Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ

1 ժամ
Հայերեն, English
Credit (s)

Կրթական նպատակներ

Դասախոսության արդյունքում մասնակիցները պետք է կարողանան`

  • Նկարագրել ՈՒՊՀՀ-ի տարածվածությունն ու ախտորոշման չափանիշները  
  • Առանձնացնել դրսևորման տիպերը 
  • Տարբերել նմանակող հիվանդությունները 
  • Հասկանալ՝ որ սքրինինգային և ախտորոշիչ գործիքը կիրառել  
  • Հասկանալ միջառարկայական համագործակցության կարևորությունը ՈՒՊՀՀ-ի ախտորոշման և բուժման գործում  
  • Նկարագրել ՈՒՊՀՀ-ի արդյունավետ վերահսկման և բուժման ռազմավարությունները 

Թիրախային լսարան

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և զարգացման-վարքի մանկաբուժների համար։

Դասընթացի նկարագրություն

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ) ամենից տարածված նյարդային-զարգացման խանգարումներից մեկն է երեխաների շրջանում, որի հիմքում գործադիր ֆունկցիաների անբավարությունն է։ Մանկաբույժներն ու առաջնային բուժօգնություն տրամադրողները հաճախ կանգնած են ՈՒՊՀՀ-ն տեսնելու, ախտորոշելու և բուժելու առաջնագծում։ Այս դասընթացի նպատակն է բուժաշխատողներին աջակցելը՝ իրենց ենթակայության տակ եղած բուժառուներին ավելի լավ տարբերակելու, ախտորոշելու և բուժում իրականացնելու համար։ Մենք կքննարկենք ուղեկցող ու նմանակող հիվանդությունները և համապատասխան սքրինինգային ու զարգացման գործիքներով դուրս բերված թեթև-միջին ծանրության ՈՒՊՀՀ-ն բուժելու ռազմավարությունները։ Բուժաշխատողները պիտի կարողանան առանձնացնել ՈՒՊՀՀ-ի տարբեր տիպերը և ուղղորդել բուժառուներին ու նրանց ընտանիքներին տան ձևափոխումների, դեղորայքային բուժման և դպրոցի կողմից տրամադրվող օժանդակության հարցերում, որպեսզի բարելավվի բուժառուների վիճակը։ 

Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում

Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։

Բժ․ Թամար Նազիրյան-Չորբաջյան

Բժ․ Թամար Նազիրյան-Չորբաջյան

Դոկտոր Թամար Նազիրյան-Չորբաջյանը կլինիկական դոցենտ է Կայզեր Պերմանենտեի Բերնարդ Ջ. Թայսոնի անվ. բժշկական քոլեջի Կլինիկական բժշկության ամբիոնում, Բարձր ռիսկի խմբի նորածինների կլինիկայի (High Risk Infant Follow-up Clinic) տնօրենը և զարգացման ու վարքի գծով մանկաբույժ Բոլդուին Փարք քաղաքի Կայզեր Պերմանենտե կլինիկայում։ Նա որակավորված է որպես զարգացման-վարքի մանկաբուժության և ընդհանուր մանկաբուժության մասնագետ։
Դոկտոր Չորբաջյանը ախտորոշում և բուժում է նյարդային զարգացման տարատեսակ խանգարումներ՝ աուտիզմ, ՈՒՊՀՀ (ADHD), ուսուցման հետ կապված խանգարումներ և զարգացման ու վարքի այլ առանձնահատկություններ՝ օգնելով ընտանիքներին խնամքի տարբեր համակարգերից ընտրել լավագույնը։ Նախքան բժշկական կրթությունը դոկտոր Չորբաջյանը բակալավրի կոչում է ստացել ֆիզիոլոգիական գիտությունների ոլորտում՝ ավարտելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Պետական քաղաքականություն և հանրային առողջապահություն բաժինը, և հանրային առողջապահության ոլորտի մագիստրոսի կոչում ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Բժշկական կրթություն ստացել է Առողջապահական գիտությունների արևմտյան համալսարանում (Օստեոպաթիկ բժշկության խաղաղօվկիանոսյան քոլեջ), իսկ օրդինատուրան անցել Կալիֆոռնիա Իրվայն համալսարանում (CHOC մանկաբուժության օրդինատուրայի ծրագիր) Նյու Մեքսիկոյի համալսարանում պրակտիկան ավարտելուց հետո։ Զարգացման-վարքի մանկաբուժության ոլորտում կրթաթոշակային վերապատրաստում է անցել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում՝ միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Զարգացման խանգարումների գերազանցության համալսարանական կենտրոնում անցնելով Մոր և մանկան առողջության բյուրոյի LEND առաջնորդության դասընթացը։ Ավելի ուշ նույն կենտրոնում նա դարձավ դասընթացավար։
Դոկտոր Չորբաջյանը հատկապես կարևորում է երեխաների շրջանում տարբեր նյարդաբանական հիվանդությունների և վարքային խնդիրների վաղ ախտորոշումը և միջամտությունը։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է առողջապահական խտրականությունները հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ, մեդիայի օգտագործման ազդեցությունը երեխաների զարգացման և վարքի վրա, ինչպես նաև աղքատության ազդեցությունը երեխաների առողջության վրա, ինչի մասին նա դասագրքի մի ամբողջ գլուխ է գրել։ Նա նաև սիրող ու նվիրված մայր է և զբաղվում է բոլոր ծնողների ու ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ։ Դոկտոր Չորբաջյանը ջանք չի խնայում՝ պայքարելով զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար՝ ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։