Ապացուցահեն բժշկություն
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Հստակ հարց ձևակերպել (առաջնորդվելով PICO մոդելով), որը վերաբերվում է իրենց բժշկական պրակտիկային
- Սահմանել և բացատրել կողմնակալության դերը ապացույցների վրա հիմնված բուրգի գոնե մեկ ուսումնասիրության տեսակի մեջ
- Անվանել տեղեկատվության աղբյուրը և նշել, թե ինչպես է այն ազդում ապացուցահեն բժշկության վրա
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև առողջապահական այլ ծառայություններ մատուցողների և ոլորտի կազմակերպիչների համար:
Դասընթացի նկարագրություն
Այն նախատեսված է առողջապահության ոլորտով զբաղվող մասնագետների համար, ովքեր կարող են զգալի օգտվել՝ կիրառելով ապացուցահեն բժշկությունը իրենց պրակտիկայում։ Բժիշկներն ու առողջապահության ոլորտով զբաղվող մասնագետներն ամբողջ աշխարհում ջանք չեն խնայում՝ փորձելով տեղեկացված լինել արդի ապացույցներին և դրանց կիրառման փոփոխություններին, միևնույն ժամանակ աշխատելով գործանրաբեռնված ռեժիմով և բավարար ժամանակ պացիենտներին տրամադրելով։ Այս պայքարում հայ բժիշկները ևս բացառություն չեն և նրանց համար ևս չափազանց օգտակար կլինի ապացուցահեն բժշկությունը իրենց ամենօրյա պրակտիկայում կիրառելը։ Ապացուցահեն բժշկությունը «յուրաքանչյուր պացիենտի խնամքի վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով առկա լավագույն տվյալների բարեխիղճ, հստակ և խելամիտ կիրառումն է»։ Ավելի լավ պատկերացում կազմելու համար, թե ինչ է ապացուցահեն բժշկությունը, կարելի է այն դիտարկել հակառակ կողմից։ Ապացուցահեն բժշկությունը փորձագիտական բժշկության հակառակ ուղղվածությունն է։ Առկա ուղեցույցները անգիր սովորելու ու դրանք մեխանիկորեն կիրառելու փոխարեն ապացուցահեն բժշկությունը կենտրոնանում է բժշկի և պացիենտի որոշումներ կայացնելու ընթացքում արտաքին ու ներքին գործոնների վրա։ Կանոնավոր կերպով հարցադրումներ անելով, ապացույցները հավաքագրելով, գնահատելով և իրենց պրակտիկայի մեջ դրանք կիրառելով՝ հայ բժիշկները հնարավորություն կունենան կրճատել ապացույցների և դրանք իրական կյանքում կիրառելու խոչընդոտները ու ընդհանուր առմամբ բարելավվել խնամքն իրականցնելու գործընթացը։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Լին Քիշ, MLIS, MPP
Լին Քիշը ավելի քան տասնամյա փորձով բժշկագիտական գրադարանավար է, որը ներառում է աշխատանք ակադեմիական միջավայրում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, իսկ կլինիկական միջավայրում որպես միակ գրադարանավար Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում (CHLA): Նա ստացել է Գրադարանային և տեղեկատվական գիտությունների մագիստրոսի աստիճան Կալիֆորնիայի համալսարանից (UCLA) 2012 թվականին և Հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճան նույն հաստատությունից 2020 թվականին: Ներկայում Լինը Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղի Բլեյսդել բժշկական գրադարանի ղեկավարն է, որտեղ նա կառավարում է գրադարանի ռազմավարությունը, ռեսուրսները և ծառայությունները, որոնք աջակցում են կրթությանը, հետազոտություններին և կլինիկական աշխատանքին Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղում, ներառյալ դրա բժշկական դպրոցը և Բեթի Այրին Մուրի բուժքույրական դպրոցը: Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են ապացույցների սինթեզի որակի բարելավումը, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կլինիկական ինֆորմատիկայի ուսուցմանը նպաստելը և կլինիցիստների բարեկեցության խթանումը՝ կրթության և պրակտիկայի մեջ արվեստի և հումանիտար գիտությունների ներառման միջոցով: