Փոդքասթ - Սկրինինգներ և սրտի աղմուկներ

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝

  • Սահմանել անվտանգ աղմուկը
  • Թվարկել անվտանգ աղմուկների չորս հիմնական կատեգորիաները
  • Սովորել սկզբնական հետազոտության մասին և թե երբ ուղեգրել նեղ մասնագետների մոտ
  • Ուշադրություն դարձնել այն անամնեստիկ տվյալներին, որոնք կխոսեն ՍԲԱ բարձր ռիսկի մասին
  • Կատարել բոլոր անհրաժեշտ սկրինինգները
  • Որոշ չափով տարբերակել սրտի անվտանգ(ֆունկցիոնալ) և վտանգավոր(ախտաբանական) աղմուկները
  • Տարբերակել, թե որ դեպքերում է անհրաժեշտ երեխային ուղեգրել մանկական սրտաբանի և որ դեպքում՝ ոչ
  • Ճիշտ խորհուրդներ տալ առողջ ապրելակերպի վերաբերյալ

Թիրախային լսարան

Փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական սրտաբանների, սրտաբանների և նեոնատոլոգների համար:

Դասընթացի նկարագրություն

Այս փոդքասթի առաջին մասում բժիշկ Էյալ Բեն Այզեքը հարցազրույց է վարում մանկական սրտաբան բժիշկ Ջոնաթան Ունիատի հետ՝ պարզաբանելու երեխաների մոտ անվտանգ սրտային աղմուկների բնույթը։ Բժիշկ Ունիատը սահմանում է այս բարորակ աղմուկները, տարբերակում դրանք ախտաբանական աղմուկներից և դասակարգում չորս հիմնական տեսակ՝ Սթիլի աղմուկ, թոքային հոսքի աղմուկ, երակային գվվոց և վերանրակային կամ քնային զարկերակի աղմուկ։ Նա ներկայացնում է դրանց բնորոշ դրսևորումները, աուսկուլտացիայի արդյունքները և քննարկում աղմուկների սկզբնական հետազոտության գործընթացը, ներառյալ անամնեզի հավաքումը, օբյեկտիվ զննումը և հետագա հետազոտությունների անհրաժեշտության ցուցումները։ Բացի այդ, նա ուղեցույցներ է տրամադրում, թե երբ է անհրաժեշտ երեխային ուղեգրել մանկական սրտաբանի մոտ։

Փոդքասթի երկրորդ մասում մենք զրուցում ենք մանկական սրտաբան բժիշկ Հասմիկ Մինասյանի հետ սրտի բնածին արատների սկրինինգների, սրտային աղմուկների տարբերակման և երեխաների սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերի մասին։ Նա ընդգծում է մանրակրկիտ անամնեզի հավաքման, համապատասխան սկրինինգների անցկացման և ուղեգրման ցուցումների կարևորությունը։ Բացի այդ, քննարկվում է առողջ ապրելակերպի դերը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերի նվազեցման և երկարաժամկետ սրտի առողջության պահպանման գործում, ինչը նպաստում է ավելի առողջ հասարակության ձևավորմանը։

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։

Բժ․ Ջոնաթան Ունիատ

Բժ․ Ջոնաթան Ունիատ

Ջոնաթան Ունիատը մանկական սրտաբան և էլեկտրաֆիզիոլոգ է, ով աշխատում է որպես պրոֆեսոր Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Նա ստացել է իր բժշկական կրթությունը Լոմա Լինդայի համալսարանի բժշկական դպրոցում, այնուհետև շարունակել է կլինիկական օրդինատուրան, ֆելլոուշիփը և առաջադեմ էլեկտրաֆիզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Դոկտոր Ունիատի հետազոտական հետաքրքրությունները ներառում են հետվիրահատական առիթմիաները և իոնային անցուղիների գենետիկական խանգարումները:

Բժ․ Հասմիկ Մինասյան

Բժ․ Հասմիկ Մինասյան

Հասմիկ Մինասյանը մանկական սրտաբան է, Հ ԱՆ խորհրդական մանկական սրտաբանության գծով, ով մասնագիտացել է նորածինների և մանկական սրտաբանության ոլորտում։ Նա ստացել է իր բժշկական կրթությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնուհետև շարունակել է կլինիկական օրդինատուրան «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, «Վարդանանց» ԲԿ-ում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» ԲԿ-ներում՝ որպես մանկական սրտաբան և խորհրդատու։ Նա նաև միջազգային փորձ ունի, մասնավորապես՝ 2024 թվականին որպես կամավոր աշխատել է Իրաքի Imam Zain Abedin հիվանդանոցում՝ սրտի բնածին արատով երեխաների հետվիրահատական ինտենսիվ թերապիայի թիմում։ Բժշկական կրթության և պրակտիկայի ընթացքում Հասմիկ Մինասյանը շարունակաբար մասնակցել է միջազգային վերապատրաստումների և գիտաժողովների՝ ձեռք բերելով նոր հմտություններ սրտի բնածին արատների ախտորոշման և բուժման ոլորտում։ Նա վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Իտալիայի և այլ երկրների առաջատար բժշկական կենտրոններում՝ ուսումնասիրելով սրտի վիրահատված երեխաների ինտենսիվ բուժման արդի մեթոդները։ Նա ունի Speckle Tracking Advanced Echocardiography հետազոտություն իրականացնելու փորձ, ինչը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ գնահատել սրտի աշխատանքի խանգարումները։ Բացի իր կլինիկական գործունեությունից, Հասմիկ Մինասյանը ակտիվորեն ներգրավված է գիտական աշխատանքներում և բժշկական կոնֆերանսներում՝ ներկայացնելով հետազոտություններ սրտի վիրահատական միջամտությունների և ախտորոշման նորարարական մեթոդների վերաբերյալ։ Նրա աշխատանքները ներառում են «Ֆոնտեն և Կավաշիմա վիրահատության արդյունքները Հայաստանում» և «Աորտայի Ա տիպի շերտազատման սեռային տարբերություններ» թեմաներով հետազոտությունները։