Փոդքասթ - Սկրինինգներ և սրտի աղմուկներ
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Սահմանել անվտանգ աղմուկը
- Թվարկել անվտանգ աղմուկների չորս հիմնական կատեգորիաները
- Սովորել սկզբնական հետազոտության մասին և թե երբ ուղեգրել նեղ մասնագետների մոտ
- Ուշադրություն դարձնել այն անամնեստիկ տվյալներին, որոնք կխոսեն ՍԲԱ բարձր ռիսկի մասին
- Կատարել բոլոր անհրաժեշտ սկրինինգները
- Որոշ չափով տարբերակել սրտի անվտանգ(ֆունկցիոնալ) և վտանգավոր(ախտաբանական) աղմուկները
- Տարբերակել, թե որ դեպքերում է անհրաժեշտ երեխային ուղեգրել մանկական սրտաբանի և որ դեպքում՝ ոչ
- Ճիշտ խորհուրդներ տալ առողջ ապրելակերպի վերաբերյալ
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական սրտաբանների, սրտաբանների և նեոնատոլոգների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս փոդքասթի առաջին մասում բժիշկ Էյալ Բեն Այզեքը հարցազրույց է վարում մանկական սրտաբան բժիշկ Ջոնաթան Ունիատի հետ՝ պարզաբանելու երեխաների մոտ անվտանգ սրտային աղմուկների բնույթը։ Բժիշկ Ունիատը սահմանում է այս բարորակ աղմուկները, տարբերակում դրանք ախտաբանական աղմուկներից և դասակարգում չորս հիմնական տեսակ՝ Սթիլի աղմուկ, թոքային հոսքի աղմուկ, երակային գվվոց և վերանրակային կամ քնային զարկերակի աղմուկ։ Նա ներկայացնում է դրանց բնորոշ դրսևորումները, աուսկուլտացիայի արդյունքները և քննարկում աղմուկների սկզբնական հետազոտության գործընթացը, ներառյալ անամնեզի հավաքումը, օբյեկտիվ զննումը և հետագա հետազոտությունների անհրաժեշտության ցուցումները։ Բացի այդ, նա ուղեցույցներ է տրամադրում, թե երբ է անհրաժեշտ երեխային ուղեգրել մանկական սրտաբանի մոտ։
Փոդքասթի երկրորդ մասում մենք զրուցում ենք մանկական սրտաբան բժիշկ Հասմիկ Մինասյանի հետ սրտի բնածին արատների սկրինինգների, սրտային աղմուկների տարբերակման և երեխաների սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերի մասին։ Նա ընդգծում է մանրակրկիտ անամնեզի հավաքման, համապատասխան սկրինինգների անցկացման և ուղեգրման ցուցումների կարևորությունը։ Բացի այդ, քննարկվում է առողջ ապրելակերպի դերը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերի նվազեցման և երկարաժամկետ սրտի առողջության պահպանման գործում, ինչը նպաստում է ավելի առողջ հասարակության ձևավորմանը։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Ջոնաթան Ունիատ
Ջոնաթան Ունիատը մանկական սրտաբան և էլեկտրաֆիզիոլոգ է, ով աշխատում է որպես պրոֆեսոր Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Նա ստացել է իր բժշկական կրթությունը Լոմա Լինդայի համալսարանի բժշկական դպրոցում, այնուհետև շարունակել է կլինիկական օրդինատուրան, ֆելլոուշիփը և առաջադեմ էլեկտրաֆիզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցում: Դոկտոր Ունիատի հետազոտական հետաքրքրությունները ներառում են հետվիրահատական առիթմիաները և իոնային անցուղիների գենետիկական խանգարումները:

Բժ․ Հասմիկ Մինասյան
Հասմիկ Մինասյանը մանկական սրտաբան է, Հ ԱՆ խորհրդական մանկական սրտաբանության գծով, ով մասնագիտացել է նորածինների և մանկական սրտաբանության ոլորտում։ Նա ստացել է իր բժշկական կրթությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնուհետև շարունակել է կլինիկական օրդինատուրան «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, «Վարդանանց» ԲԿ-ում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» ԲԿ-ներում՝ որպես մանկական սրտաբան և խորհրդատու։ Նա նաև միջազգային փորձ ունի, մասնավորապես՝ 2024 թվականին որպես կամավոր աշխատել է Իրաքի Imam Zain Abedin հիվանդանոցում՝ սրտի բնածին արատով երեխաների հետվիրահատական ինտենսիվ թերապիայի թիմում։ Բժշկական կրթության և պրակտիկայի ընթացքում Հասմիկ Մինասյանը շարունակաբար մասնակցել է միջազգային վերապատրաստումների և գիտաժողովների՝ ձեռք բերելով նոր հմտություններ սրտի բնածին արատների ախտորոշման և բուժման ոլորտում։ Նա վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Իտալիայի և այլ երկրների առաջատար բժշկական կենտրոններում՝ ուսումնասիրելով սրտի վիրահատված երեխաների ինտենսիվ բուժման արդի մեթոդները։ Նա ունի Speckle Tracking Advanced Echocardiography հետազոտություն իրականացնելու փորձ, ինչը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ գնահատել սրտի աշխատանքի խանգարումները։ Բացի իր կլինիկական գործունեությունից, Հասմիկ Մինասյանը ակտիվորեն ներգրավված է գիտական աշխատանքներում և բժշկական կոնֆերանսներում՝ ներկայացնելով հետազոտություններ սրտի վիրահատական միջամտությունների և ախտորոշման նորարարական մեթոդների վերաբերյալ։ Նրա աշխատանքները ներառում են «Ֆոնտեն և Կավաշիմա վիրահատության արդյունքները Հայաստանում» և «Աորտայի Ա տիպի շերտազատման սեռային տարբերություններ» թեմաներով հետազոտությունները։