Փոդքասթ - Արյուն կղանքում
Կրթական նպատակներ
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Հասկանալ երեխաների մոտ հեմատոշեզիայի դիֆերենցիալ ախտորոշումը
- Սովորել հեմատոշեզիայի առավել տարածված պատճառների նախնական քննությունը
- Հասկանալ երեխաների մոտ հանդիպող հեմատոշեզիայի դեպքերը գաստրոէնտերոլոգիական նեղ մասնագետներին ուղղորդելու չափանիշները
- Տարբերակել երեխաների կղանքում արյան առկայության հիմնական տեսակները
- Ներկայացնել արյունային կղանքի հիմնական էթիոլոգիական պատճառները՝ ըստ տարիքային խմբերի
- Ճանաչել կյանքին վտանգ սպառնացող և անհապաղ միջամտություն պահանջող վիճակները
- Տարբերակել առավել հաճախ հանդիպող վիրաբուժական, ինֆեկցիոն և բորբոքային պատճառները
- Գնահատել «կարմիր դրոշակ» հանդիսացող կլինիկական նշանները
- Կիրառել ճիշտ ախտորոշիչ ալգորիթմ և ընտրել առավել ինֆորմատիվ հետազոտությունները
- Ձևավորել ժամանակին ուղղորդման և բուժման սկզբունքների վերաբերյալ կլինիկական մտածողություն
Թիրախային լսարան
Այս առցանց դասընթացը նախատեսված է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական գաստրոէնտերոլոգների համար։
Դասընթացի նկարագրություն
Երեխաների կղանքում արյան առկայությունը մանկաբուժական պրակտիկայում հաճախ հանդիպող, սակայն բազմազան պատճառագիտություն ունեցող ախտանիշ է, որը կարող է դրսևորվել ինչպես բարորակ, այնպես էլ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների դեպքում։ Այս թեմային է նվիրված դասախոսության առաջին հատվածը, որտեղ դոկտոր Էյալ Բեն-Այզեքին միանում է դոկտոր Փրաշանթի Կանդավելը՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի մանկական գաստրոէնտերոլոգը, ներկայացնելու նորածինների և փոքր երեխաների մոտ հեմատոշեզիայի (արյունային կղանքի) պատճառների և վարման համապարփակ մոտեցումները։
Զրույցի ընթացքում քննարկվում են արյունային կղանքի առավել տարածված պատճառները՝ հետանցքային ճաքերը, սննդային սպիտակուցով հարուցված ալերգիկ պրոկտոկոլիտը, սննդային սպիտակուցով հարուցված էնտերոկոլիտի համախտանիշը (FPIES), վարակային կոլիտը, մանկական պոլիպները, Մեկելի դիվերտիկուլը և բորբոքային աղիքային հիվանդությունները (IBD)։ Դոկտոր Կանդավելը ներկայացնում է ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, շեշտադրում կլինիկական պատմության, սննդային փոփոխությունների գնահատման և նպատակային հետազոտությունների նշանակությունը, ինչպես նաև անդրադառնում այն իրավիճակներին, երբ անհրաժեշտ է բուժառուին ուղղորդել համապատասխան մասնագետի։ Դասախոսության երկրորդ հատվածում Հայկական ակնաբուժության նախագծի հանրային կապերի և հանրային կրթության տնօրեն Թամար Մինասյանը քննարկումը շարունակում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Քնարիկ Սուքիասյանի հետ։ Քննարկվում են երեխաների կղանքում արյան առկայության հիմնական կլինիկական ձևերը, տարբեր տարիքային խմբերում հանդիպող պատճառները, «կարմիր դրոշակ» համարվող ախտանիշները, ինչպես նաև առավել կարևոր ախտորոշիչ հետազոտություններն ու կլինիկական մոտեցումները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նեոնատալ, ալերգիկ, ինֆեկցիոն, բորբոքային և վիրաբուժական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշմանը, ինչպես նաև անհապաղ բուժօգնություն պահանջող վիճակների ժամանակին ճանաչմանը։ Դասախոսությունը նպատակ ունի զարգացնել մանկաբույժների և կլինիկական օրդինատորների կլինիկական մտածողությունը, նպաստել ճիշտ ախտորոշիչ ալգորիթմների ընտրությանը և բարելավել մանկական բուժառուների խնամքի որակը։ Թեման հատկապես կարևոր է մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական գաստրոէնտերոլոգների և կլինիկական օրդինատորների համար, ովքեր իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ առնչվում են երեխաների մոտ ստամոքս-աղիքային տրակտից արյունահոսության տարբեր դրսևորումների գնահատման և կառավարման հետ։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս դասընթացը Հայաստանում դեռևս ՇՄԶ կրեդիտավորված չէ։ Այս պահին Ձեզ չի տրամադրվի վկայական, նույնիսկ եթե հաջողությամբ հանձնեք էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը։
Բժ․ Փրաշանթի Կանդավելը
Դոկտոր Փրաշանթի Կանդավելը մանկական գաստրոէնտերոլոգ է և Որակի բարելավման առաջատար Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքում: Նա ծառայում է որպես Մանկաբուժության կլինիկական պրոֆեսոր Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Քեք բժշկական դպրոցում: Դոկտոր Կանդավելը ստացել է իր բժշկական կրթությունը Ռոզալինդ Ֆրանկլինի համալսարանում, որից հետո անցել է մանկաբուժական ռեզիդենտուրա և մասնագիտացում Մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման ոլորտում Միչիգանի համալսարանում: Նա հավաստագրված է Մանկաբուժության ոլորտում Ամերիկյան Մանկաբուժության խորհրդի կողմից:
Բժ. Քնարիկ Սուքիասյան
Քնարիկ Սուքիասյանը մանկաբույժ է՝ ավելի քան յոթ տարվա մասնագիտական փորձով մանկաբուժական անհետաձգելի օգնության ոլորտում։ 2018 թվականից աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Անհետաձգելի բուժօգնության և ընդունարանի բաժանմունքում, որտեղ իրականացնում է երեխաների առաջնային զննում, ախտորոշում և անհետաձգելի բուժօգնություն։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են մանկական սուր հիվանդությունների կառավարումը, վաղ ախտորոշումը և հիվանդակենտրոն խնամքի ապահովումը։ Բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով Ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրի (2014) և մագիստրոսի (2016) ծրագրերը, այնուհետև մասնագիտանալով մանկաբուժության ոլորտում (2019)։ Քնարիկ Սուքիասյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին, առանձնանում է թիմային աշխատանքի, արագ կողմնորոշման, ինչպես նաև երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններով։