The OPEN minute newsletter / Խալեր
Մայիս 17, 2023

Խալեր

Մելանոցիտար նևուսների մասին խոսելիս հիմնականում ներկայացվում  են հետևյալ թեմաները՝ բնածին և ձեռքբերովի մելանոցիտար նևուսներ (ՁՄՆ), Շպից և կապույտ նևուսներ, նևուս սպիլուս, հալո նևուս: Տվյալ տեղեկագրում խոսվելու է ձեռքբերովի և Շպից նևուսների մասին:

Հիմնականում ձեռքբերված նևուսները (խալերը) երեխաների մոտ անհանգստության պատճառ չեն հանդիսանում: Չարորակ նորագոյացությունները` ինչպիսին է մելանոման, չափազանց հազվադեպ են ախտորոշվում երեխաների մոտ, իսկ խալերի քանակի, գույնի և չափերի փոփոխությունները հաճախակի դիտվող երևույթներ են:

Անկախ հանդիպման հաճախականությունից, շատ կարևոր է վաղ ճանաչել կասկածելի գոյացությունները, քանի որ մելանոման հեշտ բուժվող գոյացություն է վաղ ախտորոշման դեպքում:

Ձեռքբերված մելանոցիտար գոյացությունների կլինիկական ընթացքը մեծահասակների մոտ տարբերվում է երեխաների մոտ դիտվող օրինաչափություններից` հատկապես կյանքի առաջին 10 տարիների ընթացքում և դեռահասության տարիքում: Տվյալ տարիքային խմբում դիտվող առանձնահատկությունների իմացությունը կօգնի խուսափել անցանկալի տագնապային իրավիճակներից և որոշել, թե երբ է անհրաժեշտ ուղղորդել պացիենտին մաշկաբանի խորհրդատվության:

Ցանկալի է զննել երեխայի ամբողջ մաշկը, քանի որ մեկ անձի մոտ նևուսների մեծամասնությունը դրսևորում են նմանատիպ ֆենոտիպային առանձնահատկություններ և կլինիկորեն նման են միմյանց: Տիպիկ տեսքից տարբերող նևուսները կոչվում են «անճոռնի ճուտիկներ» և պետք է զննվեն մաշկաբանի կողմից:

Երեխաների մոտ ձեռքբերված մելանոցիտար նևուսները ունենում են մոտ 1-5 մմ տրամագիծ: Ձեռքբերված նևուսների փոքր մասը կարող է ունենալ ավելի մեծ տրամագիծ: Նևուսի չափերի մեծացում կարող է դիտվել դեռահասության տարիքում: Այս աճը համաչափ է երեխայի աճին: Նմանատիպ փոփոխությունները բավարար չեն այս տարիքային խմբի երեխաների մոտ մելանոմայի կասկած առաջացնելու համար:

ՋՄՆ-ները հաճախ ունեն սև կամ շագանակագույն գունավորում: Երեխաների մոտ խալերը կարող են ժամանակի ընթացքում ձեռք բերել ավելի մուգ կամ բաց երանգ: Գույնի կամ չափի կտրուկ փոփոխությունների դեպքում ցանկալի է մաշկաբանի խորհրդատվություն:

Միջինում անձը դեռահասության շրջանի ավարտին կարող է ունենալ մոտ 20 ձեռքբերված նևուս: 50-ից ավելի նևուսների առկայության դպքում երեխան պետք է զննվի մաշկաբանի կողմից:

Սահմանային նևուսները կամ նևուսները, որոնցում մելանոցիտները տեղակայված են էպիդերմիսի մեջ, շոշափելի չեն: Եթե մելանոցիտար բները տեղակայված են դերմո-էպիդերմալ հպման գոտում (բարդ նևուսներ) կամ դերմայի մեջ (ինտրադերմալ նևուսներ), շոշափելի են և հիմնականում ունեն հարթ մակերես: Որոշ դեպքերում նմանատիպ նևուսնրի մակերեսը կարող է վնասվել: Խալի արյունահոսությունը կամ խոցոտումը տրավմայի պատմության բացակայության դեպքում պետք է մելանոմայի կասկած առաջացնի:

Վարդագույն, կարմիր կամ կարմրա-շագանակագույն գունավորումով մաշկի մակարդակից բարձր նևսները կարող են Շպից նևուս հանդիսանալ: Այս բարորակ գոյացությունները հաճախ դժվար է կլինիկորեն և հյուսվածաբանորեն տարբերել մելանոմայից: Շպից նևուսները հիմնականում հայտնվում են 10-ից 20 տարեկան հասակում, բայց կարող են նաև լինել բնածին: Գմբեթաձև մակերեսը կարող է արյունահոսել և պալպատոր անհարթ մակերես ունենալ: Շպից նևուս հիշեցնող գոյացությունները պետք է զննվեն մաշկաբանի կողմից: Այս գոյացությունների ախտորոշման համար կիրառելի է դերմատոսկոպիկ հետազոտություն:


Շպից նևուս
Պատկերը վերցված է Մարգուբի «Դերմատոսկոպիաձին հիմունքները» դասագրքից

Շպից նևուսի ախտորոշումը կարելի է հաստատել հյուսվածքաբանական քննության միջոցով: 12 տարեկանից ցածր տարիքային խմբում իրականացվում է Շպից նևուսների դերմատոսկոպիկ մոնիտորինգ: Շպից նևուսները արագ աճում են առաջին 6 ամսվա ընթացքում, մի քանի տարի կայունանում, այնուհետև սպոնտան հետաճում:


Պիգմենտավորված Շպից նևուս (Րիդ նևուս)
Պատկերը վերցված է Մարգուբի «Դերմատոսկոպիաձին հիմունքները» դասագրքից


Շպից նևուս
Պատկերը վերցված է Մարգուբի «Դերմատոսկոպիաձին հիմունքները» դասագրքից
 
 
 
Հուսով եմ՝ նյութն օգտակար էր։
 
 
Հարգանքով՝
 
Լիդա Մելիքյան, մաշկաբան, «Վիգմոր» Բժշկական կենտրոն

Հղումներ
  1. Cheng, H., Oakley, A., & Rademaker, M. (2014). Change in a child’s naevus prompts referral to a dermatology service. Journal of primary health care, 6(2), 123–128.

  2. Hurwitz, R. M., & Buckel, L. J. (2011). Signature nevi: individuals with multiple melanocytic nevi commonly have similar clinical and histologic patterns. Dermatology practical & conceptual, 1(1), 13–17. https://doi.org/10.5826/dpc.0101a04

  3. Kittler, H., Seltenheim, M., Dawid, M., Pehamberger, H., Wolff, K., & Binder, M. (2000). Frequency and characteristics of enlarging common melanocytic nevi. Archives of dermatology, 136(3), 316–320. https://doi.org/10.1001/archderm.136.3.316

  4. Marghoob A. A. (2013). Practice gaps. Underuse of dermoscopy in assessing Spitz nevi in children : comment on “Spitz nevi: beliefs, behaviors, and experiences of pediatric dermatologists”. JAMA dermatology, 149(3), 291–292. https://doi.org/10.1001/jamadermatol.2013.1954

  5. Schaffer J. V. (2015). Update on melanocytic nevi in children. Clinics in dermatology, 33(3), 368–386. https://doi.org/10.1016/j.clindermatol.2014.12.015

  6. Siskind, V., Darlington, S., Green, L., & Green, A. (2002). Evolution of melanocytic nevi on the faces and necks of adolescents: a 4 y longitudinal study. The Journal of investigative dermatology, 118(3), 500–504. https://doi.org/10.1046/j.0022-202x.2001.01685.x

  7. Suh, K. Y., & Bolognia, J. L. (2009). Signature nevi. Journal of the American Academy of Dermatology, 60(3), 508–514. https://doi.org/10.1016/j.jaad.2008.10.056

  8. Tlougan, B. E., Orlow, S. J., & Schaffer, J. V. (2013). Spitz nevi: beliefs, behaviors, and experiences of pediatric dermatologists. JAMA dermatology, 149(3), 283–291. https://doi.org/10.1001/jamadermatol.2013.1124

OPEN-ի ընթերցանության առաջարկներ

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

"*" Ցույց է տալիս պարտադիր դաշտերը