The OPEN minute newsletter / Պատանեկան իդիոպաթիկ սկոլիոզ
Յունիս 14, 2023

Պատանեկան իդիոպաթիկ սկոլիոզ

Ակտուալություն

Ողնաշարի դեֆորմացիաները ամենահաճախ պատճառներից է, որի կապակցությամբ ծնողները դիմում են մանկական օրթոպեդի։ Խնդրի վերաբերյալ կան տարիների ընթացքում  սխալ ձևավորված բազմաթիվ կարծրատիպեր և պատկերացումներ, որոնք մինչ օրս շարունակում են դասավանդվել դասագրքերում և քարոզվել ոչ մասնագետների կողմից։

Տեսակներ

Կան սկոլիոզի մի քանի տեսակներ, օրինակ՝ բնածին, որը կապված է ողնաշարի և ողերի սխալ ձևավորման հետ, սկոլիոզներ, որոնք առաջանում են այլ հիվանդության պատճառով (սիմպտոմատիկ), դրանք հիմնականում նյարդամկանային հիվանդությունների հետևանք են։ Սակայն առավել տարածված տեսակն է իդիոպաթիկ պատանեկան սկոլիոզը։ Այն առավելապես առաջանում է աղջիկների մոտ, հիմնականում՝ դեռահասության տարիքում։
Այն դեպքերում, երբ անոմալ նյարդաբանական շեղումների կասկածներ կան, լրացուցիչ ախտորոշիչ տեղեկատվություն ստանալը կարևոր է: Սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ ողնաշարի անոմալիաների հավանականությունը բարձր է, օրինակ՝ ողնաշարի ձախակողմյան մեծ կորությունը կամ սիմպտոմատիկ սկոլիոզը: Այս դեպքերում ՄՌՏ-ն կարող է արժեքավոր տեղեկատվություն տրամադրել արդյունավետ բուժման պլանավորման համար:

Պատճառ և մեխանիզմ

Այս խնդրի էթիոլոգիան հայտնի չէ, այդ իսկ պատճառով այն կոչվում է իդիոպաթիկ (ICD10 M41.1)։ Սակայն հայտնի են այս հիվանդության առաջացման մեխանիզմները։ Դա ողի հետին և առաջային հատվածներում աճի գոտիներում անհավասարաչափ և ոչ բնականոն աճն է, ինչի հետևանքով տեղի է ունենում ամբողջ ողնաշարի ձևախախտումը։

Կոնսերվատիվ բուժում

Հիվանդության բուժումը իրականացվում է ըստ հիվանդության զարգացման հայտնի մեխանիզմի։ Քանի որ հիվանդությունը կապված է ողի սխալ աճի հետ, կարևոր է իմանալ՝ երեխան դեռ աճ ունի, թե ոչ։ Դա հայտնաբերվում է անամնեզից (երկրորդային սեռական հատկանիշների առաջացում, դաշտան, ծնողի հասակ և այլն) և ոսկրային տարիքից, որը հայտնաբերվում է ռենտգենաբանական հատկանիշներով։ Բացի այդ, այն կլինիկական նշաները, որոնք պայմանավորում են սեռական հասունացման փուլը, կարող են օգտակար լինել մնացած աճը որոշելու համար: Եթե դեռ երեխան աճելու է, և անկյունը կազմում է 20 աստիճանից պակաս, ապա սահմանվում է հսկողություն 4-ից 6 ամիսը մեկ։ Հերթական  հանդիպման ժամանակ կլինիկորեն (կողային կուզի բարձրությունը և բալանսը) և ռենտգենաբանորեն գնահատվում է շեղումը։ Եթե այն խորանում և դառնում է 20 աստիճանից ավելի, ապա միակ ապացուցված բուժման մեթոդը կորսետավորումն է։

Կորսետ

Երեխան աճում է օրը 24 ժամ, հետևաբար կորսետը ցուցված է կրել գրեթե նույն ժամանակը (օրը 22-23 ժամ), որպեսզի հնարավոր լինի ազդել աճի վրա։ Առանց կորսետի մի քանի ժամը հիվանդին տրամադրվում է հիգիենիկ միջոցառումների և սպորտային ակտիվության համար։
Կարևոր է իմանալ, որ կորսետի հիմնական դերը հիվանդության խորացումը կանխելն է կամ դանդաղեցնելը։ Եթե հաջողվում է կորսետով պահպանել կորությունը մինչև 40 աստիճան, ապա հայտնի է, որ աճի ավարտից հետո այդ կորությունը այլևս չի խորանում և հետագայում որևէ այլ բուժմում չի պահանջում։

Վիրահատական բուժում

Հակառակ դեպքում, եթե կորությունը աճի ավարտին դառնում է 40 և ավելի աստիճան, ապա նույնիսկ աճի ավարտից հետո այդ շեղումը հակված է խորանալուն։ Այս դեպքում արդեն ցուցված է լինում վիրահատական բուժումը։ Վիրահատության ժամանակ հնարավոր է որոշ չափով ուղղել կորությունը, բայց հիմնական իմաստը կայանում է նրանում, որ ողնաշարի մեջ դրվում են պտուտակներ, որոնք, միանալով մետաղական ձողերով, անշարժացնում են ողնաշարի դեֆորմացված հատվածը։ Այս վիրահատությամբ կանխվում է հետագա խորացումը։

Սխալ պատկերացումներ

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է անդրադառնալ սկոլիոզի շուրջը ձևավորված սխալ պատկերացումներին։ Ողնաշարի շեղումը չի առաջանում կենցաղային պայմաններից, (սխալ պայուսակ կրելուց, թեք նստելուց կամ սխալ տեղ քնելուց)։ Ինչպես նաև հնարավոր չէ ազդել կամ շտկել ողի աճը (որը շարունակվում է օրը 24ժամ) մերսումներով կամ վարժություններով։

Կանխարգելում / ժամանակին հայտնաբերում

Իդիոպաթիկ սկոլիոզը կանխարգելել հնարավոր չէ, քանի որ հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն։ Այս դեպքում առաջնային նպատակը դառնում է հիվանդությունը շուտ հայտնաբերելը։ Բացի ողնաշարի Տ-ձև դեֆորմացիայից տեղի է ուենում նաև ողի պտույտ իր առանցքի շուրջ, ինչի հետևանքով ողնաշարի մեկ կողմից առաջանում է կուզ։ Այն նկատելի է դառնում, երբ երեխան, կանգնած ուղիղ ոտքերով, թեքվում է  առաջ (Ադամի թեստ)։ Սկոլիոզի առաջացման անգամ սկզբնական շրջանում հնարավոր է նկատել աջ և ձախ կեսերի միջև մակարդակների տարբերությունը։ Այս թեստը հեշտ կարելի է իրականացնել առանց լրացուցիչ սարքավորումների, ինքնուրույն և տան պայմաններում։ Հայտնի է, որ այն առաջանում է արագ աճի ժամանակ՝ հիմնականում 10 տարեկանին մոտ, և դեպքերի ճնշող մեծամասնությամբ այն առաջանում է աղջիկների մոտ։ Այդ իսկ պատճառով հատկապես խորհուրդ  է տրվում աղջիկների ծնողներին բացատրել այս հետազոտման մեթոդը։ Որից հետո իրենք տան պայմաններում, ինքնուրույն պարբերաբար կարող են հետևել իրենց երեխային մինչև աճի ավարտը, իսկ առաջին նշանները հայտնաբերելու դեպքում ժամանակին դիմեն նեղ մասնագետի։
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Դավիթ Սեկոյան, մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, «Վիգմոր» Բժշկական կենտրոն

Հղումներ
  1. Haefeli, M., & Min, K. (2008).Idiopathic scoliosis. In: Boos, N., & Aebi, M. (Eds.), Spinal disorders (pp. 623-662). Springer. https://doi.org/10.1007/978-3-540-69091-7_23
  2. Hefti, F., & Hasler, C. (2015). Pediatric orthopedics in practice. Springer. https://doi.org/10.1007/978-3-662-46810-4_4
  3. Newton, P.D., & Wenger, D.R. (2006). Idiopathic scoliosis. In: Morrissy, R.T., & Weinstein, S.L. (Eds.),  Lovell and Winter’s pediatric orthopaedics (pp. 693-780). Lippincott Williams & Wilkins.
  4. Richards, B.S., Sucato, D.J., & Johnston, C.E. (2021). Scoliosis. In: Herring, J.A. (Ed.), Tachdjian’s pediatric orthopaedics (pp. 132-252). Elsevier.
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" indicates required fields