The OPEN minute newsletter / Տակաշորային դերմատիտ
Մայիս 29, 2023

Տակաշորային դերմատիտ

Տակաշորային մաշկաբորբը ոչ սպեցիֆիկ տերմին է։ Այն ներառում է մաշկի բորբոքային խնդիրներ, որոնք զարգանում են տակաշորով ծածկված հատվածում:
Իրիտանտ կոնտակտային դերմատիտը տակաշորային դերմատիտի ամենահաճախ հանդիպող ձևն է: Տվյալ տեղեկագրում այս երկու տերմինները կիրառվելու են որպես հոմանիշ:

Իրիտանտ կոնտակտային դերմատիտը մաշկի եղջերային շերտի ամբողջականության  խախտման և հետագա բորբոքման հետևանք է: Որոշ գործոններ նպաստում են տակաշորային դերմատիտի ժամանակ մաշկային պատնեշի ֆունկցիայի խատարմանը։ Այս գործոնները ներառում են մակերեսների շփումը, խոնավությունը, pH-ի բարձրացումը, կղանքի և մեզի ֆերմենտային ակտիվությունը: Եղջերային շերտի թթվային pH-ը կարևոր է թափանցելիության պատնեշը և մաշկի հակամանրէային պաշտպանությունը պահպանելու համար:

Իրիտանտ կոնտակտային դերմատիտի ժամանակ տակաշորի տակ pH-ի մակարդակը բարձրանում է: Այս աճը նկատվում է ֆեկալ բակտերիաների կողմից արտադրվող ուրեազ ֆերմենտի մեզի հետ փոխազդեցության պատճառով:
Բարձր pH-ը խթանում է կղանքի պրոտեազի և լիպազի ակտիվացումը: Այս ֆերմենտներն ուղղակիորեն վնասում են մաշկը, ինչի արդյունքում առաջանում է մաշկի բորբոքային ռեակցիա: pH մակարդակի բարձրացումը փոխում է նաև մաշկի միկրոբիոմը, որի հետևանքով մաշկը ավելի հակված է որոշ օրգանիզմների կողմից գաղութացման (օրինակ՝ Staphylococcus aureus, Streptococcus pyogenes, Candida albicans):

Տակաշորային դերմատիտի ռիսկի գործոններն են.

  • Տակաշորի հազվադեպ փոփոխություն,
  • Մաշկի շարունակական գրգռում փորլուծության կամ կղանքի հետ երկար կոնտակտի պատճառով,
  •  Լայն սպեկտրի հակաբիոտիկների օգտագործում:

 

Իրիտանտ կոնտակտային դերմատիտի ծանրությունը կարող է տատանվել նվազագույն մացերացիայով  թույլ էրիթեմայից և շփաբորբից մինչև ծանր բորբոքում` տարածուն փայլուն էրիթեմատոզ մակերեսներ պատված ցավոտ պապուլներով, հանգույցներով և էրոզիաներով:

Տակաշորային դերմատիտը սովորաբար էպիզոդիկ է: Դասական բուժվող մեղմ կամ չափավոր ծանրության տակաշորային դերմատիտի դրվագները միջինում տևում են երկուսից երեք օր: Բուժում իրականացնելու դեպքում ցանի պահպանումը երեք օրից ավելի պետք է կասկած հարուցի C. albicans-ով երկրորդային վարակի մասին:

Երեք օրից ավելի չբուժված դեպքերը կարող են երկրորդային ինֆեկցվել C. albicans-ով կամ ավելի հազվադեպ՝ S. aureus, S. pyogenes կամ herpes simplex վիրուսով:
Լավագույն ախտորոշիչ չափանիշը ցանի տեղայնացումն է: Երկրորդային վարակի բացակայության դեպքում ցանը առաջանում է ուռուցիկ մակերեսներին և չի ախտահարում մաշկի ծալքերը։ Ցանի ծայրամասում մանր պապուլների և թարախակալումների հայտնվելը և  ծալքերի ներգրավումը բնորոշ է candida սուպերինֆեկցիային:

Բուժում

Ամենակարևոր ասպեկտը Իրիտանտ կոնտակտային դերմատիտի կանխարգելումն է ծնողների/խնամակալների կրթության միջոցով:

Կանխարգելման միջոցառումները ներառում են.

