Տակաշորային մաշկաբորբը ոչ սպեցիֆիկ տերմին է։ Այն ներառում է մաշկի բորբոքային խնդիրներ, որոնք զարգանում են տակաշորով ծածկված հատվածում:
Իրիտանտ կոնտակտային դերմատիտը տակաշորային դերմատիտի ամենահաճախ հանդիպող ձևն է: Տվյալ տեղեկագրում այս երկու տերմինները կիրառվելու են որպես հոմանիշ:
Իրիտանտ կոնտակտային դերմատիտը մաշկի եղջերային շերտի ամբողջականության խախտման և հետագա բորբոքման հետևանք է: Որոշ գործոններ նպաստում են տակաշորային դերմատիտի ժամանակ մաշկային պատնեշի ֆունկցիայի խատարմանը։ Այս գործոնները ներառում են մակերեսների շփումը, խոնավությունը, pH-ի բարձրացումը, կղանքի և մեզի ֆերմենտային ակտիվությունը: Եղջերային շերտի թթվային pH-ը կարևոր է թափանցելիության պատնեշը և մաշկի հակամանրէային պաշտպանությունը պահպանելու համար:
Իրիտանտ կոնտակտային դերմատիտի ժամանակ տակաշորի տակ pH-ի մակարդակը բարձրանում է: Այս աճը նկատվում է ֆեկալ բակտերիաների կողմից արտադրվող ուրեազ ֆերմենտի մեզի հետ փոխազդեցության պատճառով:
Բարձր pH-ը խթանում է կղանքի պրոտեազի և լիպազի ակտիվացումը: Այս ֆերմենտներն ուղղակիորեն վնասում են մաշկը, ինչի արդյունքում առաջանում է մաշկի բորբոքային ռեակցիա: pH մակարդակի բարձրացումը փոխում է նաև մաշկի միկրոբիոմը, որի հետևանքով մաշկը ավելի հակված է որոշ օրգանիզմների կողմից գաղութացման (օրինակ՝ Staphylococcus aureus, Streptococcus pyogenes, Candida albicans):
Տակաշորային դերմատիտի ռիսկի գործոններն են.
- Տակաշորի հազվադեպ փոփոխություն,
- Մաշկի շարունակական գրգռում փորլուծության կամ կղանքի հետ երկար կոնտակտի պատճառով,
- Լայն սպեկտրի հակաբիոտիկների օգտագործում:
Իրիտանտ կոնտակտային դերմատիտի ծանրությունը կարող է տատանվել նվազագույն մացերացիայով թույլ էրիթեմայից և շփաբորբից մինչև ծանր բորբոքում` տարածուն փայլուն էրիթեմատոզ մակերեսներ պատված ցավոտ պապուլներով, հանգույցներով և էրոզիաներով:
Տակաշորային դերմատիտը սովորաբար էպիզոդիկ է: Դասական բուժվող մեղմ կամ չափավոր ծանրության տակաշորային դերմատիտի դրվագները միջինում տևում են երկուսից երեք օր: Բուժում իրականացնելու դեպքում ցանի պահպանումը երեք օրից ավելի պետք է կասկած հարուցի C. albicans-ով երկրորդային վարակի մասին:
Երեք օրից ավելի չբուժված դեպքերը կարող են երկրորդային ինֆեկցվել C. albicans-ով կամ ավելի հազվադեպ՝ S. aureus, S. pyogenes կամ herpes simplex վիրուսով:
Լավագույն ախտորոշիչ չափանիշը ցանի տեղայնացումն է: Երկրորդային վարակի բացակայության դեպքում ցանը առաջանում է ուռուցիկ մակերեսներին և չի ախտահարում մաշկի ծալքերը։ Ցանի ծայրամասում մանր պապուլների և թարախակալումների հայտնվելը և ծալքերի ներգրավումը բնորոշ է candida սուպերինֆեկցիային:
Բուժում
Ամենակարևոր ասպեկտը Իրիտանտ կոնտակտային դերմատիտի կանխարգելումն է ծնողների/խնամակալների կրթության միջոցով:
Կանխարգելման միջոցառումները ներառում են.
