Փոդքասթ – Դաունի համախտանիշ
Կրթական նպատակներ
Փոդքասթը լսելու արդյունքում մասնագետները կկարողանան՝
- Չնայած ֆենոտիպային որոշ տարբերությունների, բազմաթիվ բնութագրող ախտանիշներով կասկածել/ախտորոշել համախտանիշը
- Ապահովել / իրականացնել առողջության հսկողությանը 0-12 ամս. հասակը
- Ապահովել / իրականացնել առողջության հսկողությանը 1-5 տարեկան հասակը (վաղ մանկություն)
- Ապահովել / իրականացնել առողջության հսկողությանը 5-13 տարեկան հասակը (ուշ մանկություն)
- Ապահովել / իրականացնել առողջության հսկողությանը 13-18 տարեկան հասակը կամ ավելի մեծ (դեռահասություն մինչև վաղ հասունություն)
- Ուղղորդել վաղ միջամտության ծառայություններ
- Ներկայացնել ծնողներին վարման ընդունված մոտեցումները
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է առաջնային օղակի մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար:
Դասընթացի նկարագրություն
«Դաունի համախտանիշ» փոդքասթում անդրադարձ է կատարվում քրոմոսոմային քննությամբ ախտորոշված այս երեխաների առողջության հսկողությանը: Չնայած նրան, որ մանկաբույժի նախնական շփումը երեխայի հետ սովորաբար սկսվում է նեոնատալ/վաղ մանկության շրջանում, արդեն իսկ հղի կնոջը, ում նախածննդյան շրջանում դրվել է «Դաունի համախտանիշ» ախտորոշումը, երեխայի վիճակի մասին ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն և գենետիկական խորհրդատվություն է տրամադրվում: Հետևաբար, այս փոդքասթը առաջարկում է խորհուրդներ երեխաների առողջության հսկողությանը և նաև այս իրավիճակի համար: Հաշվի առնելով Դաունի համախտանիշի հանդիպման հաճախությունը, այս երեխաների բազմաթիվ շեղումները, խնդիրները, որը պայմանավորված է լրացուցիչ գենետիկ նյութի առկայությանմբ՝ 21-րդ քրոմոսոմի տրիսոմիայով, առողջության հսկողությունը և վաղ միջամտության կարևորությունը` տվյալ փոդքասթը կարևոր ինքնակրթության նյութ է, որի թիրախային լսարանը ոչ միայն առաջնային օղակի մանկաբույժներն են և բուժ. քույրերը, այլ նաև ընտանեկան բժիշկները, էնդոկրինոլոգները, ակնաբույժները, վերականգնողաբանները և այլ մանկական մասնագետները: Չնայած Դաուն համախտանիշի համար բուժում չկա, առողջության հսկողությունը և վաղ միջամտության ծառայությունները կարող են դրականորեն ազդել երեխայի զարգացման և սոցիալիզացիայի վրա:
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ. Գայանե Զաքարյան
Բժիշկ Գայանե Զաքարյանը «ԱրԲեՍ» ԱԿ Վերականգնողական ծառայության ղեկավարն է 1999թ.-ից: Երեխայի զարգացման վերականգնման նրա փորձը հիմնված է սեփական կլինիկական մանկաբուժական երկարամյա պրակտիկայի վրա: Բժիշկ Զաքարյանն ակտիվորեն ներգրավված է եղել ՏԵՄՊՈՒՍ ծրագրում՝ Հայաստանում աշխատանքային թերապիայի ներդրման եւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում օկուպացիոն թերապիայի ամբիոնի ստեղծման եւ ուսումնական ծրագրի ձեւավորման գործում: ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական վերականգնողական ամբիոնների պրոֆեսոր է: Նա 1996թ.-ից Ուղեղային կաթվածի եւ զարգացման բժշկության ամերիկյան ակադեմիայի (AACPDM) միջազգային թղթակից անդամ է: Բժշկի կոչումը ստացել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Վերապատրաստվել է Միչիգանի համալսարանական հիվանդանոցի մանկական վերականգնողական բաժանմունքում: