Զուգարանային վարժանք
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Տալ «Զուգարանային վարժանքի» սահմանումը
- Դասակարգել պատրաստականության նշաններն ու զարգացման հմտությունները
- Կիրառել վարժանքի տարատեսակ մեթոդները
- Հարմարեցնել վարժանքի մեթոդներն առանձին պոպուլյացիաներին
- Տարբերակել անկղապահությունը
Թիրախային լսարան
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Դասընթացի նկարագրություն
«Զուգարանային վարժանքի» այս համապարփակ առցանց դասընթացը տրամադրում է առանցքային պատկերացումներ և գործնականում կիրառվող ռազմավարություններ, որ կօգնեն երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ հաղթահալու այս կարևորագույն ուղենշային փուլը: Ինչպես ներկայացված է դասախոսության նկարագրության մեջ, զուգարանային վարժանքը ենթադրում է տարատեսակ հմտությունների բարդ փոխկապակցվածություն, այդ թվում՝ խոշոր և մանր մոտորիկայի, ճանաչողության, հաղորդակցության և սոցիալական խթանների։ Այս նրբություններին տիրապետելով՝ բուժծառայություններ մատուցող մասնագետները կկարողանան ավելի արդյունավետ կերպով գնահատել երեխայի պատրաստականությունը և պատշաճ աջակցություն առաջարկել ընտանիքին։ Դասընթացն անդրադառնում է զուգարանային վարժանքի մեխանիզմներին և հնարավոր ծուղակներին՝ քննարկելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են բարդ բնավորությունը, փորկապությունը, դիսֆունկցիոնալ ծնողավարությունը և զարգացման ուշացումները։ Առանձին խմբեր, օրինակ՝ մտավոր խանգարումներ կամ աուտիստական սպեկտրի խանգարում (ASD) ունեցող երեխաները, լրացուցիչ ուշադրություն և առանձնահատուկ մոտեցումներ են պահանջում։ Այս խմբերի հետ աշխատելիս հաջողության հասնելու համար հատկապես արդյունավետ են այնպիսի ռազմավարություններ, ինչպիսիք են վարքի օրինակ ծառայելը, պարզ լեզվով խոսելն ու ամեն անգամ միայն մեկ հմտության վրա կենտրոնանալը։ Դրանից բացի, դասընթացի ժամանակ դիտարկվում են զուգարանային վարժանքի ինչպես լոկալ, այնպես էլ գլոբալ տարատեսակ մեթոդներ, ինչը թույլ է տալիս հաշվի առնել մշակութային առանձնահատկությունները տարբեր ազգության պացիենտների հետ աշխատելիս։ Մանկաբույժներին և ընտանեկան բժիշկներին զինելով այս դժվարությունները լավագույնս հաղթահարելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու գործիքակազմով՝ դասընթացը կհզորացնի նրանց, որպեսզի համապարփակ աջակցություն ու խնամք տրամադրեն և ի վերջո օգնեն հասնել զարգացման օպտիմալ մակարդակի և բարելավել երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակը»։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Թամար Նազիրյան-Չորբաջյան
Դոկտոր Թամար Նազիրյան-Չորբաջյանը կլինիկական դոցենտ է Կայզեր Պերմանենտեի Բերնարդ Ջ. Թայսոնի անվ. բժշկական քոլեջի Կլինիկական բժշկության ամբիոնում, Բարձր ռիսկի խմբի նորածինների կլինիկայի (High Risk Infant Follow-up Clinic) տնօրենը և զարգացման ու վարքի գծով մանկաբույժ Բոլդուին Փարք քաղաքի Կայզեր Պերմանենտե կլինիկայում։ Նա որակավորված է որպես զարգացման-վարքի մանկաբուժության և ընդհանուր մանկաբուժության մասնագետ։
Դոկտոր Չորբաջյանը ախտորոշում և բուժում է նյարդային զարգացման տարատեսակ խանգարումներ՝ աուտիզմ, ՈՒՊՀՀ (ADHD), ուսուցման հետ կապված խանգարումներ և զարգացման ու վարքի այլ առանձնահատկություններ՝ օգնելով ընտանիքներին խնամքի տարբեր համակարգերից ընտրել լավագույնը։ Նախքան բժշկական կրթությունը դոկտոր Չորբաջյանը բակալավրի կոչում է ստացել ֆիզիոլոգիական գիտությունների ոլորտում՝ ավարտելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Պետական քաղաքականություն և հանրային առողջապահություն բաժինը, և հանրային առողջապահության ոլորտի մագիստրոսի կոչում ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Բժշկական կրթություն ստացել է Առողջապահական գիտությունների արևմտյան համալսարանում (Օստեոպաթիկ բժշկության խաղաղօվկիանոսյան քոլեջ), իսկ օրդինատուրան անցել Կալիֆոռնիա Իրվայն համալսարանում (CHOC մանկաբուժության օրդինատուրայի ծրագիր) Նյու Մեքսիկոյի համալսարանում պրակտիկան ավարտելուց հետո։ Զարգացման-վարքի մանկաբուժության ոլորտում կրթաթոշակային վերապատրաստում է անցել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում՝ միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Զարգացման խանգարումների գերազանցության համալսարանական կենտրոնում անցնելով Մոր և մանկան առողջության բյուրոյի LEND առաջնորդության դասընթացը։ Ավելի ուշ նույն կենտրոնում նա դարձավ դասընթացավար։
Դոկտոր Չորբաջյանը հատկապես կարևորում է երեխաների շրջանում տարբեր նյարդաբանական հիվանդությունների և վարքային խնդիրների վաղ ախտորոշումը և միջամտությունը։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է առողջապահական խտրականությունները հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ, մեդիայի օգտագործման ազդեցությունը երեխաների զարգացման և վարքի վրա, ինչպես նաև աղքատության ազդեցությունը երեխաների առողջության վրա, ինչի մասին նա դասագրքի մի ամբողջ գլուխ է գրել։ Նա նաև սիրող ու նվիրված մայր է և զբաղվում է բոլոր ծնողների ու ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ։ Դոկտոր Չորբաջյանը ջանք չի խնայում՝ պայքարելով զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար՝ ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։