- Հաճախակի տակաշորի փոփոխություն
- տակաշորային շրջանի մաքրում օճառ չպարունակող լվացող միջոցով և հոսող ջրով
- բարյերային քսուքների կիրառում (օրինակ՝ ցինկի օքսիդ, պետրոլատում, լանոլին)։
Թեթև և չափավոր ծանրության իրիտանտ կոնտակտային դերմատիտի բուժում.
- Կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանում
- Գրգռիչ գործոնների վերացում (շփում, խոնավություն)
- Պատնեշային քսուքների կիրառում ամեն տակաշորը փոխելիս
- Առանց տակաշորի ժամանակահատվածների ապահովում։
Ծանր իրիտանտ կոնտակտային դերմատիտի բուժում.
- Տեղային թույլ կորտիկոստերոիդներ (օրինակ՝ 1% հիդրոկորտիզոն):
- Տեղական կորտիկոստերոիդները կիրառվում են օրական 2 անգամ՝ մինչև 7 օր, պատնեշային քսուքների հետ միաժամանակ: Պատնեշային քսուքները պետք է քսվեն դեղամիջոցից հետո’ ներծծումը չխափանելու համար:
- Պետք է խուսափել ուժեղ կամ ֆտորացված կորտիկոստերոիդներից տակաշորի հատվածում, քանի որ օկլյուզիան խթանում է համակարգային ներծծում և կարող է հանգեցնել ադրենալ ճնշման և յատրոգեն Քուշինգի համախտանիշի:
- Երկրորդային C. albicans վարակի դեպքում հակասնկային միջոցները, ինչպիսիք են նիստատինը, կլոտրիմազոլը, կետոկոնազոլը, արդյունավետ տեղային թերապիաներ են: Հակասնկայինները սովորաբար կիրառվում են օրական երկու անգամ, 2 շաբաթվա ընթացքում:
- Շուկայում առկա համակցված քսուքները սովորաբար պարունակում են տեղական կորտիկոստերոիդներ, որոնք չափազանց հզոր են: Սա կարող է առաջացնել կորտիկոստերոիդների անցանկալի կողմնակի ազդեցություններ (մաշկի ատրոֆիա և մակերիկամների ճնշում)
- Երկրորդային բակտերիալ վարակի դեպքում կարելի է օգտագործվել տեղային կամ համակարգային հակաբիոտիկներ: Տեղայնացված, թեթև ստաֆիլոկոկային վարակները կարող են բուժվել տեղական մուպիրոցինով, որը կիրառվում է մինչև 7 օր, օրական երկու անգամ: Նեոմիցին կամ բացիտրացին պարունակող քսուքները կարող են առաջացնել ալերգիկ կոնտակտային դերմատիտ, հետևաբար պետք է խուսափել տվյալ դեղամիջոցների կիրառումից տակաշորային շրջանում:
Պերիանալ ստրեպտոկոկային դերմատը և ծանր բակտերիալ վարակները բուժվում են համակարգային հակաբիոտիկներով: Փոշիները, ինչպիսին է տալկը (Присыпка), շնչառության համար զգալի վտանգ են ներկայացնում ներշնչելու դեպքում, և պետք է խուսափել տալկի կիրառումից:
Ամփոփում
Ինչ անել.
- տակաշորի հաճախակի փոփոխություն
- առանց տակաշորի ժամանակահատվածների ապահովում
- մաշկի նուրբ մաքրում
- տեղային պատնեշային քսուքների կամ նրբաքսուքների կիրառում
- թույլ, ոչ հալոգենացված տեղական կորտիկոստերոիդներ, ինչպիսիք են
- 1% հիդրոկորտիզոնը (խիստ բորբոքված իրիտանտ տակաշորային դերմատիտի դեպքում)։
Ինչ չանել.
- Հզոր կամ ֆտորացված կորտիկոստերոիդներ
- փոշիներ, ինչպիսիք են տալկը
- Տեղային դեղամիջոցներ գգռող կամ ալերգիկ պոտենցիալով (դեղորայք, որոնք պարունակում են պարֆյումներ, կոնսերվանտներ, նեոմիցին, բացիտրացին)
- Համակցված տեղական կորտիկոստերոիդներ և հակասնկային քսուքներ։
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
Հարգանքով՝
Արմինե Ադիլխանյան, մանկական մաշկաբան, «ԱրԲեՍ» ԱԿ