  • Հաճախակի տակաշորի փոփոխություն
  • տակաշորային շրջանի մաքրում օճառ չպարունակող լվացող միջոցով և հոսող ջրով
  • բարյերային քսուքների կիրառում (օրինակ՝ ցինկի օքսիդ, պետրոլատում, լանոլին)։

 

Թեթև և չափավոր ծանրության իրիտանտ կոնտակտային դերմատիտի բուժում.

  • Կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանում
  • Գրգռիչ գործոնների վերացում (շփում, խոնավություն)
  • Պատնեշային քսուքների կիրառում ամեն տակաշորը փոխելիս
  • Առանց տակաշորի ժամանակահատվածների ապահովում։

 

Ծանր իրիտանտ կոնտակտային դերմատիտի բուժում.

  • Տեղային թույլ կորտիկոստերոիդներ (օրինակ՝ 1% հիդրոկորտիզոն):
  • Տեղական կորտիկոստերոիդները կիրառվում են օրական 2 անգամ՝ մինչև 7 օր, պատնեշային քսուքների հետ միաժամանակ: Պատնեշային քսուքները պետք է քսվեն դեղամիջոցից հետո’  ներծծումը չխափանելու համար:
  • Պետք է խուսափել ուժեղ կամ ֆտորացված կորտիկոստերոիդներից տակաշորի հատվածում, քանի որ օկլյուզիան խթանում է համակարգային ներծծում և կարող է հանգեցնել ադրենալ ճնշման և յատրոգեն Քուշինգի համախտանիշի:
  • Երկրորդային C. albicans վարակի դեպքում հակասնկային միջոցները, ինչպիսիք են նիստատինը, կլոտրիմազոլը, կետոկոնազոլը, արդյունավետ տեղային թերապիաներ են: Հակասնկայինները սովորաբար կիրառվում են օրական երկու անգամ, 2 շաբաթվա ընթացքում:
  • Շուկայում առկա համակցված քսուքները սովորաբար պարունակում են տեղական կորտիկոստերոիդներ, որոնք չափազանց հզոր են: Սա կարող է առաջացնել կորտիկոստերոիդների անցանկալի կողմնակի ազդեցություններ (մաշկի ատրոֆիա և մակերիկամների ճնշում)
  • Երկրորդային բակտերիալ վարակի դեպքում կարելի է օգտագործվել տեղային կամ համակարգային հակաբիոտիկներ: Տեղայնացված, թեթև ստաֆիլոկոկային վարակները կարող են բուժվել տեղական մուպիրոցինով, որը կիրառվում է մինչև 7 օր, օրական երկու անգամ: Նեոմիցին կամ բացիտրացին պարունակող քսուքները կարող են առաջացնել ալերգիկ կոնտակտային դերմատիտ, հետևաբար պետք է խուսափել տվյալ դեղամիջոցների կիրառումից տակաշորային շրջանում:

 

Պերիանալ ստրեպտոկոկային դերմատը և ծանր բակտերիալ վարակները բուժվում են համակարգային հակաբիոտիկներով: Փոշիները, ինչպիսին է տալկը (Присыпка), շնչառության համար զգալի վտանգ են ներկայացնում ներշնչելու դեպքում, և պետք է խուսափել տալկի կիրառումից:

Ամփոփում

Ինչ անել.

  • տակաշորի հաճախակի փոփոխություն
  • առանց տակաշորի ժամանակահատվածների ապահովում
  • մաշկի նուրբ մաքրում
  • տեղային պատնեշային քսուքների կամ նրբաքսուքների կիրառում
  • թույլ, ոչ հալոգենացված տեղական կորտիկոստերոիդներ, ինչպիսիք են
  • 1% հիդրոկորտիզոնը (խիստ բորբոքված իրիտանտ տակաշորային դերմատիտի դեպքում)։

 

Ինչ չանել.

  • Հզոր կամ ֆտորացված կորտիկոստերոիդներ
  • փոշիներ, ինչպիսիք են տալկը
  • Տեղային դեղամիջոցներ գգռող կամ ալերգիկ պոտենցիալով (դեղորայք, որոնք պարունակում են պարֆյումներ, կոնսերվանտներ, նեոմիցին, բացիտրացին)
  • Համակցված տեղական կորտիկոստերոիդներ և հակասնկային քսուքներ։

 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Արմինե Ադիլխանյան, մանկական մաշկաբան, «ԱրԲեՍ» ԱԿ

Հղումներ
  •  Ali, S. M., & Yosipovitch, G. (2013). Skin pH: from basic science to basic skin care. Acta dermato-venereologica, 93(3), 261–267. https://doi.org/10.2340/00015555-1531
  • Atherton D. J. (2016). Understanding irritant napkin dermatitis. International journal of dermatology, 55 Suppl 1, 7–9. https://doi.org/10.1111/ijd.13334
  • Blume-Peytavi, U., & Kanti, V. (2018). Prevention and treatment of diaper dermatitis. Pediatric dermatology, 35 Suppl 1, s19–s23. https://doi.org/10.1111/pde.13495
  • Greenberg, H. L., Shwayder, T. A., Bieszk, N., & Fivenson, D. P. (2002). Clotrimazole/betamethasone diproprionate: a review of costs and complications in the treatment of common cutaneous fungal infections. Pediatric dermatology, 19(1), 78–81. https://doi.org/10.1046/j.1525-1470.2002.00027.x
  • Humphrey, S., Bergman, J. N., & Au, S. (2006). Practical management strategies for diaper dermatitis. Skin therapy letter, 11(7), 1–6.
  •  Klunk, C., Domingues, E., & Wiss, K. (2014). An update on diaper dermatitis. Clinics in dermatology, 32(4), 477–487. https://doi.org/10.1016/j.clindermatol.2014.02.003
  •  Ozon, A., Cetinkaya, S., Alikasifoglu, A., Gonc, E. N., Sen, Y., & Kandemir, N. (2007). Inappropriate use of potent topical glucocorticoids in infants. Journal of pediatric endocrinology & metabolism, 20(2), 219–225. https://doi.org/10.1515/jpem.2007.20.2.219
  • Semiz, S., Balci, Y. I., Ergin, S., Candemir, M., & Polat, A. (2008). Two cases of Cushing’s syndrome due to overuse of topical steroid in the diaper area. Pediatric dermatology, 25(5), 544–547. https://doi.org/10.1111/j.1525-1470.2008.00735.x
  • Stamatas, G. N., & Tierney, N. K. (2014). Diaper dermatitis: etiology, manifestations, prevention, and management. Pediatric dermatology, 31(1), 1–7. https://doi.org/10.1111/pde.12245
  •  Taudorf, E. H., Jemec, G. B. E., Hay, R. J., & Saunte, D. M. L. (2019). Cutaneous candidiasis – an evidence-based review of topical and systemic treatments to inform clinical practice. Journal of the European Academy of Dermatology and Venereology, 33(10), 1863–1873. https://doi.org/10.1111/jdv.15782
  • Wheat, C. M., Bickley, R. J., Hsueh, Y. H., & Cohen, B. A. (2017). Current Trends in the Use of Two Combination Antifungal/Corticosteroid Creams. The Journal of pediatrics, 186, 192–195.e1. https://doi.org/10.1016/j.jpeds.2017.03.031
  •  Yu, J., Treat, J., Chaney, K., & Brod, B. (2016). Potential Allergens in Disposable Diaper Wipes, Topical Diaper Preparations, and Disposable Diapers: Under-recognized Etiology of Pediatric Perineal Dermatitis. Dermatitis, 27(3), 110–118. https://doi.org/10.1097/DER.0000000000000177
OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" indicates required fields