Հռիփսիմե Ապրեսյանը մանկաբույժ-ինֆեկցիոնիստ է՝ ավելի քան 20 տարվա կլինիկական և ակադեմիական փորձով։ Նա ավարտել է ԵՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետը 2000 թվականին, այնուհետև շարունակել է ուսումը ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական օրդինատուրայում։ Վերապատրաստվել է Մինսկի Պետական Բժշկական Համալսարանում, ինչպես նաև անցել է վերամասնագիտացում գաստրոսկոպիայի ոլորտում։ Ուսանողական տարիներից նա առանձնացել է իր նվիրվածությամբ՝ հետագայում համատեղելով բժշկական գործը գիտական ու մանկավարժական գործունեության հետ։ Բժ․ Ապրեսյանը աշխատել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որպես մանկաբույժ-ինֆեկցիոնիստ, գաստրոսկոպիստ և բաժանմունքի վարիչ։ Նա եղել է դասախոս «Հայբուսակ» համալսարանում, Ավանդական բժշկության համալսարանում և ԵՊԲՀ-ում։ 2020 թվականից ղեկավարում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքը, իսկ 2022-ից հանդիսանում է նույն հաստատության գլխավոր բժիշկ։ Նրա գործունեությունը ներառում է մասնակցություն մի շարք միջազգային առողջապահական ծրագրերում՝ համագործակցելով ԱՀԿ-ի, ՀՎԿԱԿ-ի, UNICEF-ի և ԱՄՆ Վտանգների նվազեցման գործակալության հետ։ Բժշկուհի Ապրեսյանը հանդիսանում է 64 գիտական աշխատանքի, 2 ուսումնական ձեռնարկի և 1 մեթոդական ուղեցույցի համահեղինակ։ Նա բազմիցս պարգևատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։