Փոդքասթ - Ցելիակիա
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Կթարմացնեն գիտելիքները ցելիակիա թեմայի վերաբերյալ՝ հիմնվելով ESPGHAN-ի վերջին ուղեցույցերի տվյալների վրա
- Կտեղեկանան հիմնական մարտահրավերների մասին, որոնց մասնագետը կարող է հանդիպել Ցելիակիայով կասկածելի պացիենտին հետազոտելիս և ախտորոշման ընթացքում՝ մասնավորապես արտաղիքային դրսևորումներով, թաքնված ընթացքի, ռիսկի խմբին պատկանող պացիենտների առումով
- Կհստակեցնեն ժամանակակից մոտեցումները ցելիակիայի բարդությունների կանխարգելման, ինչպես նաև ագլյուտենային սննդակարգի կազմակերպման վերաբերյալ
- Կտարբերակեն և կառանձնանցնեն Ցելիակիայի ռիսկի խմբերին պատկանող դեպքերը, երբ անհրաժեշտ կլինի հատուկ հետզոտությունները շարունակելու համար երեխային ուղեգրել մանկական գաստրոէնտերոլոգի խորհրդատվության
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, գաստրոէնտերոլոգների և մանկական գաստրոէնտերոլոգների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս առցանց դասընթացում ընդգծվում է ոչ միայն ստամոքս-աղիքային, այլև ներկայումս առավել տարածված արտաաղիքային դրսևորումների գնահատման անհրաժեշտությունը: Երեխաների մոտ ցելիակիայի կլինիկական ախտանիշները սուր փուլում լավ հայտնի են, մինչդեռ ուշ փուլում կլինիկական պատկերի պոլիմորֆիզմը և սննդային գործոնների հետ կապը պահանջում են հետագա ուսումնասիրություն: Ցելիակիայով հիվանդների մոտ ռեմիսիայի ընթացքում ագլիադինային դիետայի պահպանման մոնիթորինգը մնում է դեռ արդիական խնդիր պրակտիկ բժիշկների համար: Այս հարցերի մասին ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար բժիշկներին լրացուցիչ տրամադրվել է միջազգային Sher ընկերության «Ցելիակիա» բուկլետը ծնողների համար, որը Արաբկիր ԲՀ գաստրոէնտերոլոգիական ծառայության կողմից թարգմանվել է հայերեն:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ. Գայանե Ամարյան
Գայանե Ամարյանը մանկաբույժ և մանկական գաստրոէնտերոլոգ է, բժշկագիտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նրա բժշկական կրթությունը ստացել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտում, որն ավարտել է գերազանցությամբ։ Այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա և հետագայում մասնագիտացել մանկաբուժության, ապա՝ մանկական գաստրոէնտերոլոգիայի ոլորտներում՝ տարբեր միջազգային բժշկական կենտրոններում։ Հետագա տարիներին պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները և ստացել բժշկագիտության պրոֆեսորի ակադեմիական կոչում։ Մասնագիտական գործունեությունը ներառում է երկարամյա կլինիկական, գիտական և մանկավարժական աշխատանք։ 2005 թվականից նա ղեկավարում է «Արաբկիր» բժշկական կենտրոն – ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայությունը, որի գործունեությունն ուղղված է ժամանակակից միջազգային կլինիկական ուղեցույցների ներդրմանը, գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը և պացիենտների կյանքի որակի բարելավմանը։ Նրա մասնագիտական գործունեության կարևոր ուղղություններից է նաև Պարբերական հիվանդության (Ընտանեկան Միջերկրածովյան տենդ) ուսումնասիրությունն ու բուժման կազմակերպումը։ 2007 թվականից նա ղեկավարում է Պարբերական հիվանդության Հանրապետական մանկական կենտրոնի գիտական և գործնական գործունեությունը։ Գայանե Ամարյանը բազմաթիվ գիտական հրապարակումների, կլինիկական ուղեցույցների և ուսումնական նյութերի հեղինակ և համահեղինակ է։