական լյարդաբանի մոտ՝ հետագա հետազոտության համար
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, նեոնատոլոգների, մանկական վիրաբույժների, մանկական գաստրոէնտերոլոգների և լյարդաբանների, ինչպես նաև մանկական էնդոկրինոլոգների համար։
Դասընթացի նկարագրություն
Այս դրվագում բժիշկներ Էյալ Բեն Այզեքը և Տանիա Միցինիկոսը քննարկում են նորածնային դեղնուկի գնահատման ժամանակ մայրական և ընտանեկան համապարփակ անամնեզի հավաքագրման կարևորությունը՝ ներառյալ նախորդ հղիությունների, վիժումների, ինչպես նաև լյարդի հիվանդությունների կամ հեմոլիտիկ սակավարյունության ընտանեկան պատմության վերաբերյալ մանրամասները։
Նրանք շեշտադրում են ծննդաբերական այնպիսի բարդությունների նշանակությունը, ինչպիսիք են տրավմատիկ կամ օժանդակված ծննդաբերությունները, ինչպես նաև դեղնուկի առաջացմանը նպաստող այլ գործոնները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև անհասությանը և դրա ազդեցությանը բիլիռուբինի մակարդակների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում ի հայտ եկած դեղնուկին, որը միշտ համարվում է ախտաբանական։
Շեշտադրվում է արյան թեստերի, այդ թվում՝ արյան խմբի որոշման և Կումբսի թեստի, ինչպես նաև բիլիռուբինի մակարդակի մոնիտորինգի կարևորությունը, հատկապես արագ զարգացող դեղնուկով նորածինների դեպքում։ Զրուցակիցները ընդգծում են ժամանակին իրականացվող ճառագայթային հետազոտությունների և անհրաժեշտության դեպքում հետագա հետազոտության նպատակով ուղեգրման կարևորությունը՝ ներառյալ ուլտրաձայնային հետազոտությունը և, անհրաժեշտության դեպքում, ավելի բարդ հետազոտությունները՝ բացառելու այնպիսի վիճակներ, ինչպիսին է լեղուղիների ատրեզիան։
Դրվագն ավարտվում է այն հիվանդությունների ժամանակին ախտորոշման և բուժման հրատապության մասին հիշեցմամբ, որոնք չբուժվելու դեպքում կարող են հանգեցնել լուրջ բարդությունների։
Փոդքասթի երկրորդ հատվածում Թամար Մինասյանը, բժիշկներ Սերինե Մելիքսեթյանը և Սիրանուշ Փաշինյանը անդրադառնում են նորածնային դեղնուկի առաջացման պատճառներին, հիպերբիլիռուբինեմիայի նեյրոտոքսիկության ռիսկի գործոններին և կլինիկական դրսևորումներին։ Քննարկվում է, թե որ անամնեստիկ տվյալներն են կարևոր, ինչպես կլինիկորեն գնահատել դեղնուկի աստիճանը, ինչպես որոշել նորածնի բիլիռուբինի մակարդակը, որոնք են ֆոտոթերապիայի իրականացման ցուցումները, ինչպես տարբերակել ֆիզիոլոգիական և ախտաբանական դեղնուկները և ինչպես վարվել նորածնային խոլեստազի կասկածի դեպքում։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ․ Տանիա Միցինիկոս
Բժիշկ Տանյա Միցինիկոսը Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցի Մետաբոլիկ Դիսֆունկցիայով Պայմանավորված Լյարդի Ճարպային Հիվանդության Կլինիկայի տնօրենն է և Լյարդի Տրանսպլանտացիայի և Հեպատոլոգիայի ծրագրի փոխտնօրենը։ Նա նաև Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի Կեկի Բժշկական Դպրոցի մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր է։
Դոկտոր Միցինիկոսի կլինիկական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են մանկական մետաբոլիկ դիսֆունկցիայով պայմանավորված լյարդի ճարպային հիվանդությունը, մանկական հեպատոլոգիան և երեխաների մոտ լյարդի տրանսպլանտացիան։
Նա բժշկական կրթությունը ստացել է Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի Կեկի Բժշկական Դպրոցում, այնուհետև Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում անցել է ինտերնատուրա և ռեզիդենտուրա՝ ընդհանուր մանկաբուժության մասնագիտությամբ։ Դրանից հետո բժիշկ Միցինիկոսը նույն հաստատությունում շարունակել է կրթությունը՝ գաստրոէնտերոլոգիայի և տրանսպլանտացիոն հեպատոլոգիայի ուղղություններով։
Նա ունի մանկաբուժության, մանկական գաստրոէնտերոլոգիայի և մանկական տրանսպլանտացիոն հեպատոլոգիայի մասնագիտական սերտիֆիկացում։
Բժիշկ Միցինիկոսը Ամերիկյան Մանկաբույժների Ակադեմիայի, Հյուսիսային Ամերիկայի Մանկական Գաստրոէնտերոլոգիայի, Հեպատոլոգիայի և Սնուցման Ասոցիացիայի, ինչպես նաև Լյարդի Հիվանդությունների Ուսումնասիրության Ամերիկյան Ասոցիացիայի անդամ է։
Բժ․ Սերինե Մելիքսեթյան, բ.գ.թ., դոցենտ
Սերինե Մելիքսեթյանը փորձառու նեոնատոլոգ, մանկաբույժ և բժշկական կրթության մասնագետ է՝ նորածնային և մանկաբուժական ծառայությունների ոլորտում ավելի քան երեք տասնամյակի կլինիկական, ակադեմիական և ղեկավար աշխատանքի փորձով։
2024 թվականի մարտից նա ղեկավարում է «Wigmore Women’s and Children’s Hospital»-ի նորածնային բաժանմունքը։ 2006–2024 թվականներին ղեկավարել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի (ՎԱՊՄԳՀԻ) նորածնային վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և բուժօգնության երկրորդ փուլի բաժանմունքը։
2014–2024 թվականներին աշխատել է նաև ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետում և Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում՝ մասնակցելով վաղաժամ ծնված և բարձր ռիսկի նորածինների բազմամասնագիտական խնամքին և տեսողության կորստի կանխարգելման ծրագրերին։
1993–2006 թվականներին աշխատել է որպես նեոնատոլոգ Մանկական թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Կլինիկական գործունեությանը զուգահեռ՝ երկար տարիներ զբաղվում է բժշկական կրթությամբ։ 2011 թվականից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի նեոնատոլոգիայի ամբիոնի դոցենտ է։ 2004–2011 թվականներին եղել է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի նեոնատոլոգիայի ամբիոնի դոցենտ։
Ունի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ ԵՊԲՀ-ում անցել է լրացուցիչ մասնագիտացումներ մանկաբուժության և մանկական սոնոգրաֆիայի ուղղություններով, իսկ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում՝ կլինիկական օրդինատուրա «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են նեոնատոլոգիան, նորածնային վերակենդանացումն ու ինտենսիվ թերապիան, մանկաբուժությունը, մանկական սոնոգրաֆիան, բժշկական կրթությունը, ինչպես նաև վաղաժամ ծնված և բարձր ռիսկի նորածինների բազմամասնագիտական խնամքը։
Բժ․ Սիրանուշ Փաշինյան
Սիրանուշ Փաշինյանը մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգ, մանկաբույժ և լյարդի փոխպատվաստման համակարգող է՝ մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտների վարման ոլորտներում մասնագիտական փորձով։
2017 թվականից աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոն – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (ICAH) Մանկական գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայությունում։ Նրա կլինիկական գործունեության հիմնական ուղղություններից են լյարդի փոխպատվաստումը, իմունոսուպրեսիվ բուժումը և փոխպատվաստումից հետո պացիենտների երկարաժամկետ հսկողությունը։ Նա նաև իրականացնում է լյարդի փոխպատվաստման համակարգողի աշխատանք և մասնագիտական գործունեություն ծավալում որպես մանկաբույժ և մեծահասակների գաստրոէնտերոլոգ։
2011 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ ստանալով ընդհանուր պրակտիկայի բժշկի որակավորում։ Այնուհետև նույն համալսարանում մասնագիտացել է մանկաբուժության (2013 թ.), մանկական գաստրոէնտերոլոգիայի (2017 թ.) և մեծահասակների գաստրոէնտերոլոգիայի (2020 թ.) ուղղություններով։
2018 թվականին ԵՊԲՀ-ում անցել է մասնագիտական վերապատրաստում ստամոքս-աղիքային էնդոսկոպիայի ուղղությամբ։ 2019 թվականին վերապատրաստվել է Մինսկի վիրաբուժության, փոխպատվաստման և արյունաբանության գիտագործնական կենտրոնում՝ խորացնելով գիտելիքները լյարդի փոխպատվաստման հեպատոլոգիական ասպեկտների վերաբերյալ։
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են մանկական գաստրոէնտերոլոգիան և հեպատոլոգիան, լյարդի փոխպատվաստումը, իմունոսուպրեսիվ բուժումը, ստամոքս-աղիքային էնդոսկոպիան և լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտների երկարաժամկետ բազմամասնագիտական վարումը։