Փոդքասթ – Կիստոզ ֆիբրոզ
Կրթական նպատակներ
Այս դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝
- Ծանոթանալ կիստոզ ֆիբրոզի կյամ մուկովիսցիդոզի պաթոֆիզիլոգիային, գենետիկային և գիտության նոր զարգացումներին
- Ճանաչել մուկովիսցիդոզի ախտանիշները, հատկապես տարբեր տարիքային խմբերում
- Ճանաչել մեծահասակների մուկովիսցիդոզը
- Ծանոթանալ մուկովիսցիդոզի բուժման նորագույն մոտեցումներին և մարտահրավերներին
- Կողմնորոշվել ում, երբ և որտեղ ուղղորդել
Թիրախային լսարան
Փոդքասթը նախատեսված է առաջնային օղակում աշխատող մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, թոքաբանների, նեոնատոլոգների համար:
Դասընթացի նկարագրություն
Այս փոդքաստը միտված է բժիշկների, բուժաշխատողների, ինչու չէ` նաև բուժառուների ուշադրությունը կրկին հրավիրել կիստոզ ֆիբրոզի կամ մուկովիսցիդոզ խնդրի վրա։ Հիվանդության ախտորոշումը շատ անգամ խնդրահարույց է, և հիմնական պատճառներից է նաև ցածր տեղեկացվածությունը։ Այսօր գրանցվում են հիվանդության ոչ միայն թեթև, այլ ծանր դեպքերի ախտորոշում հասուն տարիքում, որը մարտահրավեր է կրկին և կրկին խոսել մուկովսիցիդոզի, դրա արտահայտումների, այն հիվանդությունների մասին, որոնց դիմակով շատ անգամ քողարկվում է մուկովիսցիդոզը՝ բերելով սխալ և ուշ ախտորշումների։
Փոդքաստը հնարավորություն է տալիս խոսել նաև մուկովիսցիդոզի ախտորոշման առաջընթացի, նոր հեղափոխական դեղամիջոցների և բուժման ժամանակ կիրառվող սարքավորումների ու մեթոդների մասին։
Գիտելիքի գնահատում և ՇՄԶ կրեդիտների շնորհում
Այս էպիզոդից Հայաստանում ՇՄԶ կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել էջի վերջում տեղադրված ՇՄԶ թեստը: Անցողիկ 70% հավաքելու համար Ձեզ տրվում է 3 փորձի հնարավորություն: Թեստը հաջողությամբ հանձնելու դեպքում մենք կրեդիտների հետ կապված անհրաժեշտ ողջ ինֆորմացիան կտրամադրենք ՀՀ Առողջապահության նախարարությանը և Ձեզ կտրամադրվի համապատասխան վկայական։
Բժ․ Սաթենիկ Հարությունյան
Սաթենիկ Հարությունյանը բարձրակարգ մանկաբույժ է՝ մասնագիտացած մուկովիսցիդոզի բուժման և հետազոտության մեջ: 1996թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ)՝ ԵՊԲՀ-ում շարունակել է մասնագիտանալ մանկական անեսթեզիոլոգիայում և ռեանիմատոլոգիայում: Բժ. Հարությունյանն այդ ժամանակվանից զգալի ներդրում է ունեցել ինչպես ակադեմիական, այնպես էլ կլինիկական պրակտիկայում: Ներկայումս ծառայում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, Մուկովիսցիդոզ կենտրոնի մանկաբուժական թիվ 1 կլինիկայում և փորձագիտական օգնություն ցուցաբերում իր հիվանդներին։ Նա նաև դասախոսում է ԵՊԲՀ-ի մանկաբուժության թիվ 1 ամբիոնում՝ իր գիտելիքները փոխանցելով հաջորդ սերնդի գործընկերներին: Բժ. Հարությունյանը բեկումնային հետազոտություն է իրականացրել՝ ուսումնասիրելով մուկովիսցիդոզի ֆենոտիպ-գենոտիպային առանձնահատկությունները հայկական պոպուլյացիայում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը: Հանձնառու լինելով շարունակական մասնագիտական զարգացմանը՝ նա լայնածավալ վերապատրաստում է անցել աշխարհի հայտնի բժշկական հաստատություններում, այդ թվում՝ Մոսկվայի մուկովիսցիդոզի կենտրոնում, Լոնդոնի Royal Brompton հիվանդանոցում, Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայում և այլն: Նա մի քանի հեղինակավոր բժշկական կազմակերպությունների ակտիվ անդամ է, այդ թվում՝ Մուկովիսցիդոզի համաշխարհային կազմակերպության, Ամերիկայի Թոքային միության և Եվրոպայի ռեսպիրատոր միության: Նրա օրինակելի ներդրումը արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ 2010թ.-ին ԵՊԲՀ-ի կողմից տրված շնորհակալագիրը, որը մեծարում է կրթության, գիտության և բժշկության բնագավառներում նրա անբասիր աշխատանքը: