Կորոնավիրուսային հիվանդությունը հարուցվում է SARS-CoV-2 վարակով: Չնայած երեխաների շրջանում հիվանդության ավելի թեթև ընթացքին, այս հիվանդության հետագա հնարավոր վտանգները հիմնականում դեռևս անհայտ են հատկապես նորածինների շրջանում: Առկա տվյալները ցույց են տալիս, որ նորածինների շրջանում ծանր հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում, քան ավելի մեծ երեխաների մոտ: Համաձայն CDC[1]-ի վերջին հրապարակումների, SARS-CoV-2-ի գաղտնի շրջանը երեխաների և մեծահասակների շրջանում գրեթե նույնն է՝ 2-14 օր: Երեխաների շրջանում նույնպես հիմնական կլինիկական նշաններն են տենդը, թուլությունը, գլխացավը, մկանացավը, հազը, քթահոսությունը, հնարավոր է որովայնացավ, փսխումներ, դիարեա, ախորժակի անկում, համի և հոտառության կորուստ։
2020-2021թթ. ընթացքում մեր կլինիկայում հոսպիտալացվել են ավելի քան 200 նորածիններ՝ դրական Covid19 PCR թեստով։ Ամենատարածված ախտանշաններն էին ջերմությունը, հազը, կատարալ նշանները, փսխումը, ախորժակի բացակայությունը և թուլությունը: 74,2%-ի մոտ ախտորոշվել է նազոֆարինգիտ, 13,6%-ը՝ բրոնխիոլիտ, 10,6%-ը՝ թոքաբորբ և 1,5%-ը՝ էնտերոկոլիտ: Չնայած հոսպիտալացված դեպքերի մեծ մասը եղել են թեթև կամ միջին ծանրության, նորածինների շրջանում գրանցվել է իշեմիկ ինսուլտի 3 դեպք, ծանր թրոմբոցիտոպենիայի 2 դեպք, ռեակտիվ թրոմբոցիտոզի դեպքեր: Նորածինների շրջանում Covid19-ի կլինիկական բնութագրերի վերաբերյալ մեր կլինիկայի տվյալները նույնական են միջազգային տվյալներին, այն է՝ մահացության մակարդակը շատ ցածր է այս տարիքային խմբում։ Չնայած ինտենսիվ հետազոտություններին, դեռևս անհասկանալի է, թե ինչու են նորածինները հիմնականում ունենում մեղմ ախտանիշներ և մահացության ավելի ցածր մակարդակ: Այնուամենայնիվ, մի քանի ծանր դեպքերը ցուցում են Covid 19-ով վարակված այս տարիքային խմբի հիվանդների հետագա մշտադիտարկման անհրաժեշտությունը։
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Անահիտ Գրիգորյան, Մանկաբուժության թիվ 1 ամբիոն, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց