Փոդքասթ - Պրոտեինուրիա
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան`
- Սահմանել պրոտեինուրիան տարբեր մեթոդներով
- Բացատրել, թե որն է առավոտյան առաջին մեզի նմուշի ճիշտ հավաքումը
- Նկարագրել մանկահասակ բնակչության շրջանում պրոտեինուրիայի ամենատարածված պատճառները
- Հասկանալ, թե պրոտեինուրիա ունեցող մանկահասակ բուժառուին երբ պետք է ուղղորդել երիկամաբանի մոտ
- Հասկանալ և բացատրել ծնողներին, որ մեզի նմուշը վերցնեն ճիշտ, ապա նոր հիմնվեն հետազոտության արդյունքների վրա
- Տարբերակել գլոմերուլյար և տուբուլյար պրոտեինուրիաները
- Առաջնային օղակում կատարել օրթոստատիկ պրոտեինուրիայի թեստ և մեկնաբանել այն ծնողին
- Ի գիտություն ընդունել, որ ոչ բոլոր պրոտեինուրիաներն են երիկամային հիվանդության նշան և խուսափել ծնողին ավելորդ բացասական էմոցիաներ տալ
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական նեֆրոլոգների համար։
Դասընթացի նկարագրություն
«Պրոտեինուրիա» փոդքասթը ներկայացնում է մանկական տարիքում պրոտեինուրիայի գնահատման հիմնական սկզբունքները՝ օգնելով տարբերակել ֆիզիոլոգիական կամ անցողիկ վիճակները երիկամային հիվանդության հնարավոր դրսևորումներից։ Քննարկվում են պրոտեինուրիայի սահմանման և հայտնաբերման տարբեր մեթոդները, գլոմերուլյար և տուբուլյար պրոտեինուրիայի առանձնահատկությունները, ինչպես նաև երեխաների շրջանում առավել տարածված պատճառները՝ ներառյալ տրանզիտոր և օրթոստատիկ պրոտեինուրիան։ Առանձին ուշադրություն է դարձվում մեզի հետազոտության ճիշտ կազմակերպմանը և արդյունքների մեկնաբանմանը։ Փոդքասթը ներկայացնում է առավոտյան առաջին մեզի նմուշի ճիշտ հավաքման եղանակը, սպիտակուց/կրեատինին հարաբերակցության և մեզի թեստ-շերտիկի կիրառման առանձնահատկությունները։ Ներկայացվում է նաև, թե ինչպես առաջնային օղակում ստուգել օրթոստատիկ պրոտեինուրիան և ինչպես բացատրել հետազոտության արդյունքներն ու հետագա քայլերը երեխայի ծնողներին։ Փոդքասթը գործնական ուղեցույց է տալիս նաև այն հարցում, թե երբ է պրոտեինուրիա ունեցող երեխային անհրաժեշտ ուղղորդել մանկական երիկամաբանի մոտ։ Քննարկվում են այնպիսի կարևոր ուղեկցող նշաններ, ինչպիսիք են կայուն պրոտեինուրիան, արյունամիզությունը և գերճնշումը։ Միաժամանակ ընդգծվում է, որ երեխաների մոտ հայտնաբերված ոչ բոլոր պրոտեինուրիաներն են վկայում երիկամային հիվանդության մասին, ուստի ճիշտ նմուշառումը, արդյունքների համարժեք գնահատումը և ծնողների հետ հավասարակշռված հաղորդակցությունը կարևոր են ավելորդ անհանգստությունից ու չհիմնավորված ուղղորդումներից խուսափելու համար։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Վենդի Բրավո
Վենդի Բրավո, բժիշկ, կլինիկական համաճարակաբանության մագիստրոս, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի (CHLA) Նեֆրոլոգիայի բաժանմունքի բժիշկ է և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Կեք բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության դոցենտ։ Հավաստագրված է ընդհանուր մանկաբուժության և մանկական նեֆրոլոգիայի ոլորտում։ Ուսումնասիրել է մոլեկուլյար կենսաբանություն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։ Այնուհետև, նախքան USC-ի Կեք բժշկական դպրոցում բժշկական կրթություն ստանալը, երկու տարի զբաղվել է առողջապահական ծառայությունների հետազոտություններով։ CHLA-ում ընդհանուր մանկաբուժության ռեզիդենտուրան ավարտելուց հետո նա անցել է մանկական նեֆրոլոգիայի կլինիկական օրդինատուրա Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցում՝ միաժամանակ ստանալով կլինիկական համաճարակաբանության մագիստրոսի աստիճան Պենսիլվանիայի համալսարանից։ Նա ուրախ է աշխատել CHLA-ի պացիենտների և նրանց ընտանիքների հետ, մասնակցում է ընդհանուր նեֆրոլոգիական, դիալիզի և երիկամի փոխպատվաստման պացիենտների խնամքին։ Բժիշկ Բրավոն հատուկ հետաքրքրություն ունի օնկոնեֆրոլոգիայի, երիկամների քրոնիկ հիվանդության և երիկամների սուր վնասման հանդեպ։ Նա ստացել է «To-Morrow's Research Fund St. Baldrick's Foundation Scholar» մրցանակը և «The Saban Research Institute Research Career Development» մրցանակը։ Նա հույս ունի իրականացնել այնպիսի հետազոտություններ, որոնք ի վերջո կբարելավեն մանկական քաղցկեղից առողջացածների երիկամների առողջական վիճակը։
Բժ․ Սոֆի Վալերիի Սարինյան
Սոֆի Վալերիի Սարինյանը մանկական նեֆրոլոգ է, «Արաբկիր» Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի նեֆրոլոգիական բաժանմունքի ղեկավար։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը, այնուհետև անցել է օրդինատուրա ընդհանուր մանկաբուժության և մանկական նեֆրոլոգիայի մասնագիտություններով։ 2012–2018 թվականներին դասավանդել է ԵՊԲՀ- «Մանկաբուժություն» ամբիոնում՝ որպես ասիստենտ՝ համատեղելով մանկական նեֆրոլոգի կլինիկական գործունեության հետ։ Դոկտոր Սարինյանը մասնագիտացված վերապատրաստումներ է անցել Բելգիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Իսպանիայի առաջատար համալսարանական կենտրոններում, ինչպես նաև մասնակցել է մանկական նեֆրոլոգիայի միջազգային կրթական ծրագրերի և գիտաժողովների։ 2021 թվականին աշխատել է որպես մանկական նեֆրոլոգ Գերմանիայի Կոբուրգի համալսարանական մանկական կլինիկայում։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են մանկական երիկամային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը, քրոնիկական երիկամային հիվանդությունների վարումը և մանկական նեֆրոլոգիայի ժամանակակից կլինիկական մոտեցումների ներդրումը։